
Վարուժան Չըթըրեան. ձայնային տեսիլ Երևանում
Հնչյունների կազմակերպված հաջորդականությունը որոշակի ժամանակահատվածում համարվում է երաժշտություն։ Ձայնային արվեստ ուղղությունը եկավ և ընդլայնեց հնչյունի, ձայների, աղմուկի վերաբերյալ ընկալումները, դրանցով արտահայտվելու հնարավորությունները։
Վարուժան Չըթըրեանը ստեղծագործող է, ով անցել է այս ճանապարհը՝ երաժշտությունից դեպի ձայնային արվեստ և շարունակում է որոնումները։ Շվեյցարիայում սովորելով դասական կոմպոզիցիա, ապա կրթությունը շարունակելով Գերմանիայում՝ ձայնային արվեստ ուղղությամբ, այժմ նա ստեղծագործում և համագործակցում է աշխարհի տարբեր արտիստների հետ։ Իր գործերում արտացոլելով ժամանակի հիմնահարցերը՝ փորձում է հանդիսատեսի հետ գտնել պատասխաններ։ Վարուժան Չըթըրեանը Երևանում ձայնային արվեստին, երաժշտական փորձարկումներին նվիրված փառատոն է կազմակերպել, ինքն էլ համադրում է այն։
Փառատոնը, որ տեղի կունենա հոկտեմբերի 4-13-ը Երևանի 5 տարբեր վայրերում, այդ թվում՝ «ՀայԱրտ» և «Հայֆիլմ» մշակութային կետրոններում, ունի «ՆՈՊԱ» խորագիրը։
Երևանում կհյուրընկալվեն 13 երաժիշտ, ձայնային արվեստագետներ ու կոմպոզիտորներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Գերմանիայից և Արգենտինայից` համագործակցելու հայ արվեստագետների հետ եւ ստեղծելու բազմաժանր ինստալյացիաներ ու ակուսմոնիում:
Վերջին տարիներին Հայաստանը կրում է աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունը, որոնք մշակութային դաշտին նոր շունչ են հաղորդել: Դրանք նաև նոր մարտահրավերներ ու բազմազանություն են բերել, որոնք այս փառատոնը ցանկանում է ի ցույց դնել: «ՆՈՊԱ» փառատոնը կդառնա հարթակ ժամանակակից արվեստով, երաժշտությամբ և ձայնի տեխնիկական կողմով հետաքրքրվածների համար, ինչպես նաև՝ նրանց համար, ովքեր ցանկանում են Երևանը և նրա մշակույթը մի նոր անկյունից տեսնել։
Փառատոնի որոշ միջոցառումներ կանցկացվեն հանրային տարածքներում, որտեղ այցելուները կկարողանան մասնակցել երեք տարբեր «ձայնային քայլերթերի»` հնարավորություն ստանալով նորովի բացահայտելու քաղաքը և նրա հիմնահարցերը:
Փառատոնի բացումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը՝ 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում։
Մեկնաբանել