HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Որտեղ են լողալու դպրոցականները. Կառավարությունը չէր հաշվարկել, որ ձմռանը լողավազան պահելը ծախսատար է

Մարզերում դպրոցականների լողի անվճար պարապմունքները կազմակերպելու փորձնական ծրագիրն իրականացնելու համար դրամաշնորհային երկրորդ մրցույթն է հայտարարվել. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած առաջին մրցույթին չափորոշիչներին համապատասխանող ընկերություններից միայն մեկն էր դիմել։

Կառավարության հուլիսի 4-ի որոշմամբ` հաստատվել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով որոշվել է պետական բյուջեից գումար հատկացնել 8-ից 17 տարեկան մարզաբնակ դպրոցականների լողի պարապմունքները կազմակերպելու համար:

ԿԳՄՍ նախարարությունը 9 լողավազան էր առանձնացրել, որոնք համապատասխանում էին ծրագրի պահանջներին։ Դիտարկվել էին երկուական լողավազաններ Կապանում և Էջմիածնում, մեկական՝ Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում։ Յուրաքանչյուր լողավազանում նախատեսվում էր կազմակերպել 22 դպրոցականի պարապմունք, այսինքն՝ 9 լողավազանի դեպքում շահառուների թիվը կհասներ 200-ի, նախնական ծախսերն էլ ըստ դրա էին հաշվարկվել։

Առաջին մրցույթի արդյունքներով որոշվել է պայմանագիր կնքել միայն Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրի հետ, մյուսները մրցույթին չեն դիմել։ Աշակերտների հայտագրման գործընթացն արդեն մեկնարկել է։

ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն ասում է՝ բոլոր կազմակերպությունները հետաքրքրված են, ուղղակի ինչ-որ թերություններ են ունեցել, չեն համապատասխանել պահանջներին, դրա համար չեն դիմել։ 

«Շտկում են այդ հարցերը, հիմա նորից հայտարարություն դնենք, կմասնակցեն»,- ասում է Սեդրակյանը։

Պարապմունքները նախատեսված է կազմակերպել ուսումնական ամբողջ տարվա ընթացքում՝ սեպտեմբերից մայիս։ Սեդրակյանը չգիտի՝ նախարարության դիտարկած լողավազաններից քանիսը ձմռանը չեն շահագործվում, բայց կարծում է, որ պետության ֆինանսավորմամբ հնարավոր կլինի ամբողջ տարվա ընթացքում աշխատեցնել։

«Հետքը» զրուցել է լողավազաններ ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, փորձել հասկանալ, թե ինչու չեն մասնակցել մրցույթին։

Կապանում գործող «ԻնՍպորտ Սյունիք» մարզահամալիրի տնօրեն Աշոտ Հայրապետյանը շեշտում է՝ ի սկզբանե հետաքրքրված են եղել ծրագրով, հանդիպումներ են ունեցել նախարարության ներկայացուցիչների հետ, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Քննարկումներից հետո հասկացել են, որ համաձայնության չեն գալիս, որոշել են չմասնակցել մրցույթին։

«Վերջում էնպես ստացվեց, որ իրենց ներկայացրած առաջարկը մեր նվազագույն ակնկալիքներին չէր համապատասխանում»,- ասում է Հայրապետյանն ու բացատրում` լողի մասսայականացման համար 22 աշակերտի ներգրավումն անիմաստ է, գինն էլ իրատեսական չէ։ 

Նախատեսվել էր յուրաքանչյուր աշակերտի մեկ ամսվա պարապմունքների համար 12 հազար դրամ հատկացնել: Հայրապետյանի խոսքով` հնարավոր չէ ձմռանը, երբ ծախսերը նկատելիորեն ավելանում են, նման գնով աշխատել: 

«Էդ գները համայնքային լողավազանների գներով են հաշվարկվել, որ ձմռանը չեն էլ աշխատում։ Որ պարզ լինի, ես իմ ֆինանսի համար չեմ ասում, ասել եմ՝ անվճար էդ երեխեքին կընդունեմ, բայց թող ինձ չասեն՝ էդ գումարով ծառայություն մատուցի»,- ասում է Աշոտ Հայրապետյանը։

Նախարարությունը դիտարկել էր նաև Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը։ Համայնքային այս լողավազանը, սակայն, հոկտեմբերի 1-ից չի գործելու։ Վերաբացումն էլ մինչև մարտ-ապրիլ չի նախատեսվում։ Հենց այս պատճառով էլ չեն դիմել մրցույթին։

«Նախարարություն էլ են կանչել մեր տնօրենին, մեր տնօրենն ասել է, որ մենք սեզոնային ենք աշխատում։ Էնպես չի, որ առաջին տարին է, մենք ամեն տարի հոկտեմբերից փակվում ենք, որովհետև ձմեռը սարսափելի ծախսեր են լինում, երեխեքն էլ չեն հասցնում գալ։ Փորձել ենք ամբողջ տարին պահել լողավազանը, չի ստացվում»,- ասում է Վանաձորի մարզադպրոցի գործավար Մարիամ Մարգարյանը։

Սեպտեմբերից սովորաբար չի շահագործվում նաև Հրազդանի «ԱկվաԷմ» սպորտային համալիրի լողավազանը։ Տնօրեն Վրույր Ավետիսյանը ծրագրի մասին իմացել է Կառավարության որոշումից հետո, մրցույթի հայտարարությունը չի տեսել։ Ասում է՝ ամեն տարի լողավազանը փակում է ծախսերի պատճառով, բայց այս տարի որոշել էր պահել։

«Երկու լողավազան ունենք, մեկը դատարկել ենք, մեկը՝ պահել, որ գոնե ծախսերը կարողանանք փակել։ Էդքան մարդ չի էլ գալիս։ Բայց եթե դպրոցների ծրագիրը լիներ, անհրաժեշտությունն էլ լիներ, երկրորդն էլ կպահեի»,- ասում է Վրույր Ավետիսյանը։

Ավետիսյանը «Հետք»-ից տեղեկացավ, որ դրամաշնորհային երկրորդ մրցույթն է հայտարարվել։ Ասաց՝ 22 աշակերտի դեպքում նպատակահարմար չէ ծրագրին դիմելը, եթե շահառուների թիվը մեծ լիներ, ծախսերը փակել ինչ-որ չափով կստացվեր, այդպես ձմռանն աշխատել չեն կարող։

Ուսումնական տարին մեկ ամիս է՝ սկսվել է, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ պիտի կազմակերպվեն լողի անվճար պարապմունքները, որոնք, ըստ նախարար Ժաննա Անդրեասյանի, «իսկապես մեծ հետաքրքրություն» էին առաջացրել մասնավոր ընկերությունների շրջանում։ Ավելին, նախարարի խոսքով՝ նախատեսվում էր հետագայում ընդլայնել մարզաձևերը, չսահմանափակվել միայն լողով և այլ ենթակառուցվածքների օգտագործման պարագայում ֆինանսավորել այլ մարզաձևերը, օրինակ՝ ֆիթնեսով զբաղվելը: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ շրջանառվում է վերաբաշխում իրականացնելու և «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» ծրագրին գումար հատկացնելու նախագիծ: Պայմանագրերը կկնքվեն Կառավարության որոշման ընդունումից հետո: Թե երբ հնարավոր կլինի մարզերի լողավազաններում անվճար լող պարապող դպրոցականներ տեսնել, հայտնի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter