«Բեգլարյան» ԲԿ-ում նորածնի բնածին արատը չեն արձանագրել․ ծնողն ահազանգում է՝ երեխան վիրահատության կարիք ունի
2024 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:03-ին, «Բեգլարյան» բժշկական կենտրոնում կեսարյան հատմամբ ծնվել է Գոռ Իսահակյանի և Ալիսա Նիկալյանի դուստրը։ Ծնունդ ընդունող բժիշկը մանկաբարձ-գինեկելոգ Արա Աշոտի Խաչատրյանն էր։ 3 օր անց՝ հոկտեմբերի 9-ին, երեխային ու մորը դուրս են գրել հիվանդանոցից, ասել, որ նորածինը առողջական ոչ մի խնդիր չունի։
Ծննդատնից դուրս գրվելուց հետո՝ հաջորդող օրերին, Գոռը կնոջը հարցրել է, թե ինչու են երեխայի սրտի զարկերը արագ, Ալիսան պատասխանել է, որ բժիշկն ասել է, թե անհանգստանալու կարիք չկա։
Պոլիկլինիկա առաջին այցի ժամանակ, երբ բժիշկը լսել է նորածնի սրտի զարկերը, ուղղորդել է անհապաղ դիմել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկա։ Բժիշկն ասել է, որ նորածնի սրտի զարկերն այնքան արագ են, որ չի հասցնում հաշվել։
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, երեխայի վիճակը վատացել է, սիրտը սկսել է արագ զարկել, ծնողները նրան տարել են «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն, որտեղ ստուգել և ասել են, որ նորածինը թոքային զարկերակի ատրեզիա փորոքային միջնապատի դեֆեկտ ունի (սրտի բնածին արատ), որի մասին, սակայն, «Բեգլարյան» բժշկական կենտրոնում չեն իմացել և ծնողներին չեն հայտնել։
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում ասել են, որ երեխան վիրահատության կարիք ունի։ Նորածնի սատուրացիան ցածր էր՝ 82 %, 95-100 % նորմայի փոխարեն։
«Այսինքն՝ եթե շուտ գլխի չընկնեինք, որ երեխայի հետ մի բան այն չէ, աղջկաս շուտ հիվանդանոց չհասցնեի, կես ժամ հետո կարող էր ուշ լինել, ու երեխաս այսօր չապրեր։ «Բեգլարյան» բժշկական կենտրոնում չափել են սատուրացիան, պահի տակ, ցույց է տվել 95, էդպես գրանցել են։ Կինս ասում է՝ տատանվում էր, չեն պարզել, որ փաստորեն խնդիր կա, շատ լուրջ խնդիր։ Երեխայի սրտի զարկերը 177 է, դա բժիշկների մոտ կասկած չի՞ առաջացրել։ Կինս ծննդաբերության հաջորդ օրը իր մանկաբարձին հարցրել է, թե ինչու՞ է երեխայի սրտի զարկերն արագ, բժիշկն ասել է, որ ամեն բան կարգին է»,- ասում է նորածնի հայրը՝ Գոռ Իսահակյանը։
Երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նախատեսվում է վիրահատություն։
Գոռ Իսահակյանը զանգահարել է Նեոնատոլոգիայի բաժանմունք, խոսել ղեկավար Նոնա Մարգարյանի հետ, վերջինս ծնողին հայտնել է, թե սատուրացիան չափող սարքավորումը լավ չի աշխատել, գուցե դրա համար էլ չեն կարողացել հասկանալ, որ երեխան դեսատուրացված վիճակում է։
«Ասացին սարքը փչացել է, տարել ենք վերանորոգելու, ներողություն խնդրեցին, բայց դա միանգամից չեն ասել։ Բաժնի վարիչը ինձ հետ խոսել է, ասել, որ նման բան հնարավոր չէ, բացառվում է, ապա զանգահարել է ու ասել, թե սարքը տարել են վերանորոգման, լավ չի աշխատել»,- պատմում է Գոռը։
Գոռ Իսահակյանը նաև դիմել է Առողջապահության նախարարություն։ «Հետքը» փորձեց մեկնաբանություն ստանալ «Բեգլարյան» բժշկական կենտրոնից:
Բժշկական կենտրոնի Նեոնատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Նոնա Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, թե բաժանմունքի սքրինինգի ապարատը անսարք չէ։ Նման բան ինքը ծնողին չի ասել, սարքն աշխատում է, անսարք չի եղել, հոկտեմբերի 6-ից հետո էլ այդ նույն սարքով շարունակում են չափել այլ նորածինների սատուրացիան։
«Մենք չափում ենք աջ վերջույթի, աջ ձեռքի սատուրացիան։ Մեր տվյալներով՝ այդ սարքով չափվում ա բոլոր երեխաների սատուրացիան, այս դեպքում էլ այդպես արվել ա, և եղել ա նորմայի սահմաններում, այսինքն՝ ոչ մի բանի համար չի ահազանգել, սարքը ոչ մի արատի համար ահազանգ չի տվել։ Դե սարքը մնում է սարք, բոլոր սարքերն էլ ինչ-որ մի ժամանակ կարող են սխալ ցույց տալ, որովհետև դա սարք ա, մարդ չի, մարդկային գործոնն էլ կարող է լինել, բայց էս դեպքում մենք էդ նույն սարքով չափում ենք բոլոր նորածինների սատուրացիան, մենք մինչև հիմա ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասաց Նոնա Մարգարյանը։
Բաժանմունքի վարիչը նշեց նաև, որ սովորաբար սրտի զարկերը նորածնի մոտ կարգավորվում են ծնունդից ժամեր անց, դա համարվում է ադապտացիոն շրջան, և հնարավոր է, որ հետազոտության ժամանակ դեռ զարկերը կարգավորված չլինեին և չերևար առկա արատը։
«Միգուցե առաջին պահին խնդիր չի եղել և բժիշկն էդպես է ասել։ Խնդիրը կարող է ի հայտ գալ մի քանի օր, մի քանի ժամ հետո։ Համենայնդեպս երբ երեխան երրորդ օրը դուրս է գրվել, նրա մոտ ոչ մի ահազանգող բան չի եղել։ Մի գուցե հետո, երբ տարել են պոլիկլինիկայի բժշկի մոտ, արդեն խնդիրը երևացել է։ Եթե մենք տեսնում ենք ռիսկային ցածր թվեր, ուղղորդում ենք սրտաբանական, այսինքն՝ մեզ վրա դրված ավելորդ պարտականություն չկա, որ զլանանք ու չանենք»,-ասաց նա։
Գլխավոր լուսանկարը՝ unsplash.com-ից
Մեկնաբանել