
ՍԴ-ն ավարտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված կանոնակարգի՝ Սահմանադրությանը համապատասխանելու գործի քննությունը
Սահմանադրական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, քննել է «2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Այն իրականացվել է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ չի եղել հարցուպատասխան, բաց քննարկում: Զեկուցող դատավորներ են եղել Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանն ու Էդգար Շաթիրյանը: ՍԴ-ի եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում:
Սահմանադրության պահանջն է, որ մինչև միջազգային պայմանագրի վավերացումը Սահմանադրական դատարանը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Իսկ միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը վերապահված է Ազգային ժողովին: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:
Նշենք, որ սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգը հրապարակվել է 2024թ. սեպտեմբերի 2-ին, երբ այն ներառվում էր Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի օրակարգում՝ վավերացնելու մասին օրենքի նախագծի տեսքով:
«Հետքը» գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներ ձևավորելու պայմանավորվածություն ձեռք էր բերվել Սոչիում 2021թ. նոյեմբերի 26-ին՝ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում։
2022-ի ապրիլի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել էր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների կառուցվածքը։
2023թ. մայիսի 22-ին՝ Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ, ստեղծվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները։ Իսկ երկու օր անց՝ մայիսի 24-ին, հանձնաժողովների ղեկավարներն առաջին անգամ հանդիպել են հայ-ադրբեջանական սահմանին։
Հանձնաժողովները 2023 և 2024 թվականների ընթացքում հանդիպել են ևս յոթ անգամ, սակայն շոշափելի արդյունք է տվել միայն վերջին՝ 8-րդ հանդիպումը՝ 2024թ. ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանից Շահին Մուստաֆաևը ստորագրել են 6 կետից բաղկացած արձանագրություն, որի հիման վրա տեղի է ունեցել սահմանազատման գործընթացը Տավուշի մարզի 4 գյուղերի հատվածում։
Լուսանկարում՝ Սահմանադրական դատարանի շենքը / ©«Հետք»
Մեկնաբանել