HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Գուրոս․ Սյունիքը վավերագրողը

Լուսանկարը վավերագրում է ժամանակի դեպքերը, դեմքերը և պատմում է հեղինակի՝ լուսանկարչի մասին։ Lուսանկարիչ Գուրոսը՝ Գուրգեն Պարոնյանը, իր կյանքի մեծ մասը նվիրել է քսաներորդ դարի Սյունիքի՝ Գորիսի տարածաշրջանի վավերագրմանը։ 

Երեկ՝ օգոստոսի 30-ին, Նկարիչների միությունում տեղի ունեցավ ազգագրագետ Արգամ Երանոսյանի «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։

Գուրոսի ցուցադրվող լուսանկարները կարևոր տեղեկություններ են տալիս 1924-1934թթ. և 1960-1970-ական թվականների Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին։ Նա իր ամբողջ լուսանկարչական գործունեության ընթացքում լուսանկարել է այն ամենը, ինչն անհետանում կամ փոփոխության էր ենթարկվում. բնակավայրեր, որոնք խորհրդային տարիներին կիրճից տեղափոխվում էին հարթավայր, այդ ընթացքում լքվում, քանդվում էին, հուշարձաններ, որոնք ավերվում էին երկրաշարժի կամ մարդկային գործոնի հետևանքով։ 

Գուրգեն Պարոնյանը ծնվել է 1905 թվականին Գորիսում։ Նրա հայրը՝ Գևորգ Պարոնյանը, եղել է լուսանկարիչ, ուսանել է Փարիզում, որտեղից ձեռք է բերել և իր հետ բերել է լուսանկարչական սարքավորումները։ Մեկ տարեկանում Պարոնյանը կորցնում է հորը, հաջորդ տարի մահանում է նաև մայրը։ Ծնողների մահից հետո նրան խնամում են տատն ու հորաքույրը։ Իր հուշագրություններում Գուրգեն Պարոնյանը գրում է.

«Մանկական շրջանս անցավ դառնության մեջ, և ես չիմացա, թե ինչ բան է ծնողի քաղցրույթյունը, կամ քրոջ ու եղբոր համն ու հոտը։ Գուցե դրանից է, որ մինչև հիմա էլ կարոտում եմ տատիս. նա ապրեց մինչև իմ տասնվեց տարին լրացավ, հետո մեռավ 101 տարեկան հասակում»։

Լուսանկարիչ հորից ժառանգություն մնացած գրքերով ու գրառումներով, սարքավորումներով Գուրգեն Պարոնյանը սովորում է լուսանկարել, իսկ քսանմեկ տարեկանից սկսում է զբաղվել լուսանկարչությամբ։ Լուսանկարները մակագրում է որպես «Գուրոս»։ 

Գուրոսի լուսանկարների շարքերը արվել են տարբեր հետազոտական արշավախմբերի հետ համագործակցության արդյունքում. արհեստավորները նրանց աշխատանքի ընթացքում, երկրագործական աշխատանքը, հեռագնա անասնապահները, երկրաբանների չափագրումները, Գորիսի շուկայի վաճառականները։

Գուրոսի լուսանկարների ցուցադրությունը Նկարիչների միությունում բաց է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը։ Ներկայացվելու է Գուրոսի՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող սևանկարների հավաքածուից 180 լուսանկար։ Դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են։

Գլխավոր նկարում՝ Գուրոսը՝ Գուրգեն Պարոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter