
Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. հետքերը տանում են Թուրքիա եւ Ադրբեջան
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի վերաբերյալ դաշնային հետաքննության շրջանակներում։ Այդ մասին հայտնում են The New York Times-ը և CBS News-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը հայտնի չէ։ The New York Times-ի տվյալներով՝ դաշնային հետաքննությունը վերաբերում է թուրքական կառավարության հետ կապված անձանցից նվիրատվություններ ստանալուն: Իսկ Ադրբեջանը ֆինանսավորել է Նյու Յորքի քաղաքապետի օգնականների ուղևորությունները Բաքու։
2023 թվականի նոյեմբերին դաշնային իշխանությունները խուզարկել էին Ադամսի նախընտրական շտաբի աշխատակից Բրիանա Սագսի տունը, որը 2021 թվականի քարոզարշավի ժամանակ նվիրատվությունների ներգրավման պատասխանատուն էր։
CBS News-ի աղբյուրների տվյալներով՝ Ադամսի նախընտրական քարոզարշավի ֆինանսական կողմը ստուգվել էր՝ կեղծ դոնորների միջոցով Թուրքիայից անօրինական նվիրատվություններ ստանալու մասով: Այդ ժամանակ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել էր Ադամսի երկու աջակիցների՝ Ռանա Աբասովայի և Ջենք Օջալի տները։ Ի դեպ, վերջինս նախկինում եղել է Turkish Airlines-ի ղեկավարը և Նյու Յորքի ներկայիս քաղաքապետի անցումային թիմի անդամ։
Ինչպես գրում է The New York Times-ը, քաղաքապետի դեմ հետաքննությունը սկսվել էր դեռ 2021 թվականին, երբ Մանհեթենի դաշնային դատախազները ստուգում էին, թե արդյոք Ադամսը ճնշում է գործադրել հրշեջ ծառայության պաշտոնյաների վրա, որպեսզի նրանք հավանություն տան թուրքական կառավարության համար հյուպատոսության նոր բարձրահարկ շենքի բացմանը:
Քննիչները նաև փորձում են պարզել՝ արդյոք Ադամսը Turkish Airlines-ով անվճար թռիչքներ է իրականացրել։ Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ի բաժնետերերից է Թուրքիայի կառավարությունը։
Ինչպես նշում է The New York Times-ը, երբ հրապարակվի մեղադրական եզրակացությունը, Ադամսը կդառնա Նյու Յորքի առաջին քաղաքապետը, որին իր պաշտոնավարման ընթացքում դաշնային մեղադրանք է առաջադրվել:
Ադամսն ասել է, թե քաղաքապետի պաշտոնում այցելել է միայն Իսրայել և Կատար: «Ես միշտ գիտեի, որ եթե պաշտպանեմ նյույորքցիների նկատմամբ իմ դիրքորոշումը, ապա կդառնամ թիրախ, և ես այն դարձա»,- հայտարարել է Ադամսը՝ պնդելով իր անմեղության մասին։ Մեղադրական եզրակացության պարագայում նա խոստացել է պայքարել։
Լուսանկարը՝ Seth Wenig/Associated Press
Մեկնաբանել