
600 հազար դրամ չվճարած վարկի պատճառով տունը կորցրած գյուղացին շահել է դատը Հարկադիր ծառայության դեմ
Անցած տարի ներկայացրել էինք Լոռի Բերդի բնակիչ Արմեն Առաքելյանի պատմությունը, որը չէր կարողացել մարել «ՎՏԲ» բանկից ստացած 600 հազար դրամ վարկը, ինչի պատճառով էլ նա, իր ընտանիքի հետ, հայտնվել էր դրսում։
Արմեն Առաքելյանը իր տունը կորցրել էր երկու դատական պրոցեսի հետևանքով։
Դատական գործերի մասին ո՛չ նա, ո՛չ տան անդամները պատշաճ չեն ծանուցվել, Արմենը տևական ժամանակ գտնվել է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի, կինը ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, ընտանիքը բարդ սոցիալական դրության մեջ է ապրել։
- 640 հազար դրամ չվճարած վարկի համար բանկի պահանջով բռնագանձվել է գյուղացու տունը
- 640 հազար դրամ չվճարած վարկի համար գյուղացուն զրկեցին իր տնից
«ՎՏԲ» բանկի հայցը դատարանը բավարարել էր, և 2022-ին Արմեն Առաքելյանի երկհարկանի տունը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վաճառել էր հանրային աճուրդով։
Գույքը գնահատվել էր 13 միլիոն դրամ, սակայն վաճառվել էր 2,3 միլիոն դրամով։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները տնից վտարել էին Արմենին և տանը բնակվող ընտանիքի անդամներին, դուրս էին բերել նրանց պատկանող գույքը և արգելել էին տուն մտնել։
Արմեն Առաքելյանը և իր ընտանիքը հայտնվել էր դրսում, հոգեկան ծանր ապրումներից մահացել էր Արմենի մայրը՝ Լենիկ Առաքելյանը։
Տան գնորդը ծնունդով ստեփանավանցի, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Ռազմիկ Մարիկյանի մորաքույրն էր՝ Մելանյա Մելիքջանյանը։ Տունը աճուրդով գնելուց գրեթե անմիջապես հետո նա իր հերթին վաճառել էր տունը։
Դրսում հայտնվելուց հետո Արմեն Առաքելյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական հայց էր ներկայացրել, քանի որ խախտվել էին նրա և տան մյուս համասեփականատերերի իրավունքները։
Դատական հայցով Առաքելյանը պահանջել էր անվավեր ճանաչել իր տան հարկադիր աճուրդը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել նաև առուվաճառքի պայմանագիրն ու Մելանյա Մելիքջանյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Արմենի ընտանիքը մոտ չորս ամիս ապրել է հարևանի տանը, և մինչ դատարանը որոշում կկայացներ, Արմենի բարեկամը կարողացել է տան նոր սեփականատիրոջը համոզել և թույլտվություն ստանալ, որ ընտանիքը վերադառնա տուն։ Բարեկամի խոսքով՝ նրանք մինչև վերջին պահը հույս ունեին, որ դատարանն արդար որոշում կկայացնի։
Մեկ տարի անց առաջին ատյանի վարչական գործերով դատավոր Հերմինե Մուրադյանը Արմեն Առաքելյանի հայցն ամբողջությամբ բավարարել է։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համաձայն չէ դատարանի որոշման հետ և վերջերս բողոքարկել է վճիռը։ Այժմ գործը քննվելու է վերաքննիչ դատարանում։
«Հետքը» կշարունակի հետևել այս տան պատմության հետագա զարգացումներին։
Մեկնաբանել