HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը չի կիսում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը

Իրանի ԱԳՆ Եվրասիական դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը հանդես է եկել Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի ցանկացած փոփոխության դեմ։ Այդ մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։

Ինչպես փոխանցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ենթակա տելեգրամյան ալիքներից մեկը, իրանական կողմը երկրի արտաքին գործերի նախարարություն է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ վերջերս Մոսկվայի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին աջակցելու համար, որը, ըստ ադրբեջանական պլանների, ՀՀ Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները կապելու էր Նախիջևանի հետ։

IRNA-ն նշում է, որ Դեմիրչիլուն սեպտեմբերի 2-ին Դեդովի հետ հանդիպման ժամանակ «ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ու օրինական մտահոգությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը»:

Հուլիսի 30-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանը «Զանգեզուրի միջանցքը» «վնասակար է համարում» Հայաստանի համար և Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ իր այդ դիրքորոշմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «հենց Երևանն է սաբոտաժի ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունը»։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով հաղորդակցվելու հարցում հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում այն պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- Բաքվում Ռուսաստանի Առաջին ալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել էր Լավրովը։

Լավրովի այս հայտարարությանն անդրադարձել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հայկական կողմի պնդմամբ՝ նման արտահայտությունները կասկածի տակ են դնում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Իր հերթին Երևանը Մոսկվային կոչ էր արել սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը։

Լուսանկարը՝ Shutterstock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter