
Որ գիտությունը մարդկանց տուն բերեն. Հայաստանում կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ»
Հոկտեմբերի 1-6-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է համազգային «Գիտության շաբաթ»: Այն ընդգրելու է ամբողջ հանրապետությունը՝ սկսած մանկապարտեզներից: Մտահղացումը «Գիտուժ» նախաձեռնությանն է:
Գիտությունը «կխոսի» Ազատության հրապարակում
«Գիտության շաբաթը» երկու մեծ մասի է բաժանված՝ «Գիտարվեստ» գիտության փառատոն եւ ապակենտրոնացված միջոցառումներ բոլոր մարզերում:
«Գիտարվեստ» փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում, որը բաղկացած կլինի երեք մասից: Հոկտեմբերի 1-2-ը փառատոնի թեման լինելու է «Գիտությունն ամենուրեք է»: «Գիտության շաբաթվա» բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը, հարցազրույցին ցույց տալով իր հեռախոսը, ասում է. «Օրինակ՝ սովորական այս հեռախոսը գիտնականների, ճարտարագետների տասնամյակների գիտափորձերի ու հետագայում այդ արդյունքները կիրառական ոլորտ տեղափոխելու արդյունք է, որը վերածվել է մեր կյանքի անբաժանելի մասի: Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է գիտնականի աշխատանքը բարձրացնում մարդկանց կենսամակարդակը, ինչպես է սերտորեն մտնում մեր կյանք ու դառնում մեր կյանքի անբաժանելի մասը»:
Նրա խոսքով՝ շատերը չեն պատկերացնում, թե դա ինչպես է տեղի ունենում: Փառատոնը կարծրատիպային պատկերացումները հաղթահարելու, գիտական ուսումնասիրությունները ներկայացնելու մասին է, թե ոնց է աշխատում գիտությունը, ոնց են մարդիկ գիտական արդյունք ստանում, ոնց է տեսությունը վերածվում գիտափորձի, գիտափորձը՝ կիրառական արդյունքի, ինչպես նաեւ՝ թե ինչքան կարեւոր է գիտությունը մարդկանց կյանքում: «Մարդն, ամեն օր շփվելով գիտական արդյունքների հետ, էդքան էլ չի խորանում դրանց մեջ... Որ մարդիկ հասկանան, որ գիտությունը սերտորեն կապված է իրենց կյանքի հետ, իրենցից հեռու, անջատ բան չէ։ Հենց իրենց կյանքի բաղկացուցիչ մասն է, այնքան կարեւոր, որ առանց գիտության չեն կարող ֆիզիկական գոյություն պահել»,- նշում է Արմանը: Փառատոնի առաջին երկու օրերը նվիրված են այս թեմային:
Հոկտեմբերի 3-4-ը մասնագիտական կողմնորոշման օրեր կլինեն` թիրախավորելով երեխաներին եւ երիտասարդներին: Նպատակն է գիտությամբ հետաքրքրվողներին օգնել մասնագիտական կողմնորոշման հարցում: Արմանն ասում է՝ երիտասարդներին բացատրելու են, որ գիտությունը ոչ թե խեղճ մարդ է, որ հազիվ ծայրը ծայրին է կարողանում հասցնել, իր աշխասենյակում փակված է, այլ հետաքրքիր մասնագիտություն է, որով մարդը կարող է շփվել աշխարհի հետ, փոխազդել, ուսումնասիրել բնության գաղտնիքները եւ, ինչու ոչ, բարձր վարձատրվել:
Փառատոնի վերջին երկու օրերին՝ հոկտեմբերի 5-6-ին, թեման կլինի գիտական ֆանտաստիկան: Արմանն ասում է՝ սա իր համար ամենահետաքրքիր մասն է: Նրա խոսքով՝ գիտաֆանտաստիկան սերտորեն կապված է գիտությանը, սնում է գիտությանը, եւ՝ հակառակը:
«Հոկտեմբերի 5-6-ը Ազատության հրապարակը կվերածվի գիտաֆանաստիկ կախարդական աշխարհի: Կլինեն «քոսփլեյ» (հայտնի հերոսների հանդերձանքներով - հեղ.) ցուցադրություններ, ֆիլմերի, կոմիքսների, գրքերի մասին տեղեկատվություն, առանձին քանդակներ՝ գիտաֆանտաստիկ միջավայր ստեղծելու համար: Բացի դրանից՝ կամփոփվեն նաեւ գիտաֆանտաստիայի ժանրում պատմվածքների եւ կոմիքսների մրցույթների արդյունքները:
«Գիտության շաբաթվա» միջոցառումների երկրորդ մեծ մասը կազմակերպվելու է Երեւանից դուրս՝ Հայաստանի բոլոր մարզերում՝ ընդգրկվելով մանկապարտեզներ, դպրոցներ եւ բուհեր: Արման Գասպարյանի փոխանցմամբ՝ 60 միջոցառման փաթեթ են մշակել, որոնք հնարավորություն կտան ստեղծագործելու եւ հասկանալու գիտությունը: Դրանք հասանելի են միջոցառման կայքում: Ընդ որում՝ դրանք հասանելի կլինեն ոչ միայն այդ մեկ շաբաթվա, այլեւ ուսումնական ողջ տարվա ընթացքում:
Կարեւոր է երկրի համար հստակ առաջնահերթություններ սահմանելը
«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր եւ տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը, անդրադառնալով Հայաստանում գիտության որակին, ասում է՝ գիտական խմբեր ունենք, որոնք որակյալ գործ են անումբ բայց եթե նայենք, թե դրանից Հայաստանն ինչ օգուտ է ստանում, բացի տպագրությունների քանակի եւ վարկանիշի ավելացումից, այս պահին օգուտն այնքան էլ մեծ չէ: Եվ սա մեծապես կախված է նաեւ գիտության ֆինանսավորման այսօրվա ձեւից: Տիգրանը նշում է, որ բոլոր այն ծախսերը, որոնք արվում են ներկայում, առանձանապես կապ չունեն երկրի կարիքների հետ՝ նկատի ունենալով մեր երկրի կողմից մարտահրավերներին դիմակայելը, մրցունակության բարձրացումը: Ըստ մեր զրուցակցի՝ կարեւոր է հստակ առաջնահերթություններ սահմանելը, թե գիտական ինչպիսի ուղղություններ պետք է զարգացնել եւ ինչպես:
Տիգրան Շահվերդյանն ասում է, որ այսօր աշխարհում կարճաժամկետ ռիսկերով ու վտանգներով ավելի քիչ երկրներ կան, քանի որ նրանք մեծ կարեւորություն են տալիս գիտական հետազոտություններին ու մշակումներին եւ ժամանակի ընթացքում լուրջ ներդրումներ են արել գիտության մեջ: Ըստ Տիգրանի՝ Հայաստանի պարագայում պետք է ավելի արագ գործենք:
«Մեր հետազոտություններից, տարբեր խոսակցություններից ելնելով՝ փորձում ես հասկանալ, թե ինչու ենք այս վիճակում, ինչու է 30 տարի այսպիսի մոտեցում եղել,- հարցադրում է անում Տիգրանն ու պատասխանում,- համակարգը, որ էսօր դեռ ինչ-որ չափով մնացել է, ժառանգվել է ԽՍՀՄ-ից: Գլխավոր պատվիարտուն եղել է Մոսկվայում: Խոսում ենք գիտական հետազոտությունների, մշակումների միջոցով մրցունակության բարձրացման մասին: Այստեղ պետության կարեւորագույն ֆունկցիան պատվիրատու դառնալն է՝ ելնելով իր կարիքներից: Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պատվիրատու, մինչեւ էսօր իր դերը չի գիտակցում, քանի որ անցյալում այդ պատվիրատուն եղել է Մոսկվայում, Հայաստանում դրա ֆունկցիան կատարող մարմիններ չեն եղել»:
Խնդիրներից մեկն էլ գիտության ֆինանսավորման մեխանիզմներն են: Կիրառական արդյունքներին միտված պետական մարմին Հայաստանում դեռ չկա: «Մենք միշտ տեսել ենք, որ գոյություն ունեն մարմիներ, որոնցից մեկը ֆինանսավորում է ընդհանուր գիտության զարգացումը, ֆունդամենտալ գիտությունը, որոշ չափով՝ նաեւ կիրառական գիտությունը, բայց հիմնական շեշտը ֆունդամենտալի վրա է: Իսկ երկրորդ մարմինը կամ մարմինները ֆինանսավորում են երկրի կարիքներից բխող կիրառական հետազոտություններն ու մշակումները: Մեզ մոտ այս երկրորդը գոյություն ունի միայն պաշտպանական թեմայով, բայց սովորաբար դրանք էլ այլ երկրներում առանձին են լինում»,- բացատրում է «Ռոբոմարտի» համահիմնադիրը:
«Գիտուժի» աշխատանքները համակարգող Լիլիթ Մարգարյանի խոսքով՝ Հայաստանում գիտություն դեռ կա, բայց վերջին 30 տարիներին դրա ծավալները գնալով փոքրանում են: Եվ «Գիտուժի» օրակարգում է ոչ միայն գիտության մրցունակության բարձրացումը, այլեւ այն պետության նպատակներին ու կարիքներին ծառայեցնելը:
«Գիտությունը փոքրանում էր: Ու ոչ մի ձեւով չէին ուզում այնպես անել, որ այն ուժեղանա, եւ այդ պրոցեսն ապտակ էր պատերազմից հետո: Հասկացան, որ մեզ պետք է գիտություն, սկսեցին քայլեր անել: Բայց երբ մենք գիտություն ենք ուզում, պետք է հասկանանք, որ խնդիրը բազմաշերտ է, շատ բարդ: Համակարգային շատ սխալներ են արվել»,- ասում է Լիլիթը:
Խնդիրներից մեկը, ըստ նրա, հասարակության ընկալումն է գիտության վերաբերյալ:
«Ուզում ես, որ Հայաստանն առերեսվի գիտությանը, ու բոլորը հասկանան, որ հետազոտություններն ու մշակումներն այն գործիքներն են, որոնք մեզ մրցունակ են դարձնում: Հասարակությունն այդ առաքելությունը, մոտեցումը, նպատակը պիտի կիսի: Երիտասարդները պետք է հասկանան, թե գիտնականն ինչով է զբաղվում, ինչ խնդիրներ է լուծում,- ասում է Լիլիթ Մարգարյանը,- 30 տարի երկխոսություն չի եղել գիտության հետ։ «Գիտուժի» նպատակներից մեկն էլ այն է, որ գիտությունը մոտեցնի հասարակությանը, ընկալելի դարձնի։ «Գիտության շաբաթ» սրա համար ենք անում։ «Գիտուժը» չի շեղվում իր օրակարգից: Մեզ պետք է մարդկային կապիտալ, որն այս առաքելությունը կիսում է, որովհետեւ այն պղպջակի մեջ չի կարող ապրել»:
Մարդիկ գիտության մասին թյուր պատկերացում ունեն
Արման Գասպարյանն ասում է, որ ֆեյսբուքյան միջավայրի մոնիթորինգ անելիս հասկացել է, որ մարդիկ թյուր պատկերացում ունեն գիտության մասին: Դրա հակակշիռը գիտության մասին հանրամատչելի տեքստեր գրելն է, ինչն էլ Արմանն սկսել է անել: Ասում է՝ իր նպատակն ուժերի ներածին չափով գիտությունը հանրահռչակելն էր:
«Չէի կարող չմասնակցել «Գիտության շաբաթին», իմ գլխավոր ցանկություններից է, որ Հայաստանում վերջապես մեծ մասշտաբով խոսվի գիտության մասին: Մարդկանցից պահանջում ենք ճիշտ ընկալել գիտությունը՝ հակագիտական պատկերացումներին զոհ չգնալ, բայց շատ ենք պահանջում, որովհետեւ դրա համար նախ պետք է ինչ-որ բան անենք, պետք է գիտությունը բերենք, մոտեցնենք մարդկանց։ «Գիտության շաբաթը» հենց գիտությունը մարդկանց տուն բերելու, մարդկանց միջավայր բերելու շատ կարեւոր գործիք է»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Ըստ Արմանի՝ Հայաստանում եղել են գիտության շաբաթներ դպրոցների եւ համալսարանների մասշտաբով, բայց ոչ մի անգամ չի եղել համազգային գիտության շաբաթ:
«Միջին վիճակագրական քաղաքացուն երբ ասում ես «գիտություն» կամ «գիտնական», ինչ-որ անհասկանալի կարծրատիպային պատկերացում ունի հազիվ իր գոյությունը քարշ տվող ծեր մարդու մասին, որն ամբողջ օրը կաբինետում նստած գրատախտակին բաներ է գրում ու այս աշխարհից կտրված անհետաքրքիր, անհեռանկար մեկն է։ Իրականում գիտությունը շատ հեռանկարային է՝ ամբողջ աշխարհի հետ շփվելու հնարավորությամբ: Աշխարհում գիտությամբ զբաղվում են շատ երիտասարդներ, գիտությունը գլոբալ երեւույթ է»,- նշում է նա:
Լիլիթ Մարգարյանն ասում է՝ կան չափելիության գործիքներ, որոնց կիրառմամբ նպատակ ունեն այս նախագիծը զարգացնել գալիք տարիներին: Դրանցից առաջինը մասնակիցների քանակն է, շահագրգիռ բոլոր կողմերը՝ գիտական ինստիտուտներ, համալսարաններ, դպրոցներ եւ մանկապարտեզներ: Երկրորդը միջոցառումների որակն է: Չափելիության գործիքներից մեկն էլ հասարակության հաճախելիություն է:
Արման Գասպարյանի խոսքով՝ կան չափելիության ավելի գլոբալ գործիքներ, որոնք կիրառում ես ամենամյա «Գիտության շաբաթների» ֆոնին, այն է՝ հարցումներ հասարակության շրջանում, գիտական հոդվածների, նյութերի ընթերցանության ծավալների, հակագիտական պատկերացումների նվազման մոնիտորինգ, սոցցանցերի ուսումնասիրություն եւ այլն:
«Հետքի» զրուցակիցները հուսով են, որ առաջին անգամ կազմակերպվող «Գիտության շաբաթը» կդառնա ամենամյա:
Մեկնաբանել