HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին աղջիկ տրոմբոնահարը Երևանի երաժշտական հատուկ դպրոցից

Մարիամ Վարդանյանը 6 տարեկան էր, երբ առաջին անգամ մտավ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց։ Այդ օրվանից 16 տարի է անցել, նա էլի զանգի հետ նույն դպրոցի դուռն է բացում` միայն թե արդեն որպես ուսուցիչ։

Մարիամը Հայաստանում առաջին աղջիկ տրոմբոնահարն է։ Տրոմբոն նվագել սովորել է դպրոցում, որտեղ հիմա դասավանդում է։ Հանրակրթական դասերից հետո այստեղ երաժշտական ժամերն են սկսվում. սովորող բոլոր աշակերտները 4-րդ դասարանից պարտադիր որևէ գործիք են նվագում, մի մասը նաև գիշերում է դպրոցում, դրա համար էլ այն հատուկ է կոչվում։ 

Մասնագետները նախապես որոշել էին, որ Մարիամը պիտի դաշնամուր նվագի։ Ասում է՝ չէր ուզում. գործիք տանել-բերելը գրավել էր դեռ փոքր տարիքից, ինքն էլ էր ուզում իր գործիքն ունենալ։

«Մոտեցա ուրիշ ուսուցչի, ասեցի՝ շեփոր եմ ուզում նվագել։ Ձեռքերիս, ատամներիս, շրթունքներիս նայեց, ասեց՝ չէ, արի դու տրոմբոն նվագի, համ էլ Հայաստանում տրոմբոն նվագող աղջիկ չկա»,- հիշում է Մարիամը։

Ոգևորվել է, սկսել այդ մեծ գործիքը նվագել, որ դպրոցի տղաների ձեռքին էր տեսել միայն։ Հիմա առանց տրոմբոնի Մարիամն իր կյանքը չի պատկերացնում։ Ամեն օր 4-6 ժամ պարապում է, եթե մի օր բաց է թողնում, մեղադրում է ինքն իրեն։

«Կոնսերվատորիա պիտի ընդունվեի, խնդրեցի, որ գործիքս դասերից հետո չհանձնեմ, պարապեմ։ Դասերս արագ վերջացնում էի, սկսում նվագել։ Հենց սկսում եմ նվագել, բոլոր խնդիրներն անհետանում են։ Հիասթափություններ էլ են եղել, բայց ես հասկացել եմ, որ գործիքս շատ եմ սիրում»,- ասում է Մարիամը։

Երկար պարապել ու ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա։ Հիմա էլ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է, մինչ այդ սովորել է նաև Իսպանիայում։ Սովորելուն զուգահեռ այժմ դասավանդում է հարազատ դպրոցում։

«Իմ ամբողջ կյանքը, կարելի է ասել, էս դպրոցում եմ անցկացրել։ Էնքան կապված էի դպրոցին, չէի սիրում արձակուրդները. մեր գործիքներն էստեղ էին մնում, 3 ամիս չէինք պարապում, սպասում էի՝ դասերը սկսվեն, որ նորից նվագեմ»,- պատմում է Մարիամը։

Այս տարվանից Երևանի երաժշտական հատուկ դպրոցում Մարիամը դասավանդում է. փողային ալտ, տենոր, բարիտոն գործիքների մասնագիտական դասերը նրան են վստահել։ Մարիամը կոտրել է կարծրատիպը, թե տրոմբոն միայն տղաները պիտի նվագեն, հիմա փողային այս գործքիներին է ծանոթացնում ու նվագել սովորեցնում իր աշակերտներին։

Մարիամի հետ շրջում ենք։ Հանրակրթական ժամերն ավարտելուց հետո աշակերտները սնվել, պահեստից հերթով ու շարքով վերցրել են իրենց գործիքները, անցել մասնագիտական դասերին։ Միջանցքում ամեն դասասենյակից երաժշտական տարբեր գործիքների ձայներ են լսվում։ 

Դպրոցի աշխատակիցները ամեն անկյունի մասին հետաքրքիր մի պատմություն ունեն պատմելու, որի սկիզբը միշտ նույն կերպ է հնչում. «Դե, ես էլ եմ էս դպրոցն ավարտել»։ Երաժշտական գծով փոխտնօրեն Աշոտ Առաքելյանն ասում է՝ ուսուցիչների մեծ մասը դպրոցի շրջանավարտներ են, առաջին քայլերն այստեղ են արել, սկսել նվագել տարբեր բեմերում, բայց վերադարձել են ու հիմա իրենց փորձն են փոխանցում նոր սերնդին։ 

Արդեն երկար տարիների պատմություն ունի դպրոցը։ 1930-ականներին քաղաքացիական պատերազմներից հետո և նախապատերազմյան լարված մթնոլորտում շատ էին փողոցներում թափառող որբ երեխաները: Կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում նրանց այդ թշվառ վիճակից հանելու համար, և 1937 թվականին Սուխումիում ստեղծվում է №222 ռազմական երաժշտական գիշերօթիկ դպրոցը: Հետագայում դպրոցը տեղափոխվում է Երևան: Դպրոցի նպատակն էր ոչ միայն ապաստան տալ ծնողազուրկ և չքավոր երեխաներին, այլև պատրաստել երաժիշտներ զինվորական փողային նվագախմբերի համար:

Հիմա էլ դպրոցն իր փողային բաժնով սնուցող երակ է Կոնսերվատորիայի և Մանկավարժական համալսարանի համար։ Նաև համագործակցում են, համատեղ համերգներ կազմակերպում։ Մանկական փողային նվագախումբը միջազգային ու հանրապետական տարբեր մրցույթների դափնեկիր է։ 

«Եզակի գործիքներ ունենք, որոնց պահանջարկը հանրապետությունում կա, շատ նվագախմբեր այդ գործիքների կարիքն ունեն։ Փորձում ենք այդ դասարաններն ավելի մեծացնել»,- նշում է փոխտնօրեն Աշոտ Առաքելյանը։

Առաքելյանն ասում է՝ երաժշտական գործիքի պակաս չունի դպրոցը։ Նոր ու փայլուն գործիքներ ունեն, որ հիմնականում շրջանավարտներն են նվիրում, հներն էլ, որ լավ են պահպանված ու յուրահատուկ հնչեղություն ունեն, գործածվում են։ Երաժշտական գործիքների պահեստում առանձին հատված կա, որտեղ վնասված գործիքները նոր շունչ են առնում, շարքից դուրս եկածներն էլ պահվում են ու հուշում իրենց գործիքների հետևից եկած աշակերտներին, թե ինչ երկար ճանապարհ է անցել դպրոցը՝ Սուխումիից դեպի Երևան։

Դպրոցում այս պահին 224 աշակերտ է սովորում, նրանցից շուրջ 125-ը գիշերում է։ Փոխտնօրենը շեշտում է՝ միակ խնդիրն այս պահին շենքային պայմաններն են. եթե դպրոցն ավելի բարեկարգ լիներ, ավելի շատ ծնողներ կուզեին իրենց երեխաներին այստեղ ուղարկել։

«Շատերը զարմանում են, որ այս շենքում այսպիսի երեխաներ են մեծանում, նման բարձրակարգ մասնագետներ են աշխատում։ Եթե ավելի լավ պայմաններ լինեին, երեխաների հոսքը դպրոց ավելի մեծ կլիներ»,- ընդգծում է Առաքելյանը։

«Տարիներ շարունակ մենք խոսակցություններ ենք լսում, որ դպրոցն ուզում են տեղափոխել։ Իհարկե, ցանկալի չէ։ Պիտի իր տեղում վերանորոգվի դպրոցը։ Իզուր չէ, որ Իսակովի պողոտայում է դպրոցը՝ ավտոկայանին մոտ. մարզերից շատ երեխաներ ունենք, որոնց հարմար է այս հատվածը, գալիս են, 5 օր գիշերում»,- ասում է Աշոտ Առաքելյանը։

Թեև գիշերող աշակերտների թիվը մեծ է, դպրոցը տաք ջրի խնդիր ունի։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել են, որ նախատեսվում է դպրոցը մասնակի վերանորոգել, որ հնարավոր լինի ինչ-որ կերպ բարելավել պայմանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter