HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականությունը հիշում է քո դեմքը. ինչպես են Մերձավոր Արևելքում պայքարում զեղծարարների դեմ

Դուբայում հիմնադրված ու Մերձավոր Արևելքում մեծ ճանաչում վայելող Careem ընկերությունը 2012 թվականին աշխատանքը սկսեց որպես ուղևորափոխադրման բիզնես: Հիմա դրանով հնարավոր է լուծել տեղաշարժվելու, սնունդ ու տարբեր ապրանքներ պատվիրելու, վճարումներ կատարելու և այլ հարցեր: Ընկերությունում շուրջ 2.5 մլն «կապիտան» է աշխատում։ «Կապիտանները» նրանք են, ովքեր վարում են տաքսիներ, մթերք են առաքում և այլ ծառայություններ մատուցում: Այստեղ, սակայն, քիչ չէ նաև զեղծարարների քանակը. ծառայությունները վատ մատուցելու պատճառով կապիտանների օգտահաշիվները արգելափակվում են, որոշ մարդիկ էլ նոր հաշիվներ են ստեղծում՝ փորձելով շրջանցել ընկերության կանոնադրությամբ նախատեսված դրույթները։ 

Անդրեյ Լուկյանենկոն «Դատաֆեստ 2024»-ի բանախոսներից է։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, 2017 թվականից աշխատում է որպես տվյալագետ։ Հայաստան է եկել, որ պատմի, թե ինչպես են պայքարում նման զեղծարարների դեմ, ու ինչով է օգնում արհեստական բանականությունը։

«Այս նախագիծը սկսվել է ավելի քան մեկ տարի առաջ: Նախնական գաղափարը հայտնվեց, երբ մենք նկատեցինք, որ որոշ կապիտաններ շատ նման լուսանկարներ ունեն: Մտածեցինք՝ միգուցե հնարավոր է հայտնաբերել նույն մարդկանց ստեղծած հաշիվները: Սկզբում վերցրինք մոտ 100 լուսանկար: Պարզվեց, որ մեր մշակած մոդելը բավականին լավ է աշխատում»,- պատմում է Լուկյանենկոն: 

Հետո որոշել են առանձին համակարգ կառուցել՝ հիմնվելով իրենց տվյալների ողջ բազայի վրա։ Այստեղ է, որ անհրաժեշտ է եղել դիմել արհեստական բանականության օգնությանը։

«Ունեինք բավականաչափ մեծ տվյալներ՝ մոտ 3 միլիոն լուսանկար, առանձին լուսանկարների հետ աշխատելը կարելի էր անել պարզ համակարգչով, բայց ամբողջ տվյալների մշակումը պահանջում էր ավելի բարդ մոդելներ և լավ տեխնիկա»,- բացատրում է տվյալագետը:

Մոդելն աշխատում է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով։ Եթե նկարներում կրկնվող դիմագծեր, առանձնահատկություններ են հայտնաբերվում, հաշիվներն արգելափակվում են, իսկ նոր գրացումների դեպքում համակարգն ուղղակի թույլ չի տալիս հաշիվ ստեղծել։ 

«Անչափ կարևոր է կանխել նման դեպքերը, քանի որ դրանք հաճելի չեն որևէ մեկի համար. տուժում են թե՛ հաճախորդները, թե՛ բիզնեսը»,- ընդգծում է Լուկյանենկոն:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter