
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս հարթակ տրամադրել Ալմաթիում Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար: Այդ մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Երկրի ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմաթիում հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- ասված է ղազախական կողմի հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունն էլ փոխանցում է, որ Ալիևը դրական է վերաբերվել այս առաջարկին՝ նշելով, որ դա ընդունելի է Բաքվի համար։
Ալիևն ու Տոկաևը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական ու մշակութային-մարդասիրական համագործակցությունը։ «Նախագահն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում Ադրբեջանի մշակույթի օրերի անցկացման կարևորությունը՝ երկու երկրների ժողովուրդների հետագա մերձեցման համար: Բացի այդ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր գործընկերոջը խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, որին հետևել են նաև Ղազախստանի ներկայացուցիչները»,- նշում է ղազախական կողմը։
Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է այսուհետ ևս ջանքեր գործադրել Աստանայի հետ երկկողմ հարաբերությունների ողջ համալիրում համագործակցության հետագա ամրապնդման համար:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը բանակցություններ էին վարել՝ երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու ուղիներ գտնելու համար: Ղազախական կողմը հայտարարել էր, որ այս բանակցություններում Աստանան միջնորդ կողմ չի հանդիսանում, սրանք բանակցություններ են Երևանի ու Բաքվի միջև։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել