Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը։
Դեսպանության շենքը գտնվում է Փարիզի 16-րդ թաղամասում, շենքը պատմական է` պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին:
«ՀՀ Կառավարությունը շենքը ձեռք բերելու համար հատկացրել է 23 միլիոն եվրո։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին:
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Լուսանկարները՝ primeminister.am-ի
Մեկնաբանել