HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս տարվա սեպտեմբերի 3-ին 743 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ։ 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը և հուշահամալիրը միշտ ունեցել են խնդիրներ՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ փորձեր են արվել լուծել այդ խնդիրները, բայց ապարդյուն, և հիմա վերջապես ստեղծվել է իրավիճակը շտկելու հնարավորություն, քանի որ թանգարան-ինստիտուտում և հուշահամալիրում կիրականացվեն հիմնարար վերանորոգման աշխատանքներ»,- «Արմենպրեսի» հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման նախագիծը կազմվել էր դեռևս 2021 թվականին,Կառավարությունը հատկացրել էր անհրաժեշտ գումարը, սակայն մրցույթն անցկացվել է այս տարի:  

«Բիդեք» ՍՊԸ-ի 75%-ը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Ընկերության 25%-ը պատկանում է Գառնիկ Ավետիսյանին, որը Մհեր Սեդրակյանի ընկերն է։ Ընկերության հիմնադրումից՝ 2009 թվականից մինչև 2019 թվականը Գառնիկ Ավետիսյանին էր պատկանում «Բիդեք» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը։   

ԿԳՄՍՆ-ի հետ «Բիդեք» ՍՊԸ-ն մեկ պայմանագիր էլ 2023 թվականին էր կնքել՝ Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման համար։ Պայմանագրի գինը 431 մլն 980 հազար դրամ էր։

Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Բիդեք» ՍՊԸ-ի հետ այս տարվա մայիսի 23-ին 438 մլն 822 հազար դրամի պայմանագիր էր կնքել։ Դրանով նախատեսվում է հիմնանորոգել Նոր Գեղի-Եղվարդ տրանսպորտային հանգույց-Մ-1 ավտոճանապարհի Հրազդան գետի վրա գտնվող կամուրջը։ 

«Հետքը» նախկինում անդրադարձել է «Բիդեք» ՍՊԸ-ի հետ պետական և համայնքային գերատեսչությունների կնքած բազմամիլիոնանոց պայմանագրերին։ 2021-2022 թվականներին ընկերությունը Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի և ոստիկանության հետ 3 պայմանագիր էր կնքել, ընդհանուր 5 մլրդ 392 մլն դրամ արժեքով։ 

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Սեդրակյանների ընտանիքի դեմ։ Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 11 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter