
«Ես հաստատ չեմ ակնկալում մեղադրական վերդիկտ»․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Այս մասին որոշումն ընդունեց Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած դատական նիստի ժամանակ։
Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:
Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Ամբաստանյալի աթոռին է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը, նա մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։
Այսօրվա նիստին հանրային մեղադրող Արմեն Գևորգյանը ներկա չէր, քանի որ արձակուրդում էր գտնվում, սակայն գրավոր տարբերակով դատարանին էր ներկայացրել իր միջնորդությունը՝ Արուսյակ Ալքեսանյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Ըստ հանրային մեղադրողի՝ ապագայում հնարավոր է լինի անհրաժեշտություն լրացուցիչ վկաներ հարցաքննելու կամ արդեն իսկ հարցաքննված վկաներին լրացուցիչ հարցաքննելու։ Եվ եթե Արուսյակ Ալեքսանյանն ազատվի տնային կալանքից, հնարավոր է նրանց վրա ունենա ազդեցություն։ Որպես հիմնավորում՝ դատախազը հիշատակել էր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների կողմից նախորդիվ ներկայացրած միջնորդությունը՝ լրացուցիչ վկաներին հարցաքննելու վերաբերյալ, որը մերժել էր դատարանը։
Հանրային մեղադրողը կարծում է, որ Արուսյակ Ալեքսանյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու դատարանում դեռևս չհարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու բարձր ռիսկայնություն կա, ուստի պետք է տնային կալանքը շարունակի մնալ որպես խափանման միջոց։ Նա նաև նշել էր, որ դեռևս հետազոտված չեն քրեական գործում քննչական ենթակայության հարցի վիճարկման տեսանկյունից էական նշանակություն ունեցող զննության արձանագրությունները։
Դատախազ Արմեն Գևորգյանն իր միջնորդության մեջ նշել էր նաև․ «Հաշվի առնելով Արուսյակ Ալեքսանյանին ներկայացված մեղադրանքի բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը՝ կարելի է եզրակացնել, որ մեղադրյալը գործի քննության այս փուլում կարող է ողջամտորեն ակնկալել իր նկատմամբ մեղադրական վերդիկտի կայացում, ինչն ավելի է բարձրացնում պատժի կրման մտավախությունը և կարող է բարձրացնել ինչպես քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, այնպես էլ քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելը խուսափելու նպատակ, որից խուսափելու միջոց կարող է դիտվել փախուստի դիմելու հնարավորությունը»։
Ի պատասխան հանրային մեղադրողի վերոնշյալ մտքի՝ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը հիշեցրեց դատարանին, որ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Արուսյակ Ալեքսանյանն էլ իր հերթին դիմեց դատարանին՝ ասելով․ «Ես հաստատ չեմ ակնկալում մեղադրական վերդիկտ Ձեզնից, ես ակնկալում եմ արդարամտություն և իրական արդարադատություն»։
Արուսյակ Ալեքսանյանը նշեց՝ շուրջ 2 տարի անազատության մեջ է, որից վերջին 6 ամիսը՝ տնային կալանքի տակ։ Նրա խոսքով՝ այդ տանը ինքը բնակվում է տարեց ծնողների, եղբոր և եղբոր ընտանիքի հետ, այդ թվում՝ մանկահասակ երեխա։ «Նույիսկ հասարակ, կենցաղային հարցերը մենք չենք կարողանում լուծել զուտ նրա համար, որ մեր տուն այլ անձանց մուտքը արգելված է։ Ես նեղություն եմ պատճառում իմ ընտանիքի անդամներին»,- ասաց Արուսյակ Ալեքսանյանը։
Փաստաբան Հովսեփ Սարգսյանն առարկեց հանրային մեղադրողի միջնորդության դեմ՝ նշելով, որ դատախազը գուշակությունների վրա է հիմնվում և իրական փաստեր չի հիշատակում, որոնք կարող են հիմք հանդիսանալ տնային կալանքի շարունակականության համար։ Նա հիշեցրեց տնային կալանքի երկարացման դատարանի նախորդ որոշումը, որի կայացման ժամանակ դեռ կային վկաներ, այդ թվում՝ դեպքի ժամանակ դատարանի նախագահի պաշտոնակատար հանդիսացած Գագիկ Պողոսյանը, որ չէին հարցաքննվել։ Իսկ այժմ բոլորը հարցաքննվել են, և ըստ պաշտպանի, վկաների վրա անօրինական ազդեցություն ունենալու հնարավորություն չկա։ Իսկ հանրային մեղադրողի ենթադրությունը, թե հնարավոր է հետագայում լրացուցիչ վկաներ հարցաքննելու միջնորդություն ներկայացվի, արդարացի չէ։
Պաշտպանը միջնորդեց դատարանին կիրառել այլընտրանքային խափանման միջոց 55 մլն դրամ գրավը, որը Արուսյակ Ալեքսանյանի մորը պականող տան արժեքն է։ Սարգսյանն առաջարկեց նաև գրավին համակցված կիրառել նաև երկրից բացակայելու վերաբերյալ խափանման միջոցը։
Հովսեփ Սարգսյանը դատարանին հայտնեց նաև, որ Արուսյակ Ալեքսանյանը Փաստաբանական ակադեմիայում ցանկանում է ուսում ստանալ, նա դատարանին ներկայացրեց Ակադեմիայի և Ալեքսանյանի միջև կնքված պայմանագիրը՝ նշելով, որ կալանքի տակ մնալու պարագայում անհնարին կլինի ուսում ստանալը։ Դատարանը հետաքրքրվեց, թե Արուսյակ Ալեքսանյանն ինչո՞վ է համոզված եղել, որ տնային կալանքից ազատվելու է, որ կնքել է Ակադեմիայի հետ ուսումնառության պայմանագիրը։ Հովսեփ Սարգսյանը պատասխանեց, որ Արուսյակ Ալեքսանյանը հիմնվել է դատարանի արդարամտության վրա, և այդ պայմանագրի առկայությունը կաշկանդող հանգամանք չի կարող լինել դատարանի համար։
Արուսյակ Ալեքսանյանի փաստաբան Առնոլդ Վարդանյանը ևս իր դիրքորոշմամբ հայտնեց, որ տնային կալանքի ժամկետի երկարաձգումը իրավաչափ չէ։ «Բովանդակային առումով ապացուցողական գործողությունների կատարումն, ըստ էության, ավարտված է։ Ավարտվել է դատակոչված անձանց հարցաքննությունը, նույնիսկ գործում առկա նյութերի ու ապացույցների հետազոտումը, փաստացի բացակայում են Արուսյակ Ալեքսանյանի կողմից այդ ուղղությամբ որևէ միջամտություն իրականացնելու իրական հնարավորությունները»,- ասաց նա։ Առնոլդ Վարդանյանն ընդգծեց, որ դատախազի ամբողջ միջնորդությունը հիմնված է «հնարավոր» եզրույթի օգտագործման վրա, և չկան փաստական դատողություններ։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանում տարածված մոտեցում է կալանքի վերաբերյալ որոշումներում կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը՝ առանց անհատականացնելու դրանք տվյալ գործի փաստական հանգամանքներին։ Ըստ նրա՝ նույն մոտեցումն է դրսևորվում նաև այս գործում, որտեղ դատախազը օգտագործում է այդ կարծրատիպային ձևակերպումները, այս գործով կալանքի վերաբերյալ դատավորի նախկին որոշումներում ևս կիրառվել են այդ կարծրատիպային ձևակերպումները։
Առնոլդ Վարդանյանը կարծրատիպային ձևակերպումների օրինակ է բերում՝ ասելով, որ դատարանը և դատախազը կարող են պարզաբանել, թե ինչ է նշանակում «առկա են շարունակական տնային կալանքն արդարացնող համարժեք և բավարար հիմնավորումներ»։
Ամբաստանյալ Էրիկ Ալեքսնայանը ևս նշեց, որ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված «տնային կալանք» խափանման միջոցը գրավով փոխելու անհրաժեշտություն կա։ «Չի կարող անձի ազատության իրավունքի սահմանափակումը շարունակաբար տևել՝ պայմանավորվելով դատավարության մասնակիցների՝ դատավարական իմաստով հետագայում դրսևորվող վարքագծով։ Այսինքն՝ զուտ այն իմաստով, որ դե, հնարավոր է՝ պաշտպանության կողմը վկայի հարցաքննության վերաբերյալ միջնորդություն կներկայացնի կամ դատախազը հնարավոր է նման միջնորդություն ներկայացնի։ Նման մոտեցման պարագայում կարող է ստեղծվել կամայական մոտեցում անձին շարունակական տնային կալանքի տակ պահելու վերաբերյալ»,- ասաց նա։
Դատարանը որոշեց երկարաձգել տնային կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 13-ը, սակայն թույլատրեց Արուսյակ Ալեքսանյանին շփվել այլ անձանց հետ՝ բացառությամբ այս գործին առնչվող անձանց։
Գլխավոր լուսանկարում՝ Արուսյակ Ալեքսանյանը
Մեկնաբանել