
Գերբեռնված բեռնատարները շրջանցում են ճանապարհային կշեռքները
Տեսուչները պարտավոր չեն ավտոմեքենաներ կանգնեցնել, ոստիկանները՝ հերթապահել
Արդեն երկու տարի է` ավտոճանապարհներին կշռում են բեռնատար ավտոմեքենաները, որ դրանք գերբեռնված չլինեն ու չվնասեն ճանապարհները: Հատկապես ամռան ամիսներին, երբ ասֆալտը բարձր ջերմությունից տաքանում է, գերբեռնված ավտոմեքենաների պատճառով այն դեֆորմացվում է, ճաքեր ու փոսեր են առաջանում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր բեռնատար ավտոմեքենաներն են կշռվում, թեև դրանք անցնում են կշեռքների կողքով:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում կա կշռման երկու անշարժ հենակետ և մեկ շարժական կշեռք։ Կշռման անշարժ հենակետերը տեղակայված են ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ Սյունիքի մարզի Սիսիան և Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքների տարածքում:
2020-2021թթ. Տեսչական մարմինն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունն իրականացրել է միայն շարժական կշեռքների միջոցով, իսկ 2022թ. օգոստոս ամսից՝ նաև կշռման անշարժ հենակետերում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ընդհանուր 3 շարժական կշեռք է եղել, սակայն այս պահին երկուսն անսարք են, մեկն է գործում: Հայաստանում համապատասխան մասնագետ չկա, որ վերանորոգի դրանք: Գերբեռնված ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով տեսչական մարմինն իրականացնում է շուրջօրյա կշռման գործընթաց՝ ըստ նախապես հաստատված գրաֆիկի։
Սակայն, հսկողությունը պատշաճ չէ: Բեռնատարների վարորդները կարողանում են հանգիստ անցնել ու չկշռվել, եթե նույնիսկ ավտոմեքենան գերբեռնված է:
«Հետքը» պարբերաբար անդրադարձել է գերբեռնված ավտոմեքենաների հարցին: Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղը մշտապես տուժում է գերբեռնված ավտոմեքենաներից, քանի որ մոտ է Արաքս գետին, որտեղ ավազի մի քանի հանք կա: Օրվա տարբեր ժամերին ավազով բեռնված հարյուրավոր մեքենաներ են անցնում այդ ճանապարհով: Թափվող ավազն ու գերբեռնված ավտոմեքենաները համայնքի ճանապարհներն են փչացնում, իսկ ավտոմեքենայից ընկնող խճաքարերը՝ գյուղացիների գույքը: Տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ ավտոմեքենայի դիմապակի են փոխում:
Ավազի հանքից դուրս եկող գերբեռնված մեքենաներից տուժում են նաև մարզի Աղավնատուն, Լեռնամերձ գյուղերի գլխավոր ճանապարհները: Այս տարի պետական բյուջեի միջոցներով դրանք հիմնանորոգվել են, սակայն գյուղացիները մտավախություն ունեն, որ ավազով ու քարով բեռնված մեքենաները շուտով կրկին վնասելու են ճանապարհները:
Սեպտեմբերի 25-ին մոտ մեկ ժամ հետևել ենք Էջմիածնի տարածքում տեղադրված անշարժ կշռման կետի աշխատանքին: Ընդամենը մեկ «Զիլ» մակնիշի, քարով բեռնված ավտոմեքենա է ինքնակամ մոտեցել կշռման: Վարորդը ցանկանում էր տեղեկանալ, թե մեքենայի բեռը քանի տոննա է: Տեսուչը կշռեց ավտոմեքենան, թույլատրելիի սահմաններում էր:
Մեկ ժամվա ընթացքում մոտ երկու տասնյակ բեռնատար անցավ կշեռքի կողքով՝ առանց կշռվելու: Կշռման կետում հերթապահող տեսուչ Վիգեն Բաղդասարյանն ասաց, որ իրենք ավտոմեքենաները կանգնեցնելու և կշռելու իրավասություն չունեն: Այդ գործընթացը կազմակերպվում է պարեկային ծառայողների միջոցով:
Կշռման կետում պարեկներ չեն հերթապահում, նրանք կարող են օրվա ընթացքում մոտենալ կամ չմոտենալ, թեև նկատելի էր, որ ճանապարհի այդ հատվածում հետևում էին երթևեկության կանոնների պահպանմանը:
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասում է, որ համապատասխան իրավակարգավորումներով ճանապարհներին տեղադրված կշեռքների կետերում ոստիկանության ծառայողների հերթապահություն նախատեսված չէ։
Փաստացի, նույնիսկ ճանապարհներին տեղադրված կշեռքները երաշխիք չեն, որ բոլոր ավտոմեքենաները կկշռվեն և գերբեռնվածների վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Վարորդները նաև շրջանցում են կշռման կետի ճանապարհը: Էջմիածին քաղաքի մի շարք փողոցներ՝ Տիգրան Մեծ, Անդրանիկի, վնասվել են գերբեռնված բեռնատարների պատճառով:
Բեռնատարների վարորդները հիմնականում դատարկ են անցնում կշռման կետի ճանապարհով, բեռնվելուց հետո շրջանցում են այն: Օրինակ՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի մոտակայքում «ՄԼ Մայնինգ» ընկերությունն ավազի հանք է շահագործում: Ավազ տեղափոխող բեռնատարները երբ դատարկ են, անցնում են Էջմիածնի տարածքով, որտեղ տեղադրված է կշեռքը, սակայն հանքավայրի մոտ նկատեցինք, որ բեռնվելուց հետո գնում են Արագածոտնի մարզի ուղղությամբ՝ շրջանցելով կշեռքը:
Նշենք, որ ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները սահմանվել են Կառավարության 2006թ. որոշմամբ:
2020թ․-ից մինչև 2024թ. սեպտեմբերի 20-ը կազմվել է խախտման 8045 արձանագրություն: Գումարի չափը հայտնի չէ, քանի որ, ինչպես հայտնեցին Տեսչական մարմնից, այդ մասով առանձին վիճակագրություն չեն վարում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ իրավախախտ է հանդիսանում այդ կանոնները խախտած վարորդը, ուստի վարորդն է ենթարկվում վարչական պատասխանատվության, այլ ոչ թե, օրինակ, իրավաբանական անձը, որի բեռը նա տեղափոխում է։ Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ և մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց նկատմամբ սահմանված է տուգանք՝ մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, այսինքն՝ 200 հազ. դրամ:
Եթե անտեսենք այն հանգամանքը, որ գերբեռնված ավտոմեքենաները շրջանցում են կշեռքի կետը ու դիտարկենք միայն կշեռքի կողքով անցնելու և չկշռվելու փաստը, ապա վերը նշված արձանագրությունների թիվը չի արտացոլում իրական պատկերը: Մի շարք իրավախախտներ կարող են չենթարկվել վարչական պատասխանատվության, քանի որ Տեսչական մարմնի տեսուչները նրանց կանգնեցնելու և ավտոմեքենաները կշռելու իրավասություն չունեն, իսկ ոստիկանության ծառայողները պարտավոր չեն հերթապահել:
Բացի այդ, կշռման գործընթացում բացահայտվել են կոռուպցիոն դեպքեր: Մասնավորապես՝ 2024թ. Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ դատախազը 2023թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Մեկնաբանել