HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհին՝ խաղի մեջ. 8-ամյա Սոֆիան դարձել է շախմատի Եվրոպայի չեմպիոն

8-ամյա Սոֆիան հյուրասենյակի սեղանին շարում է բոլոր տարիների իր մրցանակները, վերջին գավաթների կողքին մյուսները ավելի փոքր են թվում։

-Պապ, սրանք փոքրացե՞լ են, թե՞ իմ աչքին են երևում,- անհանգստանում է Սոֆիան։

-Բա չգիտեի՞ր, որ գավաթները փոքրանում են, փոքր հաջողությունները՝ փոքրերով, մեծերը՝ մեծերով,- կատակում է հայրը։

Վերջին մրցանակին Սոֆիան առանձնահատուկ զգուշությամբ է վերաբերվում՝ գավաթն ամենամեծն ու կարևորն է։ Այն ստացել է այս տարի՝ դառնալով Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն։ 

Առաջնությունն անցկացվում էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Սոֆիա Բաղրամյանը հնարավոր 18 միավորից վաստակել է 16-ը՝ գրավելով առաջին հորիզոնականը։

«Յուրաքանչյուր մրցակցի հետ խաղացել եմ երկուական խաղ՝ սևերով ու սպիտակներով։ Միայն երկու անգամ եմ պարտվել, բայց տարբեր մրցակիցների, այսինքն՝ ոչ մեկը ինձնից ուժեղ չէր, միայն երկու հոգի կային, որ ինձ հավասար ուժ էին»,-ասում է Սոֆիան։

Որպես մրցանակ Սոֆիային նվիրել են թվային ժամացույց և շախմատ։ Հենց այս շախմատով էլ Սոֆիան ու հայրը՝ Մհերը, առաջին անգամ իրենց տան հյուրասենյակում միասին խաղում են։

-Սոֆ, ճիշտն ասա, ես եմ ուժեղ խաղո՞ւմ, թե Եվրոպայի քո հակառակորդները,-հարցնում է հայրը։

-Եվրոպայի հակառակորդները,- պատասխանում է Սոֆիան։

-Ուրեմն հիմա եթե քեզ հաղթեմ, ու դու էլ չեմպիոն ես, ստացվում է, որ, հաղթելով չեմպիոնին, ես էլ եմ չեմպիոն դառնում, չէ՞։

-Հա, բայց դու պետք ա ինձ մատչում հաղթես, մի պարտիայով հո չի՞ որոշվում… ի, պապա, էս ի՞նչ էր, բա փի՞ղդ,- զարմանում է Սոֆիան։

-Չստացվեց, Սոֆ, չկարողացա լավ կենտրոնանալ, հանձնվում եմ։

Սոֆիան 4 տարեկանից շախմատ է խաղում, ասում է՝ մրցույթներում հաճախ տակտիկական հնարքներ է կիրառում՝ ապակողմնորոշելով հակառակորդին։

«Հիմնականում հակառակորդները դրանց վրա են բռնվում։ Օրինակ՝ զոհաբերություններ եմ անում ու ինչ-որ ավելի մեծ խաղաքար եմ շահում կամ մատ եմ հայտարարում»,- պատմում է նա։

Շախմատում հաջողության հասնելու համար, ըստ Սոֆիայի, պետք է շատ աշխատասեր լինել, շատ խնդիրներ լուծել։ Նա օրական 12 շախմատային խնդիր է լուծում, ինտենսիվ պարապում է մարզչի հետ։

«Մեկ-մեկ շատ պարապելուց հետո էլ չեմ ուզում պարապեմ, թենիս եմ խաղում, մեր բակի կատուներին եմ սիրում կամ ուղղակի հանգստանում եմ ու հետո, երբ փորձում եմ հետ գալ շախմատին, արդեն չի ստացվում»,- պատմում է նա։

Սոֆիայի համար շախմատն այլ խաղերից տարբերվում է նրանով, որ այս խաղում պետք է շատ մտածել. «Շախմատը շատ հետաքրքիր խաղ ա, մտածելու խաղ ա։ Օրինակ՝ դու ունես պարտված դիրք, բայց կարող ես հաղթել էդ դիրքից։ Ուրիշ խաղերում ավելի քիչ հավանական ա, որ նման բան լինի։ Ես ինձ հաճախ սպարապետի եմ նմանեցնում շախմատ խաղալիս․ ես իմ զորքն եմ կառավարում՝ խաղաքարերը ճիշտ եմ դասավորում ու անցնում եմ գրոհի»։

Ամեն հաղթանակից հետո Սոֆիան ծնողներից որևէ նվեր է խնդրում։ Մայրը՝ Նոնան, խոստացել էր, երբ դուստրը շախմատի 2-րդ կարգի որակավորում ստանա, էլեկտրոնային շախմատ կնվիրի։ Հիմա նա արդեն առաջին կարգ ունի ու նվերների խոստումները գնալով մեծանում են։

Էլեկտրոնային շախմատով, որը Սոֆիան նաև կախարդական է համարում, նա կարող է միայնակ խաղալ, հակառակորդը՝ այս դեպքում տախտակի մի հատվածը, ինքն իրեն քարերն ուղղորդում է նախատեսված դիրք։ Բացի այդ, Սոֆիան ծրագրի միջոցով իրական հակառակորդ է ընտրում և աշխարհի մեկ այլ կետում գտնվող մարդու քայլերը տեսնում իր տախտակի վրա։

8-ամյա Սոֆիան նշում է՝ իր բոլոր ընկերները ևս շախմատ են խաղում։ 

«Դե ես հիմնականում ընկերանում եմ շախմատիստների հետ։ Օրինակ՝ տարբեր մարզադպրոցներում հանդիպում եմ շախմատիստների ու ընկերանում»,- ասում է նա։

Եղել է ժամանակ, որ Սոֆիան որոշել է այլևս շախմատ չխաղալ. «Մի պահ թողել էի շախմատը, որովհետև մարզիչից նեղացել էի։ Ինձ անընդհատ ասում էր, որ թուլացել եմ, էդ ժամանակ կես տարի թողեցի շախմատը ու արդեն մտածում էի, որ շախմատ պետք չի խաղալ, գնամ արդեն քանոնի, սովորեմ քանոն նվագել, բայց հետո հասկացա, որ չէ, շախմատն իմ կյանքն է, չեմ կարող առանց շախմատի»։

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում մինչև 8 տարեկան աղջիկների խմբում Սոֆիան միակն է, որ ունի 1-ին կարգի որակավորում։ 

«Շատ կան աղջիկներ իմ տարիքային խմբում խաղացող, բայց ամենաուժեղը ես եմ, արդեն երկրորդ տարին է՝ այդ խմբում Հայաստանի չեմպիոն եմ դառնում»,- ասում է նա։

Հայաստանում շախմատով զբաղվող մինչև 8 տարեկան աղջիկները չունեն որևէ ֆինանսավորում։ Սոֆիայի ծնողներն են հոգում առաջնություններին մասնակցելու բոլոր ծախսերը։

Սոֆիայի հայրը՝ Մհերը, նշում է՝ մինչև 8 տարեկան աղջիկների համար ֆինանսավորում չկա, քանի որ, ըստ Շախմատի ֆեդերացիայի, այդ տարիքի աղջիկներն ավանդաբար թույլ են եղել, և նման հարց չի առաջացել։

Սոֆիան նոյեմբերին մեկնելու է Իտալիա՝ շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Իր ուսուցչի՝ ընկեր Կարենի խորհրդով Սոֆիան սառնարանի վրա փակցրել է գրություն՝ «Շախմատի աշխարհի չեմպիոն՝ Սոֆիա Բաղրամյան, 2024թ.»։

«Երբ չեմ ուզում խնդիր լուծել, գալիս եմ, կարդում ու ուզում եմ խնդիր լուծել։ Որոշել եմ, որ պիտի շատ աշխատեմ ու Իտալիայում դառնամ աշխարհի չեմպիոն»,- ասում է նա։

Սոֆիան նպատակ ունի՝ մի օր հանդիպել և խաղալ շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ. «Խաղալու եմ այն ժամանակ, երբ դառնամ աշխարհի չեմպիոն, դա առաջիկայում իմ նպատակն է»։

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Սոֆիա ջան Աստված օրհնի քեզ ու պահապան լինի։ Աստված քեզ շնորհել է տաղանդով, ու դու այդ տաղանդով բարձր ես պահում մեր ազգի անունը։ Քեզ շնորհակալություն։ Սիրուն,փոքրիկ հայուհի քո կյանքում եղիր միշտ հաղթող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter