HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Սիրավյանի Փարաջանովը». ցուցահանդես Ազգային պատկերասրահում

«Խելքը քեզ էնքան հեշտ է տրվում, ինչքան Վիլյամ Սարոյանին էր տրվում։ Դու նրա պես մարդ ես։ Շունչդ թեթև, արագ, կարող ես մտքիդ հետ կատակ անելով՝ ընթանալ»,- այպես է  արխիվային տեսագրություններից մեկում խոսում գրող Հրանտ Մաթևոսյանը գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի, իրենց սիրելի Սիրավի մասին։

Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը հայտնի է առավելապես իր ստեղծած բնանկարներով և դիմանկարներով։ Նրա բնանկարներում տարերային ուժերի շարժման դինամիկա կա, որից կտավն ասես կենդանություն է ստանում։ Նույն կերպ դիմանկարում նկարչին գրավում էին վառ ու ինքնատիպ անհատները։ Իր զգայուն աչքով նա տեսնում և պատկերում էր անհատի ներաշխարհը, խառնվածքը։ Այդպես են ստեղծվել նկարչի մի շարք ժամանակակիցների՝ Մաթևոսյանի, Սարոյանի դիմանկարները։ Այդ շարքում առանձին տեղ են գրավում վառ, էքսցենտրիկ, կինոյում իր ուրույն գեղագիտական լեզուն ստեղծած ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին պատկերող Սիրավյանի հինգ տասնյակից ավելի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները։

«Մենք ընկերներ չէինք, բայց հաճախ էինք հանդիպում, շփվում։ Ես անմիջապես ընդունեցի նրա էսթետիկան, ընդունեցի նրան՝ որպես անհատի ու նկարչի, և կարծում եմ՝ խորապես հասկացա նրան»,- ասել է Սիրավյանը:

Նկարչի թեմատիկ կտավներում Փարաջանովը պատկերված է երևակայական գունագեղ աշխարհում, որտեղ ամեն ինչ ինքնատիպ ու գեղեցիկ է, այդ աշխարհի կենտրոնում հենց ինքն է՝ Փարաջանովը՝ «Մարդ տոնը», «Կենդանի հրաբուխը»։

Փարաջանովի կերպարը Սիրավյանի կտավներում հաճախ ռեժիսորի օգտագործած սիմվոլների լեզվով է արտահայտվում. գլխազարդեր՝ բանտախցում անցկացրած տարիների ցավի ու տառապանքի փշե պսակը, համաշխարհային համբավն ու ճանաչումը խորհրդանշող թագը և եղջյուրները՝ անսանձ հանճարի կերպարը:

Գրաֆիկական դիմանկարներում՝ սև ու սպիտակ գծաշարում, Փարաջանովը պատկերված է անկանխատեսելի, համարձակ, հուզական տարբեր հոգեվիճակներում, երջանկության պատրանքների մեջ։

Իր կերպարվեստով զգալի ավանդ թողած գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանը իր կյանքի օրոք ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես՝ 1993 թ.-ին 65 տարեկան հասակում։

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում՝ Ազգային պատկերասրահում, բացվեց «Սիրավյանի Փարաջանովը» ցուցահանդեսը՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին և ներկայացնում է Փարաջանովին պատկերող Սիրավյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները:

Ցուցադրությունը ներառում է նաև կինոռեժիսորի թանգարանի հավաքածուից գործեր, որոնք առավել ընդգրկուն են դարձնում Փարաջանովի «սիրավյանական» կերպարը:

Ցուցահանդեսն ուղեկցվում է եռալեզու կատալոգով (հայերեն, անգլերեն, ռուսերեն):

Համադրող՝ Զարուհի Դիլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter