Մտքի ուժը. Երևանում այսօր մեկնարկում է WCIT2024/DigiTec-ը
Հոկտեմբերի 4-7-ը Երևանում տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային 28-րդ համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը, որը համախմբել է ավելի քան 2000 միջազգային պատվիրակների ու խոսնակների:
Տեխնոլոգիական միջոցառման մեկնարկը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:30, Հանրապետության հրապարակում կտրվի բացման համերգով: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Ելույթ կունենա ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն:
Հոկտեմբերի 4-6-ը համաժողովի շրջանակներում Մերիդիան կենտրոնում կանցկացվի ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը։ Վաղվանից էլ երեք օր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու են արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ տարբեր քննարկումներ, ելույթ են ունենալու հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
«REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki) կխոսի հզոր նորարարական ձեռքբերումների օգտագործմամբ խոստումնալից ապագա ստեղծելու մասին։ Աշխարհահռչակ Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo) կներկայացնի մարքեթինգում և սոցիալական մեդիայում նոր լսարանի ներգրավման գործում ԱԲ-ի կիրառության մասին։ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը կկիսվի ԱԲ-ի զարգացումների և կյանքի բոլոր ոլորտներում դրա ներթափանցման մասին իր տեսլականով։ Համաժողովի հատուկ հյուրեր՝ Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և միջազգայնորեն հայտնի Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, կխոսեն հեղափոխական բժշկության մեջ արհեստական բանականության (ԱԲ) կիրառության մասին։ Արմենկո կապիտալի խորհրդի նախագահ Ալեքս Եմենդջիանը հանդես կգա տպավորիչ ելույթով՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու ռազմավարությունների վերաբերյալ։
Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը առաջին անգամ անցկացվել է 1978 թվականին։ 5 տարի առաջ՝ 2019-ին ևս այն անցկացվել էր Երևանում։
Մեկնաբանել