Կրեմլում կայացել է Պուտին-Ալիև հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Մեծ պալատում այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Երկու երկրների նախագահները հանդիպել են Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովից առաջ։
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտաքին գործերի և էներգետիկայի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սերգեյ Ցիվիլևը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ինչպես նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների թեման եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Պուտին-Ալիև դեմ առ դեմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսին՝ Բաքվում, երբ Ռուսաստանի նախագահը պետական այցով Ադրբեջանում էր։
Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո Պուտինը նախատեսում է հանդիպել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել