
Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպմանը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կցելով հանդիպման մասնակիցների լուսանկարը։
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարից, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում այդ հանդիպմանը։
Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման պատճառներից մեկն այն է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
«Անընդհատ քննարկվում է՝ արդյոք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին: Մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ: Մեր այդ շեշտադրումից անցել է երկու տարի, պատասխանները ոչ միայն չեն հնչել և արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու: Կամ, եթե նույնիսկ ակնհայտ չէ, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և դրանք համոզիչ չեն, ամեն վայրկյան Հայաստանն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,- հայտարարել էր Փաշինյանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ի վերաբերյալ գնահատականին, իսկ այդ կազմակերպությունը Հայաստանի համար սպառնալիք չէ:
«Խոսքն այն հարցերի մասին է, որոնք վերաբերում են Հայաստանի ինքնիշխան իրավունքների ոլորտին. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, մարտավարական ուղիները, բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ»,- նշել էր Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի պնդմամբ՝ ՀԱՊԿ-ը սատարում է անդամ պետությունների ինքնիշխանությանը։ «Այդ դիրքորոշումը համբերատար կերպով կհասցնենք հայկական ղեկավարությանը։ Հայաստանի հետ շփումները մենք շարունակում ենք և շարունակելու ենք։ Անշուշտ, այդ երկիրը մեր մտերիմ գործընկերն է»,- թեման եզրափակել էր ռուսաստանցի պաշտոնյան։
Լուսանկարը՝ արխիվային/ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
Մեկնաբանել