ԱԱԾ աշխատակիցները մտել են դպրոց, աշակերտների ներկայությամբ գետնին գցել ուսուցչին, տեղափոխել Քննչական կոմիտե
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց են մտել ԱԱԾ աշխատակիցներ, ֆիզիկայի դասաժամի ընթացքում, 9-րդ դասարանում գետնին գցել ուսուցչին, ապա տեղափոխել Քննչական կոմիտե։
«Հետքի» խմբագրություն են դիմել թիվ 20 դպրոցի 9-րդ դասարանի ծնողները, վերջիններս վրդովված են այն փաստից, որ ԱԱԾ աշխատակիցների հատուկ գործողությունները կատարվել են աշակերտների աչքի առաջ, ծնողների պնդմամբ՝ աշակերտները շատ են վախեցել, մի քանի ժամ նրանք չեն կարողացել հանգստացնել երեխաներին։
Հայկուհի Գևորգյանի դուստրը սովորում է թիվ 20 դպրոցի 9-րդ դասարանում։ «Աշակերտները շատ էին վախեցել, անգամ երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նման գործողություններ կատարելը, աշակերտների ներկայությամբ, անընդունելի է, եթե կար բողոք, եթե պետք է կատարվեր գործողություն, ինչու՞ է դա արվել դպրոցում, դասարանում, աշակերտների ներկայությամբ, ինչու՞ է 10 ԱԱԾ աշխատակից մտել դասարան, ուսուցչին նվաստացուցիչ ձևով գցել գետնին, քիթը սեղանին խփելով, աշակերտներին հարցրել՝ հը՞, վայելու՞մ եք, վերջում էլ ասել, դե ձեզ լավ օր ու ուսուցչին քարշ տալով տարել՝ ասելով, որ թող սա, մյուսների համար դաս լինի»,- ասում է Հայկուհի Գևորգյանը։
Կնոջ խոսքով՝ նրանց գլխավոր մտահոգությունն այն է, որ այդ ամենը կատարվել է աշակերտների ներկայությամբ։ Ծնողները դա համարում են անընդունելի։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ նշելով, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չի հրապարակվում»,- նշված է Գոհ Աբրահամյանի հրապարակման մեջ։
ՀՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածն անառակաբարո արարք կատարելուն է վերաբերում։ Հոդվածը սահմանում է՝ 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում` տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 198-րդ, 199-րդ կամ 200-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները։
3-րդ մասի առաջին կետում նշված է՝ կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն, իսկ 3-րդ կետով՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված։
Քանի որ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ իմանալ չհաջողվեց, «Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայություն ու Քննչական կոմիտե և հարցրել, թե ինչու են ԱԱԾ աշխատակիցների հատուկ գործողությունները կատարվել աշակերտների աչքի առաջ։
Գլխավոր լուսանկարը՝ Վիքիպեդիայից
Մեկնաբանել