HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Միլիարդավոր դրամների պետգնումներ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունից

Քաղաքաշինության կոմիտեն ու Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի ընթացքում մոտ 3,2 միլիարդ դրամի գնում են կատարել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ից։ Պայմանագրերը հրապարակվել են պետական գնումների armeps.am համակարգում։

Նշված գերատեսչություններից ամենախոշոր գնումը կատարել է քաղաքաշինության կոմիտեն։ «Բիդեք» ՍՊԸ-ի և Քաղաքաշինության կոմիտեի միջև հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրի արժեքը կազմել է 2 մլրդ 671 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը պարտավորվել է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2022 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ըստ այդ պայմանագրի՝ ընկերությունը պետք է վերանորոգի Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 12 պոլիկլինիկան, և այդ աշխատանքների համար քաղաքապետարանը «Բիդեք» ՍՊԸ-ին մինչև դեկտեմբեր ամիսը պետք է վճարի ընդհանուր 538 միլիոն դրամ։

Եվս մեկ խոշոր պայմանագիր «Բիդեք» ՍՊԸ-ն կնքել է 2021 թվականին, այս դեպքում պատվիրատուն եղել է ոստիկանություն։ Սեպտեմբերի 3-ին կնքված պայմանագրի համաձայն՝ «Բիդեք» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Երևանի Խորենացի 158 հասցեում գտնվող շենք-շինությունների հիմնանորոգման-վերակառուցման աշխատանքները։ Այդ հասցեում է գտնվում ոստիկանության Պարեկապահակետային ծառայության գունդը։ Ոստիկանության և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիարդ 192 միլիոն դրամ։

Ըստ armeps.am համակարգի՝ «Բիդեք» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել 2017 թվականից՝ պետական տարբեր մարմինների հետ կնքելով մոտ երեք տասնյակ պայմանագիր, սակայն կան ավելի վաղ կնքված պայմանագրեր, որոնք Armeps-ում հրապարակված չեն, օրինակ՝ 2014 և 2016 թվականների պայմանագրեր, որոնց մասին նախկինում «Հետքը» գրել է, սակայն այդ պայմանագրերից և ոչ մեկը այնքան խոշոր չեն եղել, ինչքան 2022 կամ 2021 թվականին կնքված պայմանագրերը։

Իրաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Բիդեք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականի ապրիլի 15-ին։ Մինչև 2019 թվականը ընկերության միակ սեփականատերն ու տնօրենը եղել է Գառնիկ Ավետիսյանը։ Վերջինս Դավիթ Սեդրակյանի հոր՝ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմաի Մհեր) ընկերն է։ 2019 թվականի փետրվարի 14-ից Գառնիկ Ավետիսյանն իր բաժնեմասի 75 տոկոսը փոխանցել է Դավիթ Սեդրակյանին, և մինչև օրս բաժնեմասերի հարաբերակցությունը չի փոխվել։ 

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Դավիթ Սեդրակյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 22-րդ համարն էր, և արդյունքում Սեդրակյանն ընտրվեց ԱԺ պատգամավոր։

2021թ․ հոկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ մանդատից հրաժարվելու «պատճառները եղել են անձնական»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter