HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատելության խոսքի հիմքով վարույթները նախաձեռնվում են ըստ նպատակահարմարության

Ատելության, խտրականության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու, քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի հիմքով հարուցված քրեական վարույթներով Հայաստանի դատարաններում քննվում է 8 քրեական գործ (2024թ. հունիսի 17-ի դրությամբ): Այդ մասին «Հետք»-ին հայտնել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 8 գործից 5-ն ունեն քաղաքական ենթատեքստ կամ առնչվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), վերջինիս անդամներին կամ այդ կուսակցութան անդամ պաշտոնյաներին: Այլ կերպ ասած՝ քրեական վարույթներ են հարուցվել, քանի որ թիրախավորվել են ՔՊ-ն ու իր անդամները, համակիրները: Դատարան գնացած գործերից միայն մեկն է վերաբերում արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելուն, բռնության կոչեր հնչեցնելուն, մինչդեռ դրա պակասը համացանցում չկա: Այս հանգամանքը իրավաբանները համարում են իրավապահ մարմինների քաղաքականացված լինելու և իշխանությունների ցանկությունները կատարելու հետևանք:

Նույնիսկ իրավապահ մարմիններն իրենց հաղորդագրություններում հատուկ շեշտում են անձանց՝ Լեռնային Ղարաբաղից լինելու հանգամանքը, ինչը ևս հանրության շրջանում նրանց թիրախավորելու և բացասական ներկայացնելու ընկալում ունի:

Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հատկանիշներով 2022-2024 թթ. ընթացքում նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից 34-ը գտնվում է նախաքննության փուլում (հուլիսի 23-ի դրությամբ): Այս թվի մեջ մտնում են նաև նախկին Քրեական օրենսգրքի համապատասխան հատկանիշներով հարուցված վարույթները, որոնցով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Փաստաբանների ու իրավապաշտպանների կարծիքով՝ այդ գործերի զգալի մասն ունեն քաղաքական հնչեղություն, քանի որ ցանկանում են պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանություններին «դուր չեկող» անձանց:

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի դիտարկմամբ՝ հարկադրանքի միջոցները խտրական են ու կիրառվում են միայն ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ: Ըստ նրա՝  երբ կա հատվածական, այսինքն ընտրովի արդարադատություն, մարդկանց համար ընկալելի չէ նախատեսված պատասխանատվության նշանակությունը: Մյուս կողմից՝ նրանք, ում չի սպառնում այդ քրեական պատասխանատվությունը, ընդհանրապես որևէ կաշկանդվածություն չեն ունենում շարունակելու ատելության խոսքի տարածումը։

«Իտալացի հայտնի քրեագետ Չեզարե Լոմբրոզոն շատ լավ բնորոշել է այդ իրավիճակը՝ խիստ պատիժ սահմանելը հանցավորության կախման լավ գործիք չէ, լավ գործիք է պատժի անխուսափելիությունը։ Երբ մենք ասում ենք, որ պատգամավորի անունից կամ չգիտեմ ինչ-որ հանձնաժողովի նիստին, կամ ինչ-որ պրոիշխանական ակտիվիստ ֆեյսբուքյան էջով հստակ, շատ ակնառու ատելության խոսք է տարածում որևէ այլ խմբի նկատմամբ ու ներկայացված հաղորդման հիման վրա նույնիսկ քրեական վարույթ չի նախաձեռնված, չի կարող այդ հանցակազմի գոյությունն ինքնին արդյունավետ գործիք դառնալ ատելության խոսքի տարածման դեմ»,- ասում է Վ. Հարությունյանը: 

Նա նշեց, որ փաստաբաններից Արսեն Բաբայանը նույնիսկ հաղորդումներ է ներկայացրել մի 2 դեպքով, սակայն քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ 

«Թաթուլ Ասիրյա՞նն էր, ո՞վ էր, չեմ հիշում, որ «Ֆեյսբուք»-ով արցախցիների մասով բաներ էր գրել, հստակ ատելության խոսք էր գրել, չհարուցեցին նույնիսկ քրեական վարույթ, հիմա ես ի՞նչ պատասխանեմ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված: Պայմանավորված է նրանով, որ յուրայիններին պահում են, պայմանավորված է նրանով, որ արցախցիներին այսպես հոգեբանական տեռորի մեջ են պահում, որ հանկարծ իրենց իրավունքների վերաբերյալ բան չանեն, մի օր ոտքի չկանգնեն կամ իրենց իրավունքների մասով հետևողական վերաբերմունք ցուցաբերեն, հստակ է։ Մի ուրիշ պրոիշխանական էլ գրել էր, որ արցախցիներից ով միտինգին մասնակցում է՝ զրկենք 50 000 դրամներից։ Ատելության խոսք չէ՞, ատելության, անհանդուրժողականության, խտրականության հստակ դրսևորում է, չեն հարուցում, ուղղակի չեն հարուցում։ Բայց, օրինակ՝ Սամվել Վարդանյանը, որ իր քաղաքական գնահատականներն է տվել, ասել էր՝ ՔՊ-ական վիժվածք Հակոբ Ասլանյանին, որ Արցախը ծախեցիք և այլն, խիստ քաղաքական գնահատական է, ընդ որում, էդ խիստ քաղաքական խոսքը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, բռնեցին էդ մասով մեղադրանք առաջադրեցին, որ կարողանան տանեն կալանքի, այնքան ակնառու է այդ ամենը»,- նշում է Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանը ասում է, որ ատելության դեմ պայքարը միայն քրեական պատիժը չէ: Մարդիկ պետք է կրթվեն, հասունանան: Որպես օրինակ մատնանշում է քաղաքական  իշխանության խոսույթը, թե ինչպես են արտահայտվում ընդդիմադիրների, իրենց հայացքնեերը չկիսողների մասին:

«Նիկոլ Փաշինյանը 2021 թ. քարոզարշավի ժամանակ կանգնում, ասում է՝ ընդդիմադիրներին շինելու ենք, հիմա Նիկոլ Փաշինյանին ենթարկվող Քննչական կոմիտեն, Դատախազությունը պիտի քրեական գործեր հարուցեն իշխանականների նկատմամբ, ովքեր ատելության կամ բռնության քարոզ են անում, չէ՞»,- հավելում է փաստաբանը:

Մեկ այլ փաստաբան Արսեն Բաբայանն էլ նշում է, որ այդ 8 գործից մեկը վերաբերում է իր պաշտպանյալին՝ Անի Կարապետյանին: Նրա փոխանցմամբ՝ ատելության խոսք, բռնության խոսք, բռնության քարոզ և այլն, բոլորն ամբողջությամբ կիրառվում են բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, գործիչների նկատմամբ, մինչդեռ համացանցում և առօրյա գործունեության մեջ անդադար տեսնում են ատելության խոսքի, բռնության քարոզի մեծ չափաբաժին, որն ընդդիմությանն է ուղղված։ 

«Ակնհայտ խտրական վերաբերմունք, ակնհայտ իշխանական հովանավորչություն ունեն բոլոր այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ ատելության, բռնության քարոզ են տարածում և պատասխանատվության են կանչվում բացառապես իշխանությունների կողմից չսիրված մարդիկ»,- ավելացնում է Ա. Բաբայանը։

Փաստաբանը պատմեց, որ երկու հաղորդում է ներկայացրել իրավապահներին: Դրանցից մեկը վերաբերել է իշխանական մի քաղաքացու, որը ատելություն էր տարածում արցախցիների նկատմամբ, ինչպես նաև մի դրվագով էլ՝ դերասանուհի Անաիս Սարդարյանի նկատմամբ։ Երկրորդ հաղորդումը վերաբերել է արցախցիների հասցեին ատելություն տարածելուն:

«Հաղորդումները պատշաճ կազմել, ուղարկել եմ, ստացել եմ գրություն, որ քրեական վարույթ չի նախաձեռնվում, քանի որ Քննչականը չի տեսել այդտեղ ատելության խոսք»,- ասում է Արսեն Բաբայանը։

Փաստաբանը նշեց, որ վարույթ չնախաձեռնելու որոշումները չի բողոքարկել, քանի որ անհեռանկարային է համարել: Նրա խոսքերով՝ խտրական վերաբերմունք տեսնում են բոլոր օղակներում՝ իրավապահ, քննչական, դատական։ 

«Մենք նաև նկատի ենք ունենում, որ մինչդատական վարույթներով Երևանի դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը ձեռքով է մակագրում բողոքն այն դատավորին, որին ուզում է: Այսինքն՝ Մարտիրոսյանն է որոշում, թե որ դատավորը պիտի բողոքները քննի, հետևաբար համարել ենք, որ իմաստ չունի ժամանակ վատել, միևնույն է, նրանք ոչինչ չեն անելու»,- հավելում է Ա. Բաբայանը և փոխանցում, որ իշխանության ձեռքին նախկինում գործիք էր ծանր վիրավորանքի հոդվածը, հիմա էլ ատելության խոսքի տարածումը, ատելության քարոզը, բռնության կոչեր հնչեցնելն են օգտագործում ընդդիմությանը լռեցնելու, ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու համար։

Հայաստանում պարբերաբար թիրախավորվում են նաև Արցախից բռնի տեղահանվածները: Հատկապես քաղաքական ակտիվ շրջանում, երբ կազմակերպվում են հանրահավաքներ, զանգվածային այլ միջոցառումներ: Արցախցիներին կապում են նախկին իշխանությունների հետ և նրանց երկրից «քշելու», արտոնություններից զրկելու և այլ կոչեր են հնչեցնում:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր արցախցիներին ուղղված ատելության խոսքի բացահայտման և դրանց հետամուտ լինելու նախաձեռնության մասին։ Այդ նախաձեռնությունում ներգրավված է նաև Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է այդ գործընթացը, սկսվե՞լ են դրա դեմ պայքարի իրավական գործընթացներ։

«Հավանաբար նկատել եք, որ մի քանի օր առաջ մեր դիմումի հիման վրա էթիկայի դիտորդ մարմինը Հ1-ի մասով գնահատական տվեց, որ ատելության խոսք է տարածել: Այս պահին դա է միայն, որ արել ենք: Բայց սկզբի օրերին, երբ հայտարարել էիք նախաձեռնության մասին, նաև մի քանի մեր գործընկեր փաստաբաններ դիմել էին Դատախազություն՝ կոնկրետ դեպքերով, եթե չեմ սխալվում 2 կամ 3 դեպքով արցախցիների դեմ ուղղված ատելության խոսք կոնկրետ մարդկանց կողմից, ոչ թե կեղծ օգտատերերի: Դատախազությունը մերժել էր քրեական գործ հարուցել, բայց երբ իշխանության դեմ ատելության խոսք է լինում, լավ էլ ընթացքավորում են քրեական գործերը և պատժում են մարդկանց»,- ասում է Արտակ Բեգլարյանը:

Արցախի պաշտոնյայի խոսքերով՝ ցավալի պրակտիկա կա, որ լրատվամիջոցներն էլ են խթանում ատելության խոսքը՝ ոչ միայն կոնտեքստից կտրված վերնագրեր հրապարակելով, ներկայացնելով, այլև հատկապես այդպիսի մեկնաբանությունները չհեռացնելով։ Բեգլարյանն ասում է, որ լրատվամիջոցներն էլ պարտավորություն ունեն՝ և՛ իրավական, և՛ էթիկական, որ թույլ չտան ատելության խոսքի տարածումը:

Բեգլարյանի դիտարկմամբ՝ շատ հաճախակի, հատկապես արցախցիների վերաբերյալ նյութերի կամ իրենց հայտարարությունների տակ, որտեղ կա իշխաննությունների հասցեին քննադատություն՝ Արցախին վերաբերող գործողությունների, հայտարարությունների հասցեին, շատ ակտիվ ատելության խոսք է տարածվում բոլոր արցախցիների դեմ՝ հայհոյանքներով, սպանելու, ջարդելու, փշրելու, արտաքսելու կոչերով, հայտարարություններով: Դրանք շատ դեպքերում լրատվամիջոցների սոցիալական էջերի գրառումների տակ են, չեն հեռացվում, և դրանց հեղինակները հիմնականում լինում են կեղծ օգտատերեր, երբեմն նաև՝ իրական մարդիկ։

«Իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից էլ երբեմն տարբեր հայտարարություններ շատ ուղիղ կերպով ատելության խոսք են պարունակում կամ հրահրում են ատելության խոսք՝ արցախցիների դեմ։ Իհարկե, պետք է ատելության խոսքը ամբողջապես արմատախիլ արվի ոչ միայն արցախցիների դեմ, և էական չէ՝ դա իշխանությունից է բխում, ընդդիմությունից, թե ընդհանրապես քաղաքական առումով մոտիվացված չէ, քաղաքական կոնտեքստ չունի, տարբեր անձանց կողմից է բխում։ Բայց այն, որ իշխանությունների կողմից երբեմն ատելության խոսքը տարածվում է, արդեն ամենավտանգավորն է, որովհետև իրենք են իշխանության կրողը և իրենք ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան որևէ մեկ այլ անձ կամ խումբ հանրապետությունում»,-նշում է Արտակ Բեգլարյանը։

Նրա դիտարկմամբ՝ հետևանքը լինում է այն, որ հասարակությունը պառակտվում է, բևեռանում։ Այսինքն՝ խորը սոցիալ-հոգեբանական հետևանքներ են առաջացնում ոչ միայն արցախցիների, այլև բոլորի մոտ, այդ թվում՝ ատելություն կրող անձանց, որոնք հավատում են տվյալ դեպքում՝ իշխանությունների կոնկրետ շրջանակների ատելության քարոզին: Հետևանքը լինում է ընդհուպ մինչև հանցագործությունների կատարում: Բեգլարյանը չի տեսնում քաղաքական կամք՝ ատելությունը վերացնելու ուղղությամբ, ճիշտ հակառակը՝ խորացնում են ատելությունը։

«Արցախցիներին ուղղված ատելության խոսքը շատ բարձր է և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի վարքով ու հայտարարություններով պայմանավորված։ Իր նեղ քաղաքական նպատակներից ելնելով՝ երբեմն թիրախավորում է արցախցիներին կամ ուղիղ կերպով, կամ թաքնված՝ տողատակում։ Արդյունքում, կարծես թե նաև կազմակերպված կերպով իշխանական համակարգը կամ դրան ենթակա տեղեկատվական համակարգերը սոցցանցերում, լրատվամիջոցներում լծվում են այդ գործին՝ հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանի փաստարկները։ Այնինչ, նույնիսկ եթե իր կողմից կամ իշխանությունների կողմից որևէ կարծիք, որևէ հիմնավորում կա կոնկրետ խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումների մասով, պետք է հստակ, կառուցողական, հանրային բանավեճի կանոններին համապատասխան ներկայացնել իրենց փաստարկները»,- հավելում է Ա. Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը շատ ցածր է գնահատում իրավապահ մարմինների աշխատանքը, քանի որ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածմանը ընթացք չեն տալիս: Նրա փոխանցմամբ՝ լրատվամիջոցներն ու սոցցանցերը լցված են այդպիսի դեպքերով, իրավապահները հանգիստ կարող են իրենց նախաձեռնությամբ էլ սկսել վարույթների նախաձեռնումը: Դա չի արվում, ընթացք չեն տալիս նաև ներկայացված հաղորդումներին:

Արցախի նախկին ՄԻՊ-ի տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ մարմինները շատ հստակ սկզբունքով են առաջնորդվում, այն է՝ ինչը իշխանությունների դեմ է, ուռճացված կերպով քննում են, ներկայացնում են, գնահատական են տալիս, իսկ ինչը իշխանության դեմ չէ, և հակառակը՝ իշխանության կողմից է իրականացվում, այդ գործերը չեն քննվում։

«Երբեմն քաղաքական գործեր են կարում արցախցիների վրա կամ կոնկրետ ներկայացուցիչների դեմ: Դա հստակ քաղաքական պատվեր է, դրա միջոցով կրկին կեղծ իրավական փաթեթավորում ներկայացնելով հանրությանը՝ լրացուցիչ չափով հիմնավորում են իշխանությունների հակաարցախյան թեզերը»,- հավելում է Արտակ Բեգլարյանը և նշում, որ նման ընտրողաբար մոտեցումը խայտառակություն է։

Ըստ նրա՝ իրավապահ համակարգը պետք է անկախ լինի քաղաքական կոնյուկտուրայից և պետք է իրական արդարություն ու իրավունքի պաշտպանություն ապահովի և օրենքի առջև բոլորի հավասարությունը։

Արտակ Բեեգլարյանը փոխանցեց, որ առաջիկայում փորձելու են ավելի ակտիվացնել մոնիթորինգային և իրավապահ մարմիններին պատշաճ հաղորդումներ ներկայացնելու աշխատանքները։ Ակնկալում է, որ տարբեր ձևերով ճնշումը մեծացնելով՝ ինչ-որ արդյունքներ կունենան, սակայն իրավապահ համակարգի այս վերաբերմունքի պայմաններում ակնկալիք չունի, որ լրջորեն կքննեն բոլոր գործերը: Բեգլարյանը կարծում է՝ հանրային ճնշումը միանշանակ կարող է ազդել, որ գոնե որոշակի միջանկյալ կամ նվազագույն հաջողություններ գրանցեն։

Միջազգային իրավունքի մասնգետ Արա Ղազարյանն ասում է, որ ատելության խոսքի կանխարգելումն առաջին հերթին ոչ թե քրեական օրենսդրությամբ պետք է արվի, այլ վարչական ու քաղաքացիական, որտեղ բացակայում են ատելության խոսքի նորմերը: Նրա դիտարկմամբ՝ օրենքի նախագիծ է շրջանառվում, որտեղ այդ բացը լրացվելու է։ 

«Դատական գործերով արդարացումներ կան, բավականին լավ հաջողված որոշումներ ունենք, որտեղ դատարանները մերժել են մեղադրանքը, այսինքն՝ արդարացրել են առ այն, որ քաղաքացին իր ազատ արտահայտվելու իրավունքն է ազատ իրականացրել հանրային խոսույթում, քաղաքական խոսույթում, որի պարագայում ազատ խոսքի պաշտպանության շրջանակները շատ լայն են: Բավականին հաջողված որոշումներ են, այդ իմաստով ես դրական կարծիքի եմ, որ դատական պրակտիկան լավ ուղղությամբ է գնում»,- նշում է Ա. Ղազարյանը՝ հավելելով, որ ատելության խոսքի ընկալման խնդիր կա նաև մեր հասարակությունում, վիրավորանքն ու զրպարտությունն ատելության խոսք չեն:

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության` DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter