Արթուր Իշխանյան. «Որոշումները կայացվում են փակ դռների հետեւում եւ սակավաթիվ մարդկանց խմբով»
Սեպտեմբերի 16-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հանրային քննարկման էր դրվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը, որի հեղինակը ԿԳՄՍՆ-ն է: Քննարկմանը հատկացվել էր 2 շաբաթ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը:
Նախքան օրինագծի հրապարակումը՝ սեպտեմբերի 10-ին, Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հանդես էր եկել հայտարարությամբ, որից պարզ էր դարձել, որ ԳԱԱ-ն մասնակցություն չի ունեցել օրինագծի քննարկումներին:
Օրինագծի մասին «Հետքը» զրուցել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանի հետ:
-Պարոն Իշխանյան, Ակադեմիայի հայտարարության մեջ նշվում է, որ այն չի մասնակցել օրինագծի քննարկումներին, իսկ ինչո՞ւ չի մասնակցել:
-Դա եւս ասված է հայտարարության մեջ՝ չեն հրավիրել։ Ընդ որում՝ եթե համապատասխան հանձնաժողովում ընդգրկել էլ են, ապա նիստերին չեն հրավիրել։ Ակադեմիայի մասնակցությունը զրո է եղել։
-Կարծում եք՝ միտումնավո՞ր է այդ քաղաքականությունը։
-Ես կարծիք չունեմ, Դո՛ւք ասեք։
-Օրինագծի հրապարակումից հետո՞ եք ծանոթացել դրան։
-Այո։
-Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը սեպտեմբերի 30-ին ԿԳՄՍ նախարարին կից հասարարական խորհրդի նիստում ասել է հետեւյալը. «ԳԱԱ-ին վերապահվելու են փորձագիտական գործառույթներ՝ գնահատելու գիտական կազմակերպությունների հաշվետվությունները, իսկ գործառույթների վարչական մասը դուրս է գալու»։ Ի՞նչ է սպասվում Ակադեմիային։
-Եկեք մի քիչ ավելի լայն խոսենք, ոչ թե Ակադեմիայի, այլ թե ինչ է կատարվում գիտության ոլորտում, որովհետեւ գիտության ոլորտը չի սահմանափակվում միայն Ակադեմիայով:
Այս օրինագծով մի քանի արմատական փոփոխություններ են արվում գիտության ոլորտում: Դրանցից մեկն այն է, որ գիտական կազմակերպությունները ոչ միայն Ակադեմիայի, այլեւ նախարարությունների կազմից երկաստիճան շարմամբ տեղափոխվում, միացվում են բուհերին։ Առաջին քայլը լինելու է այն, որ օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր անց դրանք բոլորն անցնելու են ԿԳՄՍՆ-ի ենթակայութան տակ՝ հետագայում խոշորացված բուհերին միանալու հեռանկարով։ Դա արմատական փոփոխություն է, որը նշանակում է՝ անցում գիտության կազմակերպման համալսարանական մոդելին։ Այդ դեպքում Ակադեմիային վերապահվում են ինչ-որ գործառույթներ։ Գիտությունների ազգային ակադեմիան՝ որպես երեւույթ, պահպանվում է, սակայն փոխում է իր կարգավիճակն ու գործառույթները:
Դա հստակ չէր e-draft-ում դրված նախագծի տարբերակում, որտեղ կային ձեւակերպումների հակասություններ: Մասնավորապես՝ նախագծի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է Ակադեմիային, դրա առաջին կետով ասվում է, որ ԳԱԱ-ն ոչ առեւտրային կազմակերպություն է։ Դա ճիշտ նույն ձեւակերպումն է, ինչպիսին այսօր «Ակադեմիայի մասին» օրենքում է, բայց օրինագծի այլ կետերում ակադեմիան հիշատակվում է որպես հիմնադրամ: Ինչպես հայտնի է, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասված էր, որ այն պետք է դառնա ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ։
Ասում են՝ այդ առաջին կետում նշված «ոչ առեւտրային կազմակերպություն» ձեւակերպումը պատահական վրիպակ է, այնուամենայնիվ, հիմնադրամ է լինելու։ Սա բավական արմատական փոփոխություն է, քանի որ հիմնադրամների մասին օրենքը թույլ չի տալիս իր կազմում ունենալ այլ հիմնադրամներ կամ ոչ առեւտրային կազմակերպություններ, հետեւաբար, այո, Ակադեմիայի վարչական գործառույթները վերացվում են։ Դրանք են՝ գիտական գործունեության կազմակերպումն ու համակարգումը։
-Հստակեցնենք: Դա նշանակում է՝ Ակադեմիան իր կազմում չի՞ ունենալու գիտական կազմակերպություններ։
-Այո, չի ունենալու որեւէ կազմակերպություն։ Բայց գիտական կազմակերպությունների անցումը նախարարության ենթակայության տակ չի վերաբերում միայն Ակադեմիային, այլեւ դրանից դուրս գտնվող մյուս ինստիտուտներին, մասնավորապես, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային (նախկինում՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ - հեղ.): Այն նույնպես պետք է միանա որեւէ համալսարանի։ Այսինքն՝ այդ դրույթը տարածվում է բոլոր գիտական կառույցների վրա։
Ակադեմիային վերապահում են գործառույթներ, որոնք եղել են նաեւ անցյալում։ Դրանք հատուկ են բոլոր ակադեմիաներին: Դրանք են՝ գիտության հանրայնացումը, փորձաքննությունը, մեր հասարակության եւ պետության համար գիտական խորհրդրատվության տրամադրումը, ինչպես նաեւ որոշ փորձագիտական գործառույթներ, օրինակ՝ բազային ֆինանսավորմամբ ծրագրերի հայտերի եւ արդյունքների գնահատումն է նախատեսվում այս օրենքով: Դա արտաքին գնահատման համակարգի ներդնումն է, որը կիրառվում է աշխարհում, երբ ինչ-որ հաշվետվության գանահատումն իրականացվում է ոչ միայն վերադասի, այլեւ արտաքին կառույցների կողմից։ Տվյալ դեպքում Ակադեմիան հանդես է գալիս արտաքին գնահատողի դերում։ Սկզբունքորեն այդ բոլոր գործառույթները դրական են, եղել են նաեւ անցյալում։
-Իսկ կարգավիճակի տեսակետի՞ց:
-Ասվում է, որ Ակադեմիան լինելուէ հիմնադրամ՝ դրան հատուկ բոլոր սահմանափակումներով՝ առանց գիտական կազմակերպությունների։
-Ինքներդ պատկերացնո՞ւմ եք Ակադեմիան այդ կարգավիճակում։
-Աշխարհում, այո, կան այդպիսի մոդելներ։ Դա եւս սկզբունքորեն հնարավոր տարբերակ է։
-Իսկ նախագիծն ի՞նչ ռիսկեր կամ վտանգներ է պարունակում գիտության ոլորտի համար:
-Այս նախագծով մեր երկրում գիտությունը վերածվում է բացառապես կամ հիմնականում կրթության սպասարկողի։ Դա անընդունելի է բոլոր առումներով, որովհետեւ գիտությունը նույնաբար պետք է ծառայի տնտեսությանը, պաշտպանական խնդիրների իրականացմանը եւ այլն, ինչն այս նախագծով հնարավոր չի լինելու իրականացնել։ Քննադատության կետերը շատ են, կանդրադառնամ առավել կարեւորներին։ Դրանք արտահայտված են եղել անեւ ԳԱԱ-ի կառավարման բարձրագույն օրգանի՝ Ակադեմիայի ընդհանուր ժողովի որոշման մեջ եւ որւէ կերպ հաշվի չեն առնված այս նախագծում։
Ընդհանրապես, այս նախագիծն իրականում իր մեջ մեկտեղում է նախկինում գործող մի շարք օրենքներ եւ իրավավական այլ ակտեր՝ «Գիտական եւ գիտատեխնոլոգիական գործուենության մասին», «Ակադեմիայի մասին», բարձրագույն կրթության մասին, Ակադեմիական քաղաքի մասին, ներառում է նաեւ բարձրագույն որակավորման հանձնաժողովին առնչվող իրավական ակտերը։ Այս նախագիծը մեկ բառով կարող է բնութագրվել ոչ թե օրենքի, այլ օրենսգրքի նախագիծ, որովհետեւ գործ ունենք մի շարք օրենքների միավորման հետ։
Ներկայացված օրինագիծը կազմված է բավական անփույթ ձեւով։ Արդեն բերեցի մեկ օրինակ։ Շատ են հակասությունները տարբեր կետերի մեջ։ Չնայած ասում են, որ դեռեւս 2015 թվականից է մշակվում այս օրենքը, անընդհատ փոփոխություններ են եղել, բայց ամեն դեպքում վերջնական տարբերակն ակնհայտորեն հապճեպ եւ անփույթ է կազմվել:
1․ Այս նախագծով Հայաստանն անցնելու է գիտության կազմակերպման մաքուր համալսարանական մոդելի: Սակայն չկա որեւէ երկրի օրինակ, երբ բացառապես միայն համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպություններ լինեն: Բոլոր երկրներում տարբեր համամասնություններով առկա են ե՛ւ համալսարանական, ե՛ւ արտահամալսարանական գիտական կազմակերպություններ: Առավել արտահայտված համալսարանական տարբերակը՝ 70-80 տոկոս համալսարանական հարաբերությամբ, անգլո-ամերիկյան մոդելն է: Սակայն այստեղ չպետք է մոռանալ, որ նույն ԱՄՆ-ում գործում է, օրինակ, ՆԱՍԱ-ն, որը վարչական առնչություն չունի համալսարանների հետ: Դա տիեզերական տեխնոլոգիաների մշակման նպատակով ստեղծված առանձին համակարգ է։ Եվ այլն։
Գիտության կազմակերպումը մաքուր համալսարանական սխեմայով անընդունելի է։ Սա շատ սկզբունքային հարց է: Ռազմական, պաշտպանական եւ այլ ծրագրերը մեծամասամբ չեն կարող իրականացվել համալսարանական կարգավորումների շրջանակներում: Այս նախագծով ամեն ինչ տարվում է համալսարանական, այսպես ասած, հովանոցի ներքո, իր մեջ պարունակելով արմատական ռիսկեր: Համենայն դեպս, շատ դժվարանալու է պաշտպանական մշակումների իրականացումը։ Ամերիկայում պաշտպանական ամենախոշոր ծրագրերն իրականցվում են ազգային լաբորատորիաներում։ Իսկ, օրինակ, Գերմանայում, որտեղ արտահամալսարանական գիտությունն ավելի շատ է, մի քանի ցանցեր կան, որոնցից են Մաքս Պլանկի, Լայբնիցի ինստիտուտները եւ այլն:
2. Այս նախագծի արմատական սխալը գիտության կազմակերպման բազմաձեւության ոչնչացումն է։ Միայն մեկ իրավակազմակերպական ձեւն անընդունելի է, որն ակհայտորեն բերելու է լճացման։ Ակադեմիայի առաջարկով, որը հենվում է աշխարհի փորձի վրա, ցանկալի է ունենալ նվազագույնը երկու ձեւ։ Աշխարհում հաճախ կիրառվում են երեք մրցակցային տարբերակներ, որոնք գործում են տարբեր իրավական կարգավորումներով։
Ակադեմիայի առաջարկում ասվում է, որ համալսարանների կազմում ուժեղ գիտական բաղադրիչն անշուշտ կարեւոր է եւ օգտակար։ Բայց միաժամանակ առաջարկվում է մեկ երրորդով պահպանել գիտական կազմակերպություններն Ակադեմիայի կազմում՝ որպես այլընտրանքային տարբերակ, եւ նույնքան էլ այս երկու կառույցներից դուրս։ Այսինքն՝ ունենալ տարբեր կարգավորումներով գործող երեք տարբերակ։
3․ Գիտական հաստատությունները մեկ վայրում՝ Ակադեմիական քաղաքում, կենտրոնացնելու ռիսկայնությունն, ի թիվս այլ հանգամանքների, ամեն ինչ մեկ հովանոցի տակ հավաքելն է։ Ակնհայտ է, որ ապրում ենք համաշխարհային բուռն փոփոխությունների, աշխարհակարգի փոփոխության դարաշրջան։ Գտնվում ենք բազմաբեւեռ աշխարհի ձեւավորման ընթացքում։ Իսկ դա նշանակում է, որ պետք է գործ ունենանք տարբեր բեւեռների հետ, եւ միայն մի կողմում գտնվելն, իհարկե, ռիսկային է։ Հիմա եթե ամեն ինչը հավաքում եք մի հովանոցի տակ, եւ եթե որեւէ ինստիտուտ ինչ-որ հարաբերություն ունենա որեւէ բեռեռի հետ, դիցուք՝ Իրանի հետ, եւ դուր չգա մյուս բեւեռին, ու ինստիտուտն ընկնի պատժամիջոցների տակ, պարզ է, որ ամբողջ համակարգն է տուժելու: Ներկա իրավիճակում ձեռնտուն ապակենտրոնացումն է եւ ոչ հակառակը, որպեսզի առանձին բեւեռներից ճնշումերը կամ հարվածները չազդեն ողջ համակարգի վրա։
4. ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կետերից մեկն էլ այն է, որ մեգանախագծերը մեկ հարվածով չի կարելի իրականացնել, որովհետեւ այդ մոդելները կարող են պարունակել թերություններ, որոնք շատ մեծ ազդեցություններ կունենան: Մեր առաջարկն այն է, որ նախ իրականացվեն փոքրամասշտաբ պիլոտային ծրագրեր: Եվ ցանկալի է, որ այդ պիլոտային ծրագրերը մի քանի այլընտրանքային տարբերակով իրականացվեն, որպեսզի երեւան դրանց դրական-բացասական արդյունքները, եւ ընտրվի լավագույն մոդելը:
Հիմա եւս մեկ կետ, որը նշված չէ Ակադեմիայի ընդհանուր ժողովի որոշման մեջ: Ինչպես նշվեց, բոլոր գիտական կազմակերպություններն այս օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո դուրս են բերվելու իրենց գերատեսչությունների ենթակայությունից եւ անցնելու են ԿԳՄՍՆ ենթակայության: Դա արվելու է այն հեռանկարով, որ հետո պետք է տեղի ունենան բուհերի խոշորացումներ, եւ գիտական կազմակերպությունները միացվեն այդ խոշորացված բուհերին:
Մենք գիտենք, որ կազմակերպչական տեսակետից գերատեսչական պատկանելիության փոփոխությունը բերում է բավական երկարատեւ բարդությունների: Այդքան ցնցումների ենթարկել բոլոր կազմակերպությունները՝ հետո նորից տանելով մեկ այլ կարգավիճակով մեկ այլ բուհի կազմ, առնվազն չհիմնավորված է: Կարելի է համբերել այդ մեկ տարին եւ իրականացնել ուղիղ անցում՝ մեկ անգամ կատարելով այդ ցավոտ անցումը: Ինչո՞ւ գիտական կազմակերպությունները ենթարկել բացառիկ սթրեսի, որը տեղի է ունենալու այդ անցումային ժամանակահատվածում:
-Այսինքն՝ համակարգային մեծ փոփոխությունների ենք գնում՝ առանց ռիսկերը գնահատելո՞ւ:
-Փաստացի՝ այո: Հիմնավորումները, որոնք բերված են այդ նախագծում, առնվազն տարօրինակ են: Մասնավորապես, ասվում է, որ ԳԱԱ-ն խորհրդային կառավարչական մոդելով երեւույթ է: Սա ուղղակի ծիծաղ հարուցող բան է, որովհետեւ այդ դեպքում՝ Հանրապետության հրապարակը, որտեղ Կառավարությունն է, նույնպես խորհրդային մոդելով է ստեղծված: Ի՞նչ է, քանդե՞լ է պետք։ Բայց չէի ցանկանա հարցն այս մակարդակին իջեցնել: Ակադեմիական մոդելը, որի վերաբերյալ այդպես արհամարհական նետվում է՝ խորհրդային, գործում է աշխարհի մի շարք առաջատար գիտություն ունեցող, բարձր մակարդակ ցուցաբերող երկրներում, օրինակ, Ավստրիայի ակադեմիան, որն իր կազմում ունի 25 ինստիտուտ, որտեղ աշխատում են մի քանի Նոբելյան մրցանակակիրներ:
Ամփոփելով կասեմ, որ Ակադեմիայի հիմնական դիտարկումներն արդեն իսկ գրավոր շարադրված են իր արտահերթ ժողովի որոշման մեջ: Մեր մասնակցությունն այդ նախագծի մշակմանը եղել է զրո, ինչն արտահայտված է Ակադեմիայի հայտարարության մեջ: Մեր առաջարկներից ոչինչ ընդունված չէ:
Իրականացվում է սկզբունքային, ռազմավարական նշանակության փոփոխություն՝ առանց անմիջական շահառուների հետ որեւէ քննարկում կազմակերպելու: Գիտական ինստիտուտների տնօրենների հետ եւս որեւէ քննարկում չի իրականացվել, Ակադեմիան՝ որպես համակարգային կառույց, չի ներգրավվել, եւ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների կողմից արված բոլոր առաջարկներն անտեսվել են:
-Գործադիրի նման շտապողականությունն ինչո՞վ եք պայմանավորում:
-Այդ հարցի պատասխանը չունեմ: Ասեմ այլաբանորեն։ Անկախության երեք տասնամյակների ընթացքում ժամանակ առ ժամանակ ես հանդես եմ եկել նախաձեռնություններով, որոնք ուղղված են եղել համակարգի փոփոխություններին։ Երբեմն դրանք նույնիսկ արժանանում էին բոլոր պատկան մարմինների, կառույցների, շահառուների հավանությանը, ինչպես օրինակ, «Լույս» հիմնադրամի ստեղծման ժամանակ, երբ նախագիծն անցավ բոլոր նախարարություններով եւ ստացավ դրական կարծիքներ: Անհատապես քննարկվել էր մեր պրոֆեսորադասախոսական կազմի հետ, նաեւ ուսանողների հետ: Սակայն հավանության արժանանալուց հետո այլ կերպ ընթացավ, չարվեց այն, ինչ պետք էր: Երբ ինձ հարցնում էին, թե ինչով եմ բացատրում այդօրինակ ընթացքը, ասում էի՝ անձամբ վարկած չունեմ, բայց քննարկումների ժամանակ լսել եմ վարկածներ, որ հնարավոր է երկու բացատրություն. մեկն առաջին դեմքերի անձնական բարդույթներն են, մյուսը՝ հնարավոր է, որ թելադրված լինի այլ կառույցների կողմից:
-Եթե օրինագիծն ընդունվի, ի՞նչ հետեւանքների է բախվելու գիտության ոլորտը:
-Համակարգը ենթարկվելու է շատ ցնցումների: Սա եւս այն կետերից է, որը խիստ քննադատության ենթակա է: Ինչո՞ւ, որովհետեւ մենք ապրում ենք մեր երկրի համար շատ ծանր, ցնցումների ժամանակաշրջանում: Ինձ թվում էր, որ այդ դեպքում պետք է գնահատեինք կայունության օազիսները: Ակադեմիան իր բրգաձեւ կառուցվածքով հենց այն հազվադեպ օղակներից է, որը մեր անկախության 30-ամյա ընթացքում կատարել է, ըստ իս, պատմական առաքելություն՝ պահպանել է համակարգը, մինչդեռ նույն քանակությամբ կամ ավել ինստիտուտներ, որոնք Ակադեմիայի համակարգից դուրս էին, համարյա ամբողջովին ոչնչացված եւ փոշիացված են: Թվում էր՝ պետք է վարվեին հակառակ կերպ՝ պահպանեին կայունության օազիսները:
-Պարոն Իշխանյան, օրինագծի հրապարակումից հետո գործադիրում քննարկում եղե՞լ է Ակադեմիայի հետ, կամ դիմե՞լ եք նրանց հանդիպելու համար:
-Սեպտեմբերի 18-ով թվագրված գրություն է եկել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից՝ առաջարկելով ներկայացնել մեր կարծիքը, դիտողություններն ու առաջարկություններն այս նախագծի վերաբերյալ: Մեզ տրվել էր մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակ: Ընդհանրապես անհասկանալի էր այդ շտապողականությունը:
-ԳԱԱ-ն անթաքույց առճակատմա՞ն է գնում Կառավարության հետ:
-Այստեղ անհրաժեշտ են ճշգրիտ ձեւակերպումներ: Մեզ տրված էր ժամկետ մինչեւ հոկտեմբերի 1-ը, մենք հարցում ենք արել մեր ինստիտուտներին, հավաքել ենք նրանց կարծիքները, հավաքվել է, եթե չեմ սխալվում 63 էջ, ապա ներկայացրել ենք Ակադեմիայի նախագահության կարծիքը՝ կցելով բոլոր ինստիտուտների կարծիքները:
Ակադեմիայի դիրքորոշումը երկու մասից է բաղկացած: Առաջինում նշում ենք այն ռիսկերը, որոնք կան ներկա նախագծում, ապա անդրադառնում ենք Ակադեմիային վերաբերող 9-րդ հոդվածին: Ինչո՞ւ, որովհետեւ կազմակերպություններին վերաբերող մասերը սփռված են օրինագծի շատ կետերում, որոնց վերաբերյալ դիտողություններն արված են կազմակերպությունների կողմից: Ինչպես ասացի, վերջիններս եւս կցել ենք:
Մենք կառուցողական առաջարկներ ենք անում, հստակեցնում ենք մեր ենթադրյալ գործառույթները: Հոդված 9.1 կետով սահմանվում է, թե ինչ է Ակադեմիան, որը համարյա համընկնում է անցյալում եղած սահմանմանը: Այդտեղ հանված են կազմակերպությունները, որոնք փոխարինված են պատվավոր առաջատար եւ պատվավոր գլխավոր գիտաշխատողներով: Մենք ողջունել ենք այդ տարակարգերի ներմուծումը մեր իրականություն, քանի որ այդ տարակարգերին արժանանում են վաստակաշատ գիտնականները՝ լավ փորձառությամբ: Բայց այդտեղ կան ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը: Դրական է, որ փորձառու գիտնականներին են ներառում, բացասականն այն է, որ այդ տարակարգերը տրվում են միայն կենսաթոշակի տարիքի գիտնականներին, իսկ այդ դեպքում Ակադեմիան սկսում է վերածվել ծերակույտի:
-Բայց Ակադեմիային քննադատում են նաեւ դրա համար, որ ծերակույտի է վերածվել, երիտասարդ կադրերով չի համալրվել:
-Համաձայն «Ակադեմիայի մասին» դեռեւս գործող օրենքի՝ 3-4 տարին մեկ պետք է իրականացվեին ԳԱԱ անդամների ընտրություններ: 2014 թ. առ այսօր ընտրութունները չեն կատարվել, չնայած եղել են բազմաթիվ դիմումներ: Ընտրությունների իրականացումը թույլատրվում է Կառավարության կողմից, որին ընթացք չի տվել: Վերջին 3 տարում եւս ներկայացրել ենք մի շատ առաջադիմած տարբերակ, օրինակ՝ տարիքային շեմ ենք առաջարկել սահմանել, որպեսզի Ակադեմիան համալրվի երիտասարդներով: Հանդես ենք եկել բազմաթիվ մշակված, հիմնավորված նախաձեռնություններով: Առաջարկել ենք, որ Ակադեմիայի ղեկավար կազմում տարիքային շեմ սահմանվի 75-ը, առաջարկել ենք պատվովճարների համակարգը փոխել՝ պատվովճարները տալ միայն թոշակի անցնելուց հետո եւ այլն:
Առաջարկել էինք նաեւ Ակադեմիայի կանոնադրության փոփոխություններ, որոնք արդեն ԳԱԱ նախագահության կազմին են վերաբերում. առաջարկում էինք նախագահության կազմում այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ ունենալ, ինչը կնպաստեր գիտության ու տնտեսության կապի ուժեղացմանը: Բազմաթիվ են եղել մեր առաջարկները, ցավոք սրտի, դրանք նույնիսկ արձագանք չեն ստացել: Կարելի է ասել, որ մենք արել ենք մեզնից կախված ամեն ինչ:
-Ամփոփելով մեր զրույցը՝ հիմա ի՞նչ կետում եք:
-Երբ առճակատման մասին հարցրիք, ասացի՝ ձեւակերպումներում պետք է շատ խիստ լինել: Առճակատում՝ որպես այդպիսին, չկա: Մեր կարծիքով՝ կա հստակ հիմնավորված առաջարկների եւ դրանց անտեսման փաստ:
-Պարբերականությա՞ն սկզբունքով:
-Ես կասեի՝ մշտական, առ այսօր:
-Ինչ-որ գործողություններ պատրաստվո՞ւմ է անել Ակադեմիան՝ ի դեմս գիտական կազմակերպությունների:
-Մենք մշտապես հանդես ենք եկել առաջարկներով: Ապրիլի 3-ի մեր ընդհանուր ժողովից հետո հանդիպում եղավ Ազգային ժողովում, փոխխոսնակ Արշակյանն էր, գլխադասային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Պայմանավորվածություն եղավ, որ լսումներ պետք է լինեն, անգամ օր նշանակվեց, սակայն դա տեղի չունեցավ: 3 տարի է՝ այս ոլորտի վերաբերյալ լսումներ տեղի չեն ունենում, երբ բոլորին հասկանալի է, որ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մեր աշխարհաքաղաքական դիրքում, ռեսուրսների բացակայության պարագայում դա պետք է կենտրոնական քննարկման առարկա լիներ, մինչդեռ մասնակցայնության զրո աստիճան, քննարկումների զրո աստիճան: Որոշումները կայացվում են փակ դռների հետեւում եւ սակավաթիվ մարդկանց խմբով: Հիմա որակում տալ՝ ընդունելի է սա, թե ոչ, թողնում եմ Ձեր գնահատականին:
Լուսանկարը՝ Արթուր Իշխանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել