HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քանի դեռ ուկրաինական զորքերը ՌԴ տարածքում են, բանակցություններ չեն լինի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն, որն այժմ զբաղեցնում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններն անհնար են այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են ռուսական տարածքում:

«Քանի դեռ մենք նրանց դուրս չենք շպրտել մեր տարածքից, մենք, բնականաբար, նրանց հետ որևէ բանակցությունների մասին խոսք չենք վարի»,- Meduza-ի փոխանցմամբ՝ «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն «ցանկություն և ձգտում ուներ վերցնել Կուրսկի ատոմակայանը», որպեսզի «միջուկային ահաբեկչություն իրականացնի»: «Դա, բարեբախտաբար, չի հաջողվել»,- հավելել է Շոյգուն:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան ծրագրում է անորոշ ժամկետով շարունակել Ռուսաստանի Կուրսկի մարզի գրավված տարածքների բռնազավթումը։ Նրա խոսքով՝ տարածքների պահպանումը «հաղթանակի ծրագրի» մի մասն է։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել էր, որ Կիևը մտադիր չէ բռնակցել ռուսական գրավված տարածքները:

«Մեզ պետք չէ նրանց հողը, մենք չենք ցանկանում այնտեղ ուկրաինական կենսակերպ բերել»,- նշել էր Զելենսկին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը հրաժարվել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են գրավել Ռուսաստանի այլ բնակավայրեր:

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտական գործողություններն սկսել էին օգոստոսի կեսերին։ Սեպտեմբերի սկզբի դրությամբ ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ է գտնվում ՌԴ-ի ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք։

Լուսանկարը՝ Alexander Kazakov/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter