
«Ռեանիմանիա 2024»․ Երևանը՝ անիմացիայի վարպետների հանդիպման հարթակ (լուսանկարներ)
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում մեկնարկեց 16-րդ «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը՝ քաղաքի մշակութային կյանքին հաղորդելով գունեղ ու վառ անիմացիոն շունչ։ Փառատոնն այս տարի առանձնանում է ոչ միայն ֆիլմերի մեծ ընտրանիով, այլև կրթական հատվածով, վարպետաց դասերով, որոնք միավորել են տեղական և միջազգային ոլորտի առաջատարներին։
Փառատոնն անցկացվում է արդեն 16 տարի, հիմնադիրը քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Քասունին է։ Այս տարի այն կազմված է 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Վերջինս դրական գնահատեց ոլորտի համաշխարհային և հայաստանյան մասնագետների միջև համագործակցությունը։
«Վերջին տարիների շատ կարևոր ձեռքբերում եմ համարում այն, որ արվեստագետների մտահորիզոնը եւ ընդհանրապես հայացքները շատ ավելի գլոբալ են, չեն սահմանափակվում մի տարածքով, այլ ամբողջ աշխարհով. մշակույթը չի կարող ունենալ ֆիզիկական սահմաններ, այն պետք է խոսի արգելվածների մասին, պետք է կոտրի պատնեշները եւ պետք է ստեղծագործի»,- նշում է Դանիելյանը։
Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նա հպարտությամբ նշեց, որ մեկնարկից ի վեր Ֆրանսիան աջակցում է փառատոնին և ստացված է համարում այս համագործակցությունը։
Փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին մեծ ոգևորությամբ նշեց, որ այս տարի հանդես են գալու շատ արժեքավոր և հագեցած ֆիլմացանկով։
«Շատ դժվարությունների միջով ենք անցել, որ այս տարի ունենանք այն ֆիլմացանկը, որն ունենք։ Ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվելու տարածաշրջանում, մի քանիսն այս պահին էլ անցնում են համաշխարհային փառատոններով»։
Հայաստան կժամանեն նաև ներկայացուցիչներ Դիսնեյից․ փառատոնի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզը, ինչպես նաև ռեժիսոր Աարոն Բլեյզը դասախոսությունների ընթացքում կկիսվեն իրենց գիտելիքներով։
Փառատոնի պատվավոր հյուրերից է անիմատոր, ռեժիսոր Ժորժ Շվիցգեբելը, ով փառատոնի այս տարվա պաստառի ձևավորողն է։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վրեժ Քասունին նրան շնորհեց փառատոնի պատվավոր մրցանակը։
Արարողությունից հետո բացվեց ռեժիսորի 80-ամյակին նվիրված «Հետահայաց ցուցահանդես» ցուցադրությունը, որը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։
Փառատոնի շրջանակում առաջին ցուցադրությունը հաջորդեց բացման արարողությանը։ Ցուցադրվեց լատվիացի ռեժիսոր Գինց Զիլբալոդիսի «Հոսք» (“Flow”) անիմացիոն ֆիլմը, որը դասական անիմացիայի և նորարարական տեխնոլոգիայի հրաշալի համադրություն է։
Մեկնաբանել