
Նեթանյահուն պնդում է, թե անում է ամեն ինչ գերիներին ազատ արձակելու համար
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ամեն ինչ անում է Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման նկատմամբ հաղթանակի համար:
«Ամեն ինչ անում եմ առևանգվածներին վերադարձնելու և պատերազմում հաղթելու համար»,- իսրայելցիներին ուղղված իր տեսաուղերձում հայտարարել է իսրայելական կառավարության ղեկավարը։ «Ես լսում եմ առևանգվածների ընտանիքների ճիչը, որոնք կորցրել են ամենաթանկը»,- շարունակել է նա։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված մարտիկների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի անդամները գերեվարել էին նաև իսրայելցի ավելի քան 240 պատանդների։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց պաղեստինյան այդ անկլավի տարածքում՝ հայտարարելով ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման իր մտադրության մասին: Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են մինչ օրս՝ ամեն օր դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ տալ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր: Ըստ նրա ու իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանական են»։ Նրա խոսքով՝ ՄՔԴ դատախազությունը ապացույցներ է հավաքել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Նեթանյահուն և Գալանտը պատասխանատվություն են կրում Գազայի հատվածում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների համար:
Նույն Քարիմը Խանը կոչ էր արել բավարարել նաև պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության երեք անդամների՝ քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի և երկու այլ առաջնորդների ձերբակալման օրդեր տալու իր պահանջը։ Այդ երկու այլ առաջնորդներն ավելի վաղ սպանված Մուհամեդ ադ Դեյֆն ու Իսմայիլ Հանիան էին։
Լուսանկարը՝ AP Photo/Ohad Zwigenberg, Pool
Մեկնաբանել