
Իսրայելը դեռ չի պատրաստվում Բեյրութում զանգվածային գործողություն իրականացնել
Իսրայելն այս պահին չի ծրագրում լայնածավալ գործողություն իրականացնել Բեյրութում և Լիբանանի տարածքում դեռ ուղիղ բախումների մեջ չի մտել Հեզբոլահի հետ։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի ուժային կառույցներում իր անանուն աղբյուրին։
Վերջինիս փոխանցմամբ՝ Բեյրութում առավել մասշտաբային գործողություն իրականացնելու պլաններ դեռ չկան։ Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը սահմանափակ գործողություններ է իրականացնում Լիբանանի տարածքում։
Ինչպես հայտնում է Reuters-ը, Հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի մամուլի ծառայությունը նշել է ցամաքային գործողության նպատակները, որոնք ներառում են «Հեզբոլահ շարժման բարձր ղեկավարության ոչնչացումն ու խմբավորման հարձակողական կարողությունների նվազեցումը»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ այսօրվանից սկսած «սահմանափակ գործողություն» է սկսել Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ իր թիրախում են Հեզբոլահ արմատական խմբավորման՝ Լիբանանի հարավում գտնվող օբյեկտները։
«Մի քանի ժամ առաջ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ, խմբ.) ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա Հարավային Լիբանանում Հեզբոլահի ահաբեկչական օբյեկտների և ենթակառուցվածքների դեմ սահմանափակ, տեղայնացված և նպատակային ցամաքային գործողություն է սկսել: Այս թիրախները տեղակայված են սահմանից ոչ հեռու գտնվող գյուղերում և անմիջական սպառնալիք են Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի համար»,- ասված էր Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ։
Լուսանկարում՝ Բեյրութը իսրայելական հարվածից հետո/Anadolu գործակալություն
Մեկնաբանել