
Դուրովն իր հասցեին Ֆրանսիայի իշխանությունների մեղադրանքը «սխալ մոտեցում է» անվանել
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հրապարակել է առաջին հայտարարությունն այն բանից հետո, երբ օգոստոսի վերջին Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրանք առաջադրեցին կազմակերպված հանցավորության հետ կապված մի քանի հոդվածներով:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը նրան հարցաքննել Է Փարիզ ժամանելուց հետո 4 օրվա ընթացքում։ Մասնավորապես, նրան ասել են, որ ինքը կարող է անձնական պատասխանատվություն կրել այլ մարդկանց կողմից մեսենջերի ապօրինի օգտագործման համար, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները Telegram-ից պատասխաններ չեն ստացել:
Դուրովն այդ մեղադրանքները զարմանալի է անվանել։ «Եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, հաստատված պրակտիկան հենց ծառայության դեմ դատական հայց սկսելն է»,- հայտարարել է Դուրովը՝ հավելելով, որ գլխավոր տնօրենին հարթակում երրորդ անձանց կողմից հանցագործությունների իրականացման համար մեղադրելը, «սխալ մոտեցում է»։
«Գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռություն հաստատելը հեշտ գործ չէ: Դուք պետք է համաձայնեցնեք գաղտնիության մասին օրենքները իրավապահ մարմինների պահանջների հետ, իսկ տեղական օրենքները՝ ԵՄ օրենքների հետ: Դուք պետք է հաշվի առնեք տեխնոլոգիական սահմանափակումները: Որպես հարթակ, դուք ցանկանում եք, որ ձեր գործընթացները համաձայնեցված լինեն ամբողջ աշխարհում, ինչպես նաև երաշխավորեն, որ դրանք չեն չարաշահվի օրենքի թույլ գերակայություն ունեցող երկրներում: Մենք ձգտում ենք համագործակցել կարգավորող մարմինների հետ՝ ճիշտ հավասարակշռություն գտնելու համար: Այո՛, մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին. մեր փորձը ձևավորվում է ավտորիտար վարչակարգերում մեր օգտատերերին պաշտպանելու մեր առաքելության կողմից: Բայց մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար»,- շարունակել է Դուրովը։
Դուրովը խոսել է նաև Ռուսաստանից դուրս գալու ընկերության պատճառների և Իրանում Telegram-ի արգելափակման մասին։ «Երբեմն մենք չենք կարողանում գաղտնիության և անվտանգության միջև ճիշտ հավասարակշռության վերաբերյալ համաձայնության գալ կոնկրետ երկրի կարգավորող մարմնի հետ: Նման դեպքերում մենք պատրաստ ենք լքել այդ երկիրը։ Մենք դա արել ենք բազմիցս: Երբ Ռուսաստանը մեզանից պահանջեց փոխանցել «գաղտնագրման բանալիները»՝ վերահսկողություն ապահովելու համար, մենք հրաժարվեցինք, և Telegram-ն արգելվեց Ռուսաստանում: Երբ Իրանը մեզանից պահանջեց արգելափակել խաղաղ ցուցարարների ալիքները, մենք մերժեցինք, և Իրանում Telegram-ն արգելվեց: Մենք պատրաստ ենք հեռանալ այն շուկաներից, որոնք անհամատեղելի են մեր սկզբունքների հետ, քանի որ մենք դա չենք անում հանուն փողի։ Մեզ մղում է բարին բերելու և մարդկանց հիմնական իրավունքները պաշտպանելու մտադրությունը, հատկապես այն վայրերում, որտեղ խախտվում են այդ իրավունքները»,- ընդգծել է Դուրովը։
Լուսանկարը՝ Steve Jennings/Getty Images for TechCrunch
Մեկնաբանել