HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը պնդում է, որ Իսրայելին պատասխան հարված է հասցնելու

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալի Աբդոլահին հայտարարել է, որ Իսրայելը չպետք է կասկածի հարված հասցնելու հարցում Իրանի վճռականությանը՝ ի պատասխան Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության:

«Սիոնիստական վարչակարգը (այսպես է Իրանն անվանում Իսրայելը) չպետք է հույս ունենա, որ Իրանը չի պատասխանի այդ ոճրագործությանը <...>, քանի որ Իսլամական Հանրապետությունն ապացուցել է, որ պատրաստ է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները՝ ի պատասխան իր հող և տարածքային ջրեր թշնամիների ներխուժման»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ նշել է Աբդոլահին։ 

Իրանցի գեներալը հավելել է, որ պատասխան հարված հասցնելու ժամանակը որոշելու են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և երկրի ռազմական բարձրագույն հրամանատարությունը:

Դեռ օգոստոսի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախուսազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ Իսրայելն անխուսափելիորեն Իրանից պատասխան կստանա Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությանը կլինի մոտալուտ, ճշգրիտ և մտածված: Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման, չնայած և չի վախենում դրանից»,- Արաղչիի խոսքերը մեջբերել էր Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրումը սկսվեց հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Հեզբոլահի զինված կազմավորումների հրամանատար Ֆուադ Շուքերը, ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆը:

Իրանը մտադիր է Իսրայելի վրա հարձակվել մի շարք խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլահի և Եմենի հութիների հետ։ Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Իսրայելին հարվածներ կհասցվեն Իրանից, Եմենից և Լիբանանից։ Նրա խոսքով՝ Հեզբոլահն ունի հրթիռային զենքեր, որոնք «մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում» կոչնչացնեն իսրայելական մի քանի ռազմական գործարաններ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter