HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալը պահվում է փակ ռեժիմում․ փաստաբանն ահազանգում է

35-ամյա Խ․Պ․-ն 13 տարի է՝ պատիժ է կրում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Ըստ մեղադրանքի (սպանության փորձ)՝ 2011 թվականին Խ․Պ․-ն խաղատան բակում, միջամտելով անվտանգության աշխատակիցների և իր ծանոթի միջև առաջացած վիճաբանությանը, սուր կտրող-ծակող գործիքով, կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ երկու հարված է հասցրել աշխատակիցներից մեկի կրծքավանդակի ձախ կեսին` սրտի շրջանին, որն առաջացրել է թափանցող վերք` սրտամկանի և սրտապարկի վնասումով։ 

Դրանից հետո, երբ աշխատակիցը վայր է ընկել, մոտեցել է նրան, փորձել կրկին հարվածել կրծքավանդակին, սակայն անվտանգության մյուս աշխատակիցը կանխել է, ինչից հետո Խ․Պ․-ն դիմել է փախուստի: Բացի դրանից՝ ապօրինի կերպով ձեռք է բերել ու պահել հրազեն հանդիսացող ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող  8 հատ ատրճանակային մարտական փամփուշտներ։ Խ․Պ․-ն առանց իրացնելու նպատակի, ապօրինի կերպով ձեռք է բերել և ապօրինի պահել է 0,883 գրամ չորացված մարիխուաննա: 

Խ․Պ․-ի պատժի կրմանը մնացել է 1 տարի և մի քանի ամիս։ Սակայն վերջին 4 տարիներին քրեակատարողական հիմնարկում նրա մոտ առաջացել են ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ։ Խ․Պ․-ի փաստաբան Ինգա Ավագյանի խոսքով՝ 2020 թվականից Խ․Պ․-ն մի քանի անգամ ինքնավնասում է արել։ «Նույնիսկ կոմայի մեջ է հայտնվել։ Երբ ցանկացած անծանոթ մարդ իրեն տեսնի, 1 րոպեն բավարար է` արձանագրելու նրա ոչ ադեկվատ վիճակը։ Էլ չեմ ասում ֆիզիկական առողջության մասին․ էդքան ինքնավնասում, 3, թե 4 անգամ վիրահատություն է տարել վերջին 4 տարվա ընթացքում։ Արյունն է թունավորվել, փոխել են և այլն, և այլն։ Կարելի է արձանագրել, որ նա կես մարդ է և՛ ֆիզիկական առումով, և՛ հոգեկան»,- ասում է փաստաբանը։

Քրեակատարողական հիմնարկում գտնվելու շրջանում Խ․Պ․-ի նկատմամբ 3 նոր քրեական գործ է նախաձեռնվել, որոնցից 2-ը կապված է մարմնական վնասվածքներ հասցնելու հետ։ Վերջին երկու գործերով հիմնավորվել է Խ․Պ․-ի անմեղսունակությունը։ Ինգա Ավագյանի խոսքով՝ առկա են բժշկական փաստաթղթեր, ըստ որոնց՝ նա հոգեկան խնդիրներ ունի և դեղորայք է ընդունում։

«Խ․Պ․-ն ասում է՝ սատանաները գալիս են, իմ հետ խոսում են։ Ինքը կարող է օրերով չքնել, ասում է՝ հենց իմ աչքերը փակում եմ, սատանաները գալիս են իմ հետևից»,- պատմում է փաստաբանը։ Քրեակատարողական ծառայության պետի որոշմամբ՝ դատապարտյալն արդեն 2 տարի է՝ պահվում է լրիվ մենակ՝ մեկուսացման պայմաններում, որովհետև հանրության համար վտանգավոր է։ «Իր մոտ պահի տակ սրացումներ են լինում, աչքին բան է երևում, նաև կինն է երկարատև տեսակցությունների ժամանակ նկատել, որ ամուսինը թաքնվում է դռան հետևում»,- ասում է փաստաբան Ինգա Ավագյանը։

Փաստաբանը հերթով ներկայացնում է Խ․Պ․-ի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերջին 4 տարիներին։ 2020 թվականին նախաձեռնված գործով Խ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածքներ հասցնելու հիմքով, դեպքը տեղի է ունեցել խցակիցների հետ։ Այս քրեական գործը կարճվել է, քանի որ ապացուցվել է Խ․Պ․-ի անմեղսունակությունը։ Հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին։ Ըստ մեղադրանքի՝ Խ․Պ․-ն խցում շտապ ընդունելություն է խնդրել։ Խցի դուռը բացելուն պես դատապարտյալ Խ․Պ․-ն անսպասելիորեն վազել է դեպի դուրս՝ անելով «դեպենկեն դու ես» արտահայտությունը, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՔԿՀ ծառայողներին։ Այդ ժամանակ ձեռքին գտնվող սուր կտրող մետաղյա առարկայով հարվածել է իր կրծքավանդակին` առաջացնելով մարմնական վնասվածք, ապա ձեռքին առկա սուր կտրող առարկայով անկանոն շարժումներ է կատարել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է պատճառել հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետներին: Այս գործով ևս հաստատվել է Խ․Պ․-ի անմեղսունակությունը։ Դատարանը Խ․Պ․-ին ազատել է քրեական պատասխանատվությունից, միաժամանակ հոգեբույժի եւ հարկադիր բուժման որոշում է կայացրել։ «Այսինքն՝ դատարանը դատավճռով արձանագրել է հետեւյալը՝ Խ․Պ․-ի նկատմամբ կիրառել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը»,- նշում է Ինգա Ավագյանը։

3-րդ քրեական գործը նախաձեռնվել է ավելի վաղ՝ 2017 թվականին, և այն վերաբերում է թմրանյութ ձեռք բերելու փորձին։ Այս գործը դեռ քննության փուլում է։

Փաստաբան Ինգա Ավագյանը թվարկում է Խ․Պ․-ի ինքնավնասման դեպքերը, ներկայացնում դրանց հետևանքով մարմնական վնասվածքներ ստանալու բժշկական փաստաթղթերը, եզրակացությունները։ Մի դեպքում կախվելու փորձ է արել ու հայտնվել կոմայի մեջ, մյուս դեպքում՝ հացադուլ է հայտարարել և օրեր շարունակ չի քնել։ Խ․Պ․-ն մեթադոնային բուժում է ստանում, ունի լյարդի, արյան հետ կապված խնդիրներ։ Փաստաբանի խոսքով՝ դատապարտյալին դեղեր են տալիս, որոնց ազդեցությունն անցնելուց հետո նրա հոգեկան վիճակը կրկին սրվում է։ Նա կարծում է, որ Խ․Պ․-ն բժիշկների հսկողության տակ պետք է բուժում ստանա։

Ըստ փաստաբանի՝ մինչ օրս չունեն վերջնական բժշկական եզրակացություն, թե կոնկրետ ինչ հոգեկան խնդիր ունի Խ․Պ․-ն։ 

Խ․Պ․-ի ընտանիքի անդամները, որոնք դիմել են «Հետքին» և վերջինիս փաստաբան Ինգա Ավագյանը կարծում են, որ Խ․Պ․-ի հոգեկան և առողջական վիճակը համատեղելի չէ պատժի կրման հետ։ Փաստաբանը պահանջում է դատապարտյալի նկատմամբ նշանակել միջգերատեսչական փորձաքննություն՝ պարզելու՝ արդյոք դատապարտյալն այս հոգեկան վիճակով հետագայում պատիժ կրելու հնարավորություն ունի՞։ Նա մի քանի անգամ դիմել է Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանում, սակայն մերժում է ստացել։ Փաստաբանը դիմել է նաև Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ապարդյուն։ Միայն մեկ դեպք է նշում, որ բավարարել են միջգերատեսչական փարձաքննության դիմումը։ «Անունը դրել էին եզրակացություն, բայց թղթային են արել՝ առանց Խ․Պ․-ին հետազոտելու, մնացած դեպքերով մերժել են»,- ասում է նա։ Այդ եզրակացությամբ արձանագրել են, որ Խ․Պ․-ի հիվանդությունները համատեղելի են պատժի կրման հետ։ Սակայն այդ ժամանակ միայն ինքնավնասման դեպքն էր տեղի ունեցել  և քրեական գործերից մեկը, որով դեռևս եզրակացություն չի եղել, այսինքն՝ անմեղսունակությունը հաստատված չի եղել։

Փաստաբանը բարձրաձայնում է նաև դատապարտյալին փակ ռեժիմով պահելու հարցը՝ նշելով՝ վտանգ կա, որ դատապարտյալը կրկին ինքնավնասում կանի։ Այս հարցով ևս դիմել է Քրեակատարողական ծառայություն, սակայն կրկին՝ ապարդյուն։ «Մենք գործ ունենք հոգեկան խանգարում ունեցող մարդու հետ, պատկերացնու՞մ եք նրան փակի տակ պահելու հետևանքը։ Ես, որպես 4 տարի էս գործով փաստաբան, ամեն անգամ ահազանգ ստանալուց մտածում եմ ամենավատը, որովհետև դա Խ․Պ․-ից սպասելի է»,- ասում է Ինգա Ավագյանը։ Փաստաբանի պահանջն է՝ մինչև միջգերատեսչական փորձաքննության նշանմակումը, իրականացումը և եզրակացությունը Խ․Պ․-ին տեղափոխել հոգեբուժական հաստատություն՝ բժիշկների անմիջական հսկողության տակ։ «Մենք դիմել ենք նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված, դեռևս Քրեակատարողական հիմնարկի պետի որոշում չունենք, որ համապատասխան ընթացակարգով դիմենք դատարան, սպասում ենք նաև դրան»,- ասաց Ավագյանը։

Փաստաբանի խոսքով՝ Խ․Պ․-ն մի քանի անգամ հրաժարվել է Դատապարտյալների հիվանդանոց գնալ, վերջերս էլ տեղափոխել էին հոգեբուժական հաստատություն, սակայն նա պահանջել է իրեն հետ տանել։ «Կոմֆորտ տեղից որ գնում է այլ տեղ, դրանից էլ իր մոտ սրացումներ են լինում, անընդհատ բողոքում է։ Եղել է, որ տարել ենք, էդ նույն օրը գիշերով հետ ենք բերել, որովհետեւ այնտեղ խփել է, ձեռքերն է վնասել հայելիներով»,- պատմում է փաստաբանը։

Փաստաբանի վերջին դիմումը Քրեակատարողական ծառայություն եղել է սեպտեմբերի 20-ին, մինչ օրս պատասխան չի ստացել։ «Հետքը» ևս կապ հաստատեց Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանման հետ՝ դատապարտյալ Խ․Պ․-ի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար։ Մեզ ասացին, որ այդ տեղեկությունը հայտնել չեն կարող, քանի որ վերաբերում է դատապարտյալի անձնական կյանքին եւ անհրաժեշտ է Խ․Պ․-ի համաձայնությունը։

Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter