HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ճապոնիան նոր վարչապետ ունի

Ճապոնիայի խորհրդարանը կառավարության ղեկավարի պաշտոնում իր աջակցությունն է հայտնել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Շիգերու Իշիբայի թեկնածությանը: Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։ Այսպիսով, Իշիբան դարձել է Ճապոնիայի 102-րդ վարչապետը։

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, ավելի վաղ Իշիբան չորս անգամ պարտվել էր կուսակցության ղեկավարի պաշտոնի և, համապատասխանաբար, Ճապոնիայի վարչապետի պաշտոնների համար պայքարում։ The Japan News-ը գրում էր, որ 2024 թվականին հինգերորդ անգամ առաջադրելով իր թեկնածությունը՝ Իշիբան հայտարարել էր, որ դա կլինի վերջին փորձը։

Այն բանից հետո, երբ Իշիբան հաղթեց ներկուսակցական ընտրություններում, վարչապետի պաշտոնում նրա նշանակումը դարձավ ձևականություն, քանի որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը վերահսկում է ճապոնական խորհրդարանի երկու պալատները։

67-ամյա Իշիբան նախկինում զբաղեցնում էր Ճապոնիայի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարների պաշտոնները։

Վարչապետի պաշտոնում նա կփոխարինի Ֆումիո Կիսիդային, որն օգոստոսին հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։

Այդ ժամանակ Ճապոնիայի վարչապետի նկատմամբ հանրային վստահությունը վաղուց անկում էր ապրում, ինչը պայմանավորված էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում ծավալված մի քանի սկանդալներով։

Մասնավորապես, խոսքը «Միավորման եկեղեցի» կիսակրոնական կազմակերպության կողմից որոշ կուսակցականների ֆինանսավորման մասին էր, որի դեմ Ճապոնիայում շորթման և խարդախության մեղադրանքներով քրեական մի քանի գործ է բացվել։ Բացի այդ, շրջանառվում էր նաև կուսակցության քաղաքական նվիրատվությունների մի մասի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կազմում գործող խոշորագույն խմբակցության անդամների կողմից յուրացման մասին սկանդալը, որը կենդանության օրոք գլխավորում էր նախկին վարչապետ Շինզո Աբեն: Կիսիդան քննադատության էր ենթարկվում նաև Ճապոնիայում տիրող գնաճի պատճառով:

Լուսանկարը՝ Kim Kyung-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter