
Ալիևը քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությունը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է համախմբված դիրքորոշում ցուցաբերի այս հարցում:
«Դա (պատժամիջոցների քաղաքականությունը՝ խմբ.) ընդհանրապես գոյություն ունենալու իրավունք չունի, առավել ևս, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են ու կիրառվում են բոլորովին անհիմն և ընտրողաբար։ Այդ պատճառով մենք կտրականապես դեմ ենք բոլոր տեսակի պատժամիջոցներին, և կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է համախմբված արտահայտի իր դիրքորոշումը»,- ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ նման կերպ Ադրբեջանն իր դիրքորոշումն է հայտնում Բաքվի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ և ոչ միայն:
Մի քանի օր առաջ Ալիևը դարձյալ խոսել էր ԱՄՆ պատժամիջոցների մասին՝ նեղսրտելով, թե Վաշինգտոնը, որդեգրելով հայամետ քաղաքականություն, չի հանում Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոցներ։
Այդ ժամանակ Ալիևը հիշեցրել էր, որ Ադրբեջանն ամերիկյան սահմանափակումների տակ էր հայտնվել 1992 թվականին, երբ «հողեր էր կորցնում», իսկ 2001-ին այդ սահմանափակումները չեղարկվել էին: Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը պետք էր ԱՄՆ-ին, «քանի որ սկսվեց այդ երկրի օկուպացիոն գործունեությունը Աֆղանստանում»:
«Քանի դեռ նրանք Աֆղանստանում էին, այդ պատժամիջոցներն ամեն տարի չեղարկվում էին ԱՄՆ նախագահի կողմից։ Հենց որ նրանք փախան Աֆղանստանից, ընդ որում՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ, մեր դեմ կրկին կիրառվեցին այդ պատժամիջոցները։ Արդյոք հնարավո՞ր է այդքան անշնորհակալ լինել»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նեղսրտել էր Ալիևը։
Տվյալ պարագայում խոսքը «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» ամերիկյան օրենքի (հակիրճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև») 907-րդ փոփոխության մասին է, որը Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունել էր 1992 թվականին։ Այդ փոփոխությամբ ԱՄՆ-ին արգելվում էր Ադրբեջանին օգնություն ցուցաբերել արցախյան հակամարտության պատճառով։
Politico-ն գրում է, որ այդ փոփոխության գործունեությունը դադարեցվեց 2001 թվականին, երբ Ադրբեջանի իշխանությունները Ջորջ Բուշի վարչակազմին թույլատրեցին օգտագործել երկրի տարածքը՝ Աֆղանստան զորքերի տեղափոխման համար, ինչը դարձավ երկու երկրի միջև ռազմական լայնամասշտաբ գործընկերության սկիզբ։
2002 թվականից ի վեր ամեն տարի Սպիտակ տունը Ադրբեջանին օգնություն տրամադրելու թույլտվություն էր տալիս, սակայն 2023 թվականի օգոստոսից սկսած այդ մասին որոշում չի կայացվել:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել