HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Նպատակ» ճարտարապետական փառատոնի նպատակները

Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ «Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնի բացման պաշտոնական արարողությունը։

Այս տարվա փառատոնին դասախոսություններով և քննարկումների շարքով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող ինը ճարտարապետական ստուդիաների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ FALA (Պորտուգալիա), (ab)Normal (Իտալիա), WOJR (ԱՄՆ), Dinelljohansson (Շվեդիա), Bajet Giramé (Իսպանիա), Lütjens Padmanabhan (Շվեյցարիա), AMUNT (Գերմանիա), Meganom (ՌԴ) ստուդիաները և HEAD – Genève (Շվեյցարիա) համալսարանը: Միջոցառումների մուտքն ազատ է:

«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին մի խումբ ճարտարապետների կողմից։ «Նպատակ»-ի հիմնադիրներն են Հայկ Շահինյանը, Կարեն Բերբերյանը, Արմեն Հակոբյանը և Արինե Քեշիշին: «Նպատակ»-ի հիմնական նպատակների մասին «Հետքը» ճարտարապետական փառատոնի բացման օրը զրուցել է նախաձեռնության համահիմնադիր, ճարտարապետ Հայկ Շահինյանի հետ։

«Մեր հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանում ճարտարապետական կրթության զարգացումն է։ Փառատոնը միջազգային կապեր է հաստատում, ապահովում է գիտելիքի փոխանակում։ Պրակտիկ մասը ամառային ստուդիան է, որտեղ մասնակիցները աշխատում են իրական նախագծերի վրա։ Հայաստանում այս նոր կրթական ճարտարապետական միջավայրը, հույս ունենք, որ ապագայում ֆիզիկական տեսք կստանա՝ նոր ճարտարապետական ծրագիր կամ ճարտարապետական դպրոց»։ Հայկ Շահինյանը պատմեց նաև, թե ինչպես են հրավիրյալ արտասահմանյան ճարտարապետական ստուդիաները ընտրվում, և թե ինչն է նրանց գրավում Հայաստանում։

«Մենք ունենք նախապես ընտրված ցուցակ՝ ճարտարապետական միջազգային ստուդիաների, որոնց ուզում ենք հրավիրել և ըստ դրա՝ դիմում ենք իրենց։ Իրենք հեղինակավոր ճարտարապետական ստուդիաներ են, և մենք չենք կարող տրամադրել այն ֆինանսները, որին սովոր են։ Հիմնականում նոր փառատոնին մասնակցելու, նոր ճարտարապետական միջավայրի հետ ծանոթանալու հետաքրքրությունն է, որ բերում է նրանց Հայաստան։ Փառատոնը նաև միջավայր է, որտեղ հրավիրյալ ճարտարապետական ստուդիաները ծանոթանում, շփվում և սկսում են համագործակցել միմյանց հետ։ Օրինակ՝ անցած տարվա փառատոնից երեք ստուդիա սկսել է համագործակցել։

Իրենց արձագանքներից հասկացել ենք, որ Հայաստանը իրենց հետաքրքիր է նաև մեր կրոնական ճարտարապետությամբ՝  եկեղեցիներ, վանքեր կամ իկոնիկ հետխորհրդային պոստմոդեռն շենքերով։ Հայաստանը մի տեսակ իզոլացված  է ընդհանուր ճարտարապետական անցուդարձից, այս փառատոնով մենք հույս ունենք ինչ-որ կերպ լրացնել այդ բացը»,- պատմում է Հայկ Շահինյանը։

Ճարտարապետական փառատոնի բացման առաջին բանախոսները Bajet Giramé (Իսպանիա) ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներն էին, որոնց ներկայացրեց «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիր Մերուժան Մինասյանը։

Bajet Giramé ստուդիան հիմնադրվել է 2017թ.-ին Բարսելոնայում։ Այն համագործակցային հարթակ է, որը մշակում է բազմատեսակ նախագծեր։ Նրանք համատեղում են մասնագիտական գործունեությունը հետազոտականի և ակադեմիականի հետ։ Ճարտարապետական դիզայնն օգտագործում են որպես հետազոտման գործիք՝ բացահայտելու համար նոր գիտելիքներ։ 2024թ.-ին Bajet Giramé ստուդիայի «Alfacs» հանգստյան գոտու նախագիծը հաղթող է ճանաչվել FAD City and Landscape մրցույթում։ Ստուդիայի հիմնադիրներ Մարիա Գիրամը և Պաու Բաջետը դասավանդում են Իսպանիայում։

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Common Ground-ում տեղի կունենա պանելային քննարկում։ Համադրող և քննադատ Վլադիմիր Բելոգոլովսկին կզրուցի հրավիրյալ ճարտարապետների հետ: Բելոգոլովսկին դասավանդել է աշխարհի 30 երկրների համալսարաններում: Նա գրում է «ArchDaily»-ի, «The Architect's Newspaper»-ի, «Arquitectura Viva»-ի, «AZURE»-ի և «STIR»-ի համար:

«Նպատակ» միջազգային ճարտարապետական փառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter