
Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 2024-25 թթ. խաղարկությունում մեկնարկեց Լատվայի ընտրանու դեմ տարած 4:1 հաշվով հաղթանակով: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Առաջին խաղակեսն անցավ մեր ընտրանու տարածքային և խաղային առավելությամբ: Հանդիպման հենց սկզբում Հայաստանի հավաքականը արագ գոլով առաջ անցավ հաշվի մեջ. 6-րդ րոպեին Նաիր Թիկնիզյանի՝ ձախ եզրից կատարած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Վահան Բիչախչյանը: Սակայն մեր հավաքականի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 9-րդ րոպեին Լատվիան հավասարեցրեց հաշիվը. անկյունայինի խաղարկման արդյունքում Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 35-րդ րոպեին ինքնագոլով աչքի ընկավ նաև Լատվիայի ընտրանին. Կասպարս Դուբրան դարպասապահին փոխանցում կատարելիս դարձավ ինքնագոլի հեղինակ: Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսը ևս մեկնարկեց Հայաստանի հավաքականի խփած արագ գոլով. 48-րդ րոպեին աչքի ընկավ Լուկաս Սելարայանը: 86-րդ րոպեին մեր ընտրանու խաղացողները հաշիվը դարձրին խոշոր. գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը և դրեց հանդիպման վերջակետը:
Հայաստանի և Լատվիայի հետ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 4-րդ խմբում ընդգրկված Ֆարերյան կղզիների և Հս. Մակեդոնիայի հավաքականներն այսօր ավելի վաղ 1:1 հաշվով ոչ-ոքի էին խաղացել:
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 10-ին՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Մեկնաբանել