
Ճանապարհի աղջիկը. Թբիլիսի-Զուգդիդ-Կիրով
Այս ճանապարհն է տանում դեպի նոր կառուցվող Լազիկա քաղաք
Թբիլիսիից 318 կմ ձգվող երկաթգիծը հասցնում է Զուգդիդ. Սեւ ծովից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքն այս եռում է 41°С մեջ: Բայց քաղաքի մայթին շարժն ակնհայտ է. ամենուր մեքենաներ են, հնաոճ, բայց գործող սրճարաններ, մարդիկ տարաբնույթ են`նման չեն մեկը մյուսին: Այս քաղաքը ծայրահեղությունների քաղաք է:
Տաքսին շարժվում է: Ճանապարհն ուշադիր եմ զննում. խնամված տներն ու մեքենաների առատությունը թույլ են տալիս եզրակացնել, որ Վրաստանի արեւմտյան հատվածում աշխուժություն է սկսվել:
Զուգդիդից հեռացել ենք մոտ 25 կմ. առավոտյան ութն է: Արեւն արդեն հուշում է` անտանելի տոթ է լինելու:
Մեքենան կանգ է առնում: Աջ կողմում անմարդաբնակ տարածք է, մի քիչ ավելի հեռվում` Կիրով գյուղը:
Այնտեղ, որտեղ կանգնում է մեքենան, գյուղի ճանապարհի սկիզբն է, իսկ ճանապարհի ծայրին` ծառերի տակ, նստած են գյուղի միջին եւ բարձր տարիքի տղամարդիկ:
![]() |
![]() |
Ճանապարհի կայանը' մեգրելացի Նանայի խանութ-սրճարանը | Կիրովի գյուղացիները |
Աջ կողմում գրավիչ տնակ է` ներքեւի հարկում մթերային խանութը:
Հնաոճ սրճարանին հատուկ երկու սեղան է: Տիրուհին արդեն իսկ հասցրել է փոշիազերծել տարածքը:
-Սուրճ կարելի՞ է:
-Իհարկե: Եկեք, նստեք: Հիմա նաեւ սառը ջուր կբերեմ:
Երկու բեռնատար մեքենա այս ընթացքում կանգնում են, սառը ջուր են վերցնում, մթերք գնում, իսկ Նանան մեկ սուրճի բաժակներն է բերում, մեկ վազում է խանութ, մեկ էլ կոտրտված ռուսերենով ասում, որ ամեն օր էլ էսպես արագ է շարժվում:
Ուշադրությունս բեւեռվել է դիմացի մայթին նստած գյուղացիների խոսակցության վրա:
-Ամեն օր են այդպես...Առավոտից երեկո խոսում են քաղաքականությունից, Վրաստանից, տնտեսությունից: Բայց դե ոչ մի լուրջ բան չկա,-ասում է Նանան:
-Իսկ դու՞...Այստե՞ղ ես աշխատում:
-Սա քեռուս տարածքն է եղել: Հիմա ես եմ աշխատում: Նաեւ ապրում եմ այստեղ: Ինտերնետ էլ կա: Իմ օրն սկսվում է վաղ առավոտյան: Ես գիտեմ, որ պետք է անընդհատ աշխատեմ եւ ոչ մեկի հետ չվիճեմ:
-Այստեղից երբեք չե՞ս հեռացել:
-Գնացել եմ: Աշխատում էի Թուրքիայում` մեկի տանը: Ինձ արտաքսեցին: Հիմա ուրախ եմ դրա համար: Որովհետեւ շատ կապված եմ այս հողին,-ասում է մեգրելացի Նանան:
Զարմանալի է: Երեսունին մոտ այս աղջիկը չունի հարեւաններ. գյուղը գրեթե չի երեւում: Եւ միակ հարեւանները, ընկերները, մարդիկ, ովքեր գիտեն նրան եւ այս տնակը, ճանապարհին ծանոթ եւ այդ ճանապարհով անցնող ուղեւորներն են:
-Երիտասարդներ կա՞ն այս տարածքում: Ընկերներ ունե՞ս:
-Երիտասարդություն կա...Նրանց մեծ մասն աշխատում է Անակլիայում: Բայց այ ընկերներ...Նրանց ընտրելը շատ դժվար է: Երբ փորձում եմ կտրվել այս ամենից, մեկնում եմ Թբիլիսի մի քանի օրով, բայց երկար մնալ չեմ կարող:
-Կարոտում ես ընտանիքդ...
-Չէ, ես ծնողներ չունեմ:
Երկարատեւ լռությունից հետո ուշադիր զննում եմ Նանա Չագանավայի դեմքին.
-Նոր կառուցվող քաղաքի մասին գիտե՞ս:
-Հա, բայց չեմ հավատում, որ կկառուցվի:
-Ինչու՞:
-Չգիտեմ...Գուցեեւ կառուցվի եւ իմ երազանքն էլ իրականանա. իմ սիրելի տղամարդու հետ մի փոքրիկ տնակ ունենամ այդ նոր քաղաքում` ծովի ափին:
![]() |
![]() |
Կառուցվելիք Լազիկա քաղաքի հողահարթեցումը | Կառուցվելիք Լազիկա քաղաքի ներկայիս բնապատկերը |
Հ.Գ. Ապագա Լազիկա ծովափնյա քաղաքն ընդամենը մի քանի կմ հեռու կլինի Նանա Չագանավայի հրաշալի տնակից: Իսկ այժմ այնտեղ հարթեցման եւ չորացման աշխատանքներ են տարվում:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել