HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը

ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության և տնտեսության զարգացումը երկրում։ Այս մասին հատնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը։

«Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունն իրենց գործընկերության պատմության մեջ ևս մեկ կարևոր քայլ կատարեցին՝ ստորագրելով Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը: Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը: Այն արտահայտում է մեր հաստատակամ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին դառնալ առավել ներառական, ժողովրդավարական և տնտեսապես կայուն երկիր։ 

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», - ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Համագործակցության համաձայնագրի այսօրվա ստորագրումը երկարատև համագործակցության ևս մեկ արդյունք է։ 1992 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները  մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։ Այս նոր համաձայնագիրը նախորդների հաջողության արդյունքն է, որոնք միտված են եղել ստեղծել մրցունակ մասնավոր հատված, ինչպես նաև բարելավել կառավարումն ու առողջապահական ծառայությունները։ 

ԱՄՆ ՄԶԳ-ն իր աջակցությունը կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:

«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել  քաղաքացիների կյանքի որակը»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։  

ԱՄՆ ՄԶԳ-ն ուրախ է շարունակել Հայաստանի հետ գործընկերությունը՝ կարևոր խնդիրների լուծման և զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter