
Հանքարդյունաբերությունը «ծաղկում է», քանի որ ազատված է հարկերից
Հայաստանի ողջ տարածքը դեռևս խորհրդային ժամանակներից ուսումնասիրության է ենթարկվել` հնարավոր հանքային պաշարների մասին տեղեկություններ ստանալու նպատակով, բայց բնապահպանության նախարարությունը շարունակում է լիցենզիաներ տրամադրել սնկի պես աճող հանքարդյունաբերողներին` ուսումնասիրություններ կազմակերպելու նպատակով, որին, բնականաբար հաջորդում է շահագործումը:
Հայաստանում այժմ կա 499 հանքավայր, որոնց թվում շատ են բնակավայրերի անմիջական հարևանությամբ կամ հենց քաղաքների կամ գյուղերի տարածքներում գտնվողները:
Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հանքարդյունաբերության աշխարհագրության նման կտրուկ ընդլայնումը պայմանավորում է նրանով, որ այն գործնականում ազատված է հարկերից: Կան, իհարկե, եկամտահարկ, շահութահարկ (այն էլ հանքարդյունաբերողի ներկայացրած սիմվոլիկ թվերով), սակայն հիմնական հարկերը, որոնք պետք է որ գոյանային հանքի շահագործումից առաջացած թափոններից, չեն գանձվում: Սանասարյանի խոսքով` միայն Քաջարանի հանքի թափոններից պետբյուջե կարող էր մտնել 670 միլիարդ դրամ:
Կանաչների միության նախագահը Հայաստանի համար մահաբեր է համարում հանքարդյունաբերության այնպիսի ահռելի ծավալները, երբ 0,9 գրամ ոսկին «քամում են» մեկ տոննա հանքահողից, այնինչ, նորմերի համաձայն, պետք է մեկ տոննայում մոտավորապես 20 գրամ ոսկի լինի հանքի շահագործումը սկսելու համար: Արդյունքում հսկայական տարածքներ ոչնչացվում են, իսկ պոչանքները թափվում են արոտահողերի կամ վարելահողերի վրա: Պոչանքները պետք է հանքի շահագործումից հետո ծածկվեն առնվազն մեկ մետր հողի շերտով, բայց դա հիմնականում չի արվում: Թունավոր տարրերով և ծանր մետաղներով հարուստ պոչանքային հողերը չի կարելի որպես արոտավայր օգտագործել, սակայն դա հաճախ հաշվի չեն առնում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել