HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը կասկածում է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն արդար են անցել

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված խախտումները մտահոգություններ են առաջացնում այդ ընտրությունների ազնվության վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Չնայած քվեարկության կարգավորված և ընդհանուր առմամբ արդյունավետ գործընթացին՝ արձանագրվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների չկատարում, մասնավորապես՝ ձայների հաշվարկի ժամանակ, ինչը կասկածի տակ է դնում գործընթացի ազնվությունը»,- ասված է Ստանոյի հայտարարության մեջ։

Ըստ նրա՝ Բրյուսելը նման եզրահանգումներ է անում՝ հիմնվելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցի վրա։ Առաքելության գնահատմամբ՝ ընտրություններն անցել են քաղաքական և իրավական միջավայրի սահմանափակումների պայմաններում, որոնք չեն նպաստել իրական բազմակարծությանը և հանգեցրել են մրցակցության բացակայությանը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը նաև նշել է, որ ընտրություններն անցկացվել են այլախոհների դեմ շարունակվող բռնաճնշումների ֆոնին:

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել այս և նախորդ ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները: Բրյուսելը Բաքվին առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացում։

Եվրոպական կողմի այս հայտարարությանն անդրադարձել է պաշտոնական Բաքուն։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն Х-ի իր միկրոբլոգում գրել է, թե «խորհրդարանական ընտրություններն անցել են Ադրբեջանի սահմանադրությանը լիովին համապատասխան»։

Հաջիզադեն նշել է, որ Բաքուն կոչ է անում Եվրամիությանը «գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն ուղղված կուրսի անհեռանկարային լինելը»։ «Մենք կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու իրենց կուրսի անհեռանկարայնությունը և կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին հարևան երկրում կայացել էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում նախագահ Իլհամ Ալիևի «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը և դրան աջակցող մյուս ուժերը ստացել էին խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությունը։

Ընդհանուր առմամբ այս ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների միայն 37%-ը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։

Ադրբեջանում խորհրդարանական այս ընտրություններն արտահերթ էին, քանի որ COP29-ի պատճառով դրանք անցկացվում են մի քանի ամիս շուտ։ Ի սկզբանե, դրանք պետք է կայանային 2025 թվականի հունվարին։ Ընդ որում, նոյեմբերին, երբ Բաքուն կհյուրընկալի այս գագաթնաժողովը, Ադրբեջանում կփակվեն դպրոցները, իսկ համալսարանները կանցնեն հեռավար ուսուցման։

Լուսանկարը՝ euneighbourseast.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter