HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Աղետ լեռնանցքում. ինչպես կործանվեց «Ան-2» ինքնաթիռը 

1959 թ. հուլիսի 25-ին Հայկական առանձին ավիախումբը նոր կորուստ ունեցավ: Ավիաաղետի հետեւանքով զոհվեց 2 օդաչու, ու շարքից դուրս եկավ ավիախմբի ինքնաթիռներից մեկը: 

Այդ օրը СССР-43949 գրանցումով «Ան-2» օդանավը (ժողովրդի շրջանում սրանք հայտնի են «Կուկուռուզնիկ» անունով) Երեւանից թռավ Ջերմուկ՝ տեղափոխելով ուղեւորներ ու բեռ: Անձնակազմի հետ որպես ստուգող թռավ նաեւ ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալը (Հայկական առանձին ավիախումբը 3 ավիաէսկադրիլիա ուներ՝ 35-րդ տրանսպորտային եւ 36-րդ հատուկ կիրառության, որոնք բազավորվում էին Երեւանում, ինչպես նաեւ Լենինականում գործող 37-րդը): 

Նկատենք, որ կոնկրետ այս ինքնաթիռը բավական թարմ բորտ էր, շարք էր մտել հենց 1959-ին եւ, ըստ առկա ինֆորմացիայի, «Ան-2Պ» տեսակի էր՝ նախատեսված ուղեւորափոխադրումների համար, ու գրանցված էր 36-րդ էսկադրիլիայի կազմում: 

Երեւան վերադառնալուց հետո անձնակազմը, առանց ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալի, մեկնեց Կապան ու հետ եկավ: Այնուհետ «Ան-2»-ը երկրորդ անգամ թռավ Կապան՝ բեռ տեղափոխելով: Եղանակի տեսությունը Երեւան-Կապան թռիչքի ընթացքում՝ 12:15-15:00 միջակայքում, կանխատեսում էր 4-7 բալ ամպամածություն 1800-2300 մ բարձրության վրա, տեսանելիությունը՝ ավելի քան 10 կմ, լեռնանցքները՝ բաց, Սիսիան-Կապան հատվածում կանխատեսվում էր 7-10 բալ ամպամածություն: 

Սակայն Կապանից վերադառնալիս «Անանուն» լեռնանցքի մոտ (խոսքը ներկայիս Թուխմանուկի լեռնանցքի մասին է, որը գտնվում է Արարատի ու Վայոց Ձորի մարզերի սահմանագծին) անձնակազմը հանդիպեց տեղատարափ անձրեւի ու լեռնանցքը ծածկող ամպամածության: Խախտելով տվյալ թռիչքի համար նախատեսված նվազագույն անվտանգ բարձրությունն ու անտեսելով լեռնային տեղանքում թռիչքների կանոնները՝ օդանավի հրամանատարը մտավ ամպամածության գոտու մեջ եւ ինքնաթիռը 2500 մետրից անմտորեն իջեցրեց մինչեւ 2050 մ: Արդյունքում՝ 14:13-ին Երեւանի օդանավակայանից 65 կմ հարավ-արեւելք «Ան-2»-ը բախվեց հանդիպակաց սարի լանջին ու աղետի ենթարկվեց: Երկու օդաչուները զոհվեցին:

Ավիապատահարի հետաքննությունը պարզել է, որ Երեւանի ավիացիոն օդերեւութաբանական կայանի տրամադրած եղանակային կանխատեսումը չի իրականացել: 13:41-ին՝ աղետից կես ժամ առաջ, Երեւանի օդանավակայանի ավիակարգավարը տեղեկացել է, որ «Անանուն» լեռնանցքի հատվածում եղանակը վատանում է, սակայն դեպի Երեւան թռչող օդանավի անձնակազմին չի հայտնել, որ լեռնանցքը փակ է, ու որեւէ ցուցում չի տվել՝ դրսեւորելով լիակատար անգործություն: Իսկ ավագ ավիակարգավարը, իմանալով, որ СССР-43949-ի անձնակազմն այդ օրը չվերթեր է կատարել դեպի Ջերմուկ ու Կապան՝ առանց կարգավարական կայանի հետ կապ հաստատելու, չի պահանջել, որ անձնակազմն այս անգամ կապ պահի: Իր հերթին Երեւանի ավիացիոն օդերեւութաբանական կայանի հերթապահ սինօպտիկը, տեղյակ լինելով, որ մի կողմից՝ լեռներում հնարավոր են եղանակի կտրուկ փոփոխություններ, իսկ մյուս կողմից՝ «Անանուն» լեռնանցքից չեն ստացվում մետեոտվյալներ, չի հետեւել այդ տեղանքով թռիչքներ կատարող անձնակազմերի զեկուցումներին՝ արձանագրելու եղանակի փոփոխությունները, ինչպես նաեւ լեռնանցքում եղանակի վատացման մասին չի իրազեկել օդում գտնվող անձնակազմերին:  

Ըստ հետաքննության՝ աղետի հիմնական պատճառը եղել է օդանավի հրամանատարի կողմից սահմանված անվտանգ բարձրության եւ լեռներում թռիչքների կանոնների անտեսումը: Այլ գործոններ են եղել Երեւանի օդանավակայանի ավագ ավիակարգավարի կողմից տեղական օդային գծերի վրա թռիչքների վատ կառավարումը, աղետի վայրի շրջանում եղանակի կանխատեսման չիրականանալը, ավիաօդերեւութաբանների ու թռիչքների ծառայության միջեւ ոչ հստակ համագործակցությունը, ավիաէսկադրիլիայի հրամանատարի կողմից թռիչքային անձնակազմի հետ տարվող թույլ դաստիարակչական աշխատանքը: 

Լուսանկարում՝ «Ան-2» ինքնաթիռ, աղբյուրը՝ авиару.рф 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր