HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«20 ժամ դժոխքում. ուրիշ ձեւ չեմ կարող նկարագրել»,- ասում է արցախցի բուժակը սեպտեմբերի 25-ի պայթյունից հետո իր տեսածի մասին

2023 թ. սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի մոտ գտնվող վառելիքի պահեստի պայթյունից հետո մինչեւ հիմա բուժակ Սամվել Գաբրիելյանը չի մոռանում արյան հոտն ու ողբի ձայնը հիվանդանոցում: «20 ժամ դժոխքում. ուրիշ ձեւ չեմ կարող նկարագրել»,- ասում է Սամվելը, որն ապրում էր Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում: 

Սեպտեմբերի 25-ին, երբ ընտանիքը պետք է լքեր տունը, նա անընդհատ փորձում էր հետաձգել անհավատալի հրաժեշտի պահը, բայց ոչինչ անել չէր կարող: Կեսօրից հետո ծնողների հետ հասել էր Ստեփանակերտի մայր տաճարի մոտ: Պատմում է, որ մեքենաների հերթի սկիզբն ու վերջը չէր երեւում: 

«Որ էդպես հերթ էր, ասեցի՝ կարո՞ղ է մի հատ էլ տուն գնանք, վաղը դուրս գանք: Պապան ասեց՝ մեկ ա, էդ օրը սպասվում է, քանի հրաժեշտ ենք տվել, գնանք»,- հիշում է Սամվելը:

Գրեթե հասել էին Մազի կամրջին, երբ հեռվում տեղի ունեցավ պայթյունը: Դրա ձայնը լսելուց հետո Սամվելը որոշեց հետ դառնալ՝ մտածելով, որ հիվանդանոցում օգնելու կարիք կլինի: Բայց քանի որ ծնողներն առողջական խնդիրներ ունեին, չէր կարող նրանց մենակ ճանապարհել Այգեստան, ու ինքն էլ գյուղ գնաց: 

Հիշում է, որ այդ ժամանակ Ստեփանակերտում անձրեւ էր գալիս, արդեն մթնում էր, տեղ-տեղ լույսեր էին վառվում, իսկ Այգեստանն ամբողջությամբ մթության մեջ էր: Գյուղը դեռ օրեր առաջ էր տարհանվել: Հարազատ տանն անցկացրած վերջին ժամերն ամենատագնապայինն էին: 

«Ուզում էի դուրս գալ, գնայի հիվանդանոց, պապաս ասեց՝ ավելի լավ ա մնա, վաղը կգնաս: Իբր պառկեցինք հանգստանալու, ընդհանրապես չկարողացանք քնել: Շատ տագնապային վիճակ էր: Քո տունն է, բայց հանգստություն չկա: Առավոտյան 5-ին դուրս եկանք: Ստեփանակերտ հասնելուն պես եկեղեցու մոտ գնացինք, ծնողներիս թողեցի հերթի մեջ, ես գնացի հիվանդանոց»,- պատմում է մեր զրուցակիցը: 

Հանրապետական հիվանդանոցի բակը բազմամարդ էր: Ասում է՝ չէր պատկերացնում աղետի մասշտաբները, մտածել էր, թե մի 10-20 հոգի տուժած կլիներ: 

Բակում իրեն ծանոթ մարդիկ էին մոտեցել, զավակների մասին էին հարցնում: Հիվանդանոց  մտնելը դժվար էր, մարդիկ սարսափելի ծանր վիճակում էին: Ներս մտնելով՝ ընկերներից բժշկական համազգեստ էր խնդրել եւ անցել գործի: 

«Պալատները լիքն էին: Ամեն ձեւ փորձում էի մաքսիմալն անել: Ցավազրկող էիր անում՝  մտածելով, թե որ մասից սրսկես, որովհետեւ լրիվ այրված էր։ Մարդ կար, երակային կատետր դնելու խնդիր ուներ, կենտրոնականն էինք դնում, որոհետեւ տեղ չկար, մաշկ չկար»,- նշում է Սամվելը:  

-Շատ ծանր էր։ Մի դեպք եմ հիշում։ Մեր գյուղի բարեկամներից մեկի տղան, ում փոքրից ճանաչել եմ, մի տեղ ֆուտբոլ ենք խաղացել, լրիվ այրված էր: Էդ տղան ասեց՝ Սամո, ճանաչո՞ւմ ես ինձ, ես չէի ճանաչել, բայց ասեցի՝ հա, ոնց չէ՝ խուսափելով անունը տալուց, որովհետեւ տեղը չէի բերում։ Ասեց՝ լավանալու եմ, չէ՞, ամեն ինչ նորմալ ա լինելու, չէ՞։ Էդ տղան էլ նոր նշանված էր: Մարմնի 80 տոկոսն այրված էր։ 

-Ապրե՞ց:

-Չէ, Երեւանում ա մահացել, տեղափոխել էին ծանր վիճակում։ Հիմա ասում եմ, բայց ջանս փշաքաղվում ա։ Մի բառով եմ նկարագրում միշտ՝ էդ պահին ոնց որ դժոխքում գտնվես։ Էդ հոտը, էդ ձայները...

-Ի՞նչ հոտ էր:

-Սարսափելի... Ե՛վ արյան, ե՛ւ վառածի․․․ Չեմ կարող բացատրել: 

-Հոտի հիշողությունը դեռ մնացե՞լ է:

-Էդ հոտի հիշողությունը նոր է թեթեւացել ինձ մոտ։ Մի հոգու հետ աշխատելուց հետո շատ դժվարությամբ էիր անցնում մյուսին։ Վառած հատվածները սաղ մաքրում էիր, վիրակապում, որ ինֆեկցիա չանցներ: Էդ պլազման, որ անընդհատ կաթում էր, դրա հոտը․․․ ու ողբը:  Հարազատները վերեւում էին՝ երկրորդ եւ երրորդ հարկերում, օգնում էին, որովհետեւ անձնակազմը շատ քիչ էր։ 

-Բուժակը, բժիշկը պիտի մի փոքր սառնասիրտ լինեն, չէ՞: Ո՞նց էր հաջողվում այդքան ծանր տեսարաններին ականատես լինելով՝ դիմակայել: 

-Մտածում ես, որ ինչ-որ մեկին օգնում ես, ու դա կարող է ճակատագրական լինի, կյանքը փրկվի։ Եթե էդպես չմտածեի, չգիտեմ՝ կկարողանայի՞ հոգեբանորեն դիմանայի։ Ուղղակի սարսափելի էր...

Պայթյունից մի տարի է անցել, բայց Սամվելի հիշողության մեջ դեռ թարմ են ողբերգության դրվագները: Ասում է՝ երեւի մի օր չկա, որ չհիշի դրանք: Ժամանակը չի կարողացել մաքրել նաեւ 44-օրյա պատերազմում տեսած պատկերները: 

«Ցավ եմ վերապրում: Ցավազրկող ես անում, բայց դա չի օգնում, կամ մեկի կողքով անցնում ես, էն մեկն է կանչում, մեկի ծնողն է կանչում, թե իմ էրեխուն օգնեք»,- վերհիշում է արցախցի բուժակը: Սեպտեմբերի 26-ին նա 20 ժամ անցկացրել է Ստեփանակերտի հիվանդանոցում՝ օգնելով տուժածներին: 

Սամվելն ավարտել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական ուսումնարանը, մասնագիտությամբ ռազմական բուժակ է: Պարտադիր զինծառայությունը Մատաղիսում անցկացնելուց երկու տարի անց գործի է անցել Հանրապետական հիվանդանոցում: Մի քանի ամիս անց աշխատանքի է ընդունվել նաեւ Ասկերանի հիվանդանոցում: Ասում է, որ հասցնում էր համատեղ աշխատել: 2023 թ. սեպտեմբերյան պատերազմից մի քանի ամիս առաջ էր որպես բուժակ տեղափոխվել Ստեփանակերտի շտապօգնության ծառայություն: 

29 տարեկան է, բայց արդեն 3 պատերազմների միջով է անցել: 2016 թ. ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվոր էր, 44-օրյայի ու 2023 թ. պատերազմի ժամանակ՝ բուժակ:  

«Ծանր օրեր էին։ Քանի որ ապրիլյան պատերազմը տեսել էի, մի փուլ մտածում էի, թե ավելի լավ է առաջնագծում ծառայեի, քան պատերազմի ժամանակ բժշկության մեջ լինեի։ Դաժան բաներ էի տեսնում, որոնք հոգեբանորեն ազդում էին»,- ասում է նա, հետո անշտապ շարունակում, որ հաստատ ավելի հեշտ է զենքը ձեռքիդ կռվելը, քան վիրավոր մարդկանց օգնելը: «Այդ ժամանակ մարդու աչքերին ես նայում ու մտածում ես, որ կկարողանաս փրկել, բայց, ցավոք, ոչ բոլորին ես կարողանում փրկել»,- նշում է բուժակը: 

44-օրյա պատերազմից էլ դեպքեր կան, որոնք մինչ օրս է հիշում: «Մի տղայի եմ հիշում, ծանոթներիցս էր։ Շտապօգնությունում հոսքը շատ էր, ծանր ռեժիմով էինք աշխատում։ Թուրքերը Շուշիի մոտակայքում էին: Թեթեւ մարդատար մի ավտո եկավ, մոտեցա, որ հանեմ վիրավորներին, հենց փորձեցի հանեմ, զգացի, որ այդ տղան արդեն զոհվել է։ Սնայպերը հենց գլխից էր խփել, էդ ամեն ինչը՝ ուղեղը կասկայի մեջ, գլուխը բաց... Ու էդ մարդուն ես ճանաչում էի։ Ցավը նույնն է՝ ճանաչես-չճանաչես, բայց որ շփում ես ունեցած լինում, սարսափելի է»:

Մի պահ լռում ենք: Զրույցի ավարտին հարցնում եմ՝ եթե ժամանակը հետ տային, նորից բուժակ կդառնայի՞ր, պատասխանում է՝ բժիշկ կդառնայի, ռեանիմատոլոգ: Բայց տարիքի բերումով հիմա չի ուզում դրանով զբաղվել: 

Սամվելը հիմա աշխատում է կրիպտոարժույթի ոլորտում, ինչպես ինքն է ասում, թրեյդեր է: «Մտածում եմ՝ էս գործով ավելի հեռուն կգնամ։ Ու մի երազանք ունեմ՝ որ ամեն ինչ լավ լինի, ուզում եմ հիվանդանոց բացեմ, որն անվճար կլինի»,- ասում է նա ու ավելացնում, թե լավ թրեյդեր պիտի դառնա, որ կարողանա երազանքն իրագործել: 

Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter