HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Քիմիայի ուսուցիչները ԿԳՄՍ նախարարությունից պահանջում են վերանայել կամավոր ատեստավորման թեստերը

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարություն նամակ-բողոք են ներկայացրել Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների քիմիա առարկայի ուսուցիչները։ Նրանք նախարարությունից պահանջում են վերանայել կամավոր ատեստավորման թեստերը՝ նշելով, որ թեստերում առկա հարցերը բարդ ու անտրամաբանական են, դպրոցական ծրագրից դուրս։

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Կարինե Գևորգյանն ասում է, որ ինքը հաղթահարել է ատեստավորումը, նախորդ 3 տարիներին մասնակցել է կամավոր ատեստավորմանը, պահանջվող անցողիկ 60 միավորից շատ ավելին՝ 90, 95, 75 միավոր հավաքել։ Գործընկերների համար է անհանգստացած՝ շատերը 55, 56 միավոր են հավաքում, և չեն հաղթահարում ատեստավորումը։

«Հանրակրթական դպրոցում դասավանդելու համար անհրաժեշտ գիտելիքներից շատ ավելին է պահանջվում։ Թեստերում առկա հարցերը բարդ են՝ բժշկական համալսարանի երկրորդ կուրսի մակարդակի գիտելիքներ, դա հանրակրթական ծրագրով դասավանդող ուսուցիչը կարող է չիմանալ, և դա շատ նորմալ է։ Երկու անգամ ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին աշխատանքից ազատվելն է սպառնում, իսկ մարդիկ չեն ուզում աշխատանք կորցնել, միայն նրա համար, որ բարդ թեստեր են կազմված»,- ասում է Կարինե Գևորգյանը։

ԿԳՄՍ նախարարությունում ուսուցիչների բողոքը լսել է հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը։ Ուսուցիչները պահանջել են եռակողմ հանդիպում կազմակերպել Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ), ԿԳՄՍ նախարարության և քիմիայի ուսուցիչների միջև, որի ընթացքում ուսուցիչները կբարձրաձայնեն իրենց դժգոհությունները և կկարողանան համատեղ ընդհանուր հայտարարի գալ, փոփոխել թեստերի հարցերը, ավելի պարզեցնել ու բերել հանրակրթական մակարդակի։ Ատեստավորման թեստերը կազմում է հենց Գնահատման և թեստավորման կենտրոնը։

Ռուզաննա Բարսեղյանը 42 տարվա աշխատանքային փորձ ունի, աշխատում է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցում։ Նախորդ տարի չի հաղթահարել կամավոր ատեստավորումը, անցողիկ 60-ի փոխարեն հավաքել է 56 միավոր։ Բարսեղյանը նաև կրկնուսույց է։ Նշում է՝ հանրակրթական դպրոցի համար իր գիտելիքները բավարար են, իր աշակերտներն ընդունվում են Երևանի բուհեր, բայց ատեստավորման հարցերը բարդ ու ծրագրից դուրս են եղել, որ չի կարողացել հաղթահարել։ Կարծում է, որ քիմիայի թեստերն ավելի բարդ են, քան մյուս առարկաներինը։ 

Ուսուցիչները սպասում են նախարարության պատասխանին։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ թեման ուսումնասիրման փուլում է, հավելյալ տեղեկատվության համար պետք է դիմենք գրավոր հարցմամբ։ 

Տեսանյութը՝ Անժելա Աղամյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter