HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես են մարդկանց համոզում գնել անօգուտ բուժամիջոցներ

Երբևէ զանգեր ստացե՞լ եք, երբ Ձեզ առաջարկել են բնական բուսական բաղադրիչներ պարունակող միջոցներ գնել։ Եթե զանգեր ստացել եք, ամենայն հավանականությամբ մերժել եք, կամ եթե շատ լավ են համոզել, բավականին թանկ գնով ձեռք եք բերել հաբեր կամ քսուկներ՝ տարբեր հիվանդությունների բուժման համար՝ վարիկոզ, շաքարային դիաբետ, հոդացավեր, սեռական խնդիրներ և այլն։

Որոշ ժամանակ օգտագործելուց հետո գուցե զգացել եք, որ այն ձեզ չի օգնում, իսկ վաճառող ընկերությունը կամ չի պատասխանել ձեր զանգերին, կամ համոզել է, որ դա ձեր օրգանիզմից է։Հնարավոր է նաև, որ ամեն շաբաթ, ամեն ամիս նրանցից զանգ եք ստացել՝ նույն բովանդակությամբ։ Մենք ուսումնասիրել ենք նման մի ընկերության գործունեությունը։ 

«Green Eco Group» ընկերությունը խանութ կամ վաճառակետ չունի։ Աշխատում են միայն առաքմամբ, հաճախ փոխում իրենց անվանումները։ Հետաքննությունը սկսելու պահին  «Job.am» հայտարարությունների հարթակում այն գրանցված էր որպես «Natural Health», հետո վերանվանվեց «Green Eco Group»։  Այս ընկերությունը բավականին բարձր գնով՝ մեկ տուփը նվազագույնը 16 000 դրամով վաճառում է ռուսական արտադրության  «ЗДОРОВ» ապրանքանիշի քսուկներ։ Առաջարկվող միջոցները անհամեմատ ավելի ցածր գներով կարելի է գտնել «Wildberries» և «Ozon» առցանց խանութներում, տուփը միջինում՝ 1500-2500 դրամով։

«ЗДОРОВ» ընկերության պաշտոնական կայքում դրանք արժեն 600-1000 ռուբլի, որը համարժեք է 2500-4200 դրամին։ 

«Green Eco Group» ընկերությունը մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն առաջարկվող բուժամիջոցների կասկածելիության, այլև աշխատակիցների հանդեպ վատ վերաբերմունքի, նրանց շահագործման վերաբերյալ բողոքների պատճառով: 

Փորձաշրջան՝ առանց վարձատրության 

Կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելու համար աշխատանքի հայտարարությամբ գնացի հարցազրույցի, ընկերությունում փորձաշրջան անցա եւ ասացի, որ ուզում եմ աշխատել։ Job.am հայտարարությունների հարթակում աշխատանքի համար ռեզյումե ուղարկելուց կես ժամ չէր անցել, երբ զանգահարեցին և հրավիրեցին հարցազրույցի։

«Green Eco Group» ընկերությունը երկու գրասենյակ ունի՝ մեկը Ծիծեռնակաբերդի խճուղում, մյուսը՝ Աբովյան֊Սայաթ Նովա փողոցների խաչմերուկի բարձրահարկ շենքի առաջին հարկում։

5 օր այս ընկերությունում պրակտիկա անցնելուց հետո պետք է անցնեի աշխատանքի, գրանցվեի, ունենայի վճարովի արձակուրդ։ Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Հասմիկ Կիրակոսյանի խոսքով, իմ գործը զանգեր անելն ու վաճառք ապահովելն է, ինչքան շատ վաճառեմ, այնքան շատ գումար կաշխատեմ։ Բոլոր մարդիկ, ում պետք է զանգահարեինք, նախկին հաճախորդներ էին կամ պարզապես հետաքրքրվածներ, որոնք իրենց անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տրամադրել էին ընկերությանը։

«Մենք սառը զանգեր չենք անում, բոլորը մեր հաճախորդներն են, կայքերում գովազդ ենք անում, գովազդով անցնում են, տվյալները լրացնում, հետո մեր աղջիկները զանգում են իրենց»,-ասում էր Հասմիկը։

Ամեն օր գրասենյակ էին այցելում նոր աղջիկներ՝ փորձաշրջան անցնելու և աշխատանքի ընդունվելու համար։ Գրեթե բոլորը ուսանողներ էին։

Փորձաշրջանի համար, որը տևում է 5 օր, նրանք չէին վարձատրվում։ Հասմիկի խոսքով՝ չէին կարող բոլոր պրակտիկանտներին վարձատրել, փորձաշրջանի ավարտից հետո նրանք կարող էին վերցնել գումարն ու չշարունակել աշխատանքը։

Ընկերության բոլոր աշխատակիցները նոր էին։ Չկային այնպիսի մարդիկ, որոնք աշխատում էին մի քանի ամսից ավելի։

Այդուհանդերձ, զանգեր անող բոլոր աղջիկներն արհեստավարժ կերպով կարողանում էին համոզել գնել այս կամ այն բուժամիջոցը, հաճախ նրանք ներկայանում էին որպես վերապատրաստված մասնագետներ՝ բժիշկներ, ասում, որ հիվանդության մասին լսելուց հետո կարող են նշանակում անել։

Սոցիալական ցանցերում «Green eco group»-ի ներկայացուցիչները ակտիվ չեն, Ֆեյսբուքում «Здоров» և «Здоров Армения» անունով երկու էջ կա, որտեղ ներկայացված են բուժամիջոցների մասին մանրամասներ։ Էջի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ընկերության վաճառած միջոցները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասում են։ Օգտատերերից մեկն, օրինակ, գրել է, որ նրանց առաջարկած դեղերի պատճառով եղբայրը հայտնվել է հիվանդանոցում, մեկ ուրիշը գրել է, որ փողն անիմաստ է վատնել։ Դժգոհությունների մասին խոսում են նաև մեզ հետ զրուցած հաճախորդները։

5-օրյա պրակտիկայից հետո ես նույնպես սկսեցի զանգեր անել։ Մի քանի զանգից հետո ինձ նկատողություն արեցին՝ ասելով, որ պետք է հստակ խոսեմ, կարողանամ այնպես անել, որ գնեն ապրանքը, սկզբում առաջարկեմ ամենաբարձր գինը, ապա, չհամաձայնելու դեպքում, իջեցնեմ։ 

Պետք է շատ լսեի զանգեր անող աղջիկներին, որպեսզի կարողանայի լավ խոսել։ Հերթական զանգերից մեկի ժամանակ մի կին ասաց, որ քաղցկեղ ունի, դրա համար ոչինչ առանց իր բժշկի հետ խորհրդակցելու չի կարող գնել։ Երբ անջատեցի հեռախոսը, Հասմիկն ասաց, որ կարող էի հանգիստ համոզել՝ ասելով, որ իրենց միջոցները բուսական են և ոչ մի վնաս չեն կարող տալ։

Հաճախ մարդիկ պարզապես խնդրում էին այլևս չզանգահարել իրենց, քանի որ հոգնել են զանգերից, գնած միջոցներն անօգուտ էին, չէին օգնում։

Ամենակարեւոր հմտությունը՝ համոզել

«Green eco group» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Հասմիկ Կիրակոսյանը աշխատանքի համար դիմած պրակտիկանտերին սովորեցնում է ճիշտ խոսել մարդկանց հետ, այն է՝ ամեն կերպ համոզել գնել առաջարկվող պրեպարատները։ Խոսել սիրալիր, վստահություն առաջացնել հաճախորդների մոտ, գրավել նրանց։

«Հոդացավ ունենա, չի ասելու՝ հոդացավեր ունեմ, ասելու ա՝ ծունկս ցավում ա, դուք ոչ թե պիտի սկսեք հոդացավերի համար նախատեսված պրեպարատով, այլ պետք ա անընդհատ ասեք՝ ծնկի ցավի համար ունենք, ծնկի ցավի համար ունենք, հա՞, օրինակի համար, որ ինքը մտածի՝ հա, իր խնդրին մենք լուծում ենք տալու։ Ու պլյուս դրան էլ՝ հատուկ Ձեզ համար, միայն Ձեզ համար։ Մեր մոտ առաքումն անվճար ա, բայց կարաք դուք ձեզ համար ֆիշկա օգտագործեք, ասեք՝ հատուկ Ձեզ համար առաքումն անվճար կլինի,որ ինքն իրեն կարևոր զգա»,-ասում էր Հասմիկը։

Պրակտիկայի երրորդ օրը, երբ նստած էի զանգեր կատարող աղջիկների կողքին, մենեջեր ներկայացող Գեղամ Աղաջանյանն իր սեղանի մոտ 10 և 50 դոլարանոց թղթադրամներ էր դնում ծրարների մեջ, ապա դրանց վրա ինչ-որ բան գրում։ Շուտով Գեղամը բերեց և դրանք բաժանեց աղջիկներին։ Աղջիկներն ասացին՝ դա խրախուսանք է լավ աշխատանքի համար։  

«Green eco group»-ի գրասենյակում 20-ից ավելի աշխատակից կա, հիմնականում՝ երիտասարդ աղջիկներ։ Նրանց մեծ մասն ուսանող է, հարմար գրաֆիկով աշխատանքը հնարավոր է համատեղել դասերի հետ։ Ընկերությունն օգտվում է այս հանգամանքից, սկզբում խոստանում բարձր վարձատրությամբ աշխատանք, որոշ ժամանակ հետո ուղղակի չի վճարում կամ հեռացնում է աշխատանքից։ 

Առավելագույն քողարկում

Մինչ ընկերության զանգերի կենտրոնի աշխատակիցները փորձում են համոզել մարդկանց, որ օրինական են գործում՝ վաճառելով բնական և օրիգինալ բուժամիջոցներ, ղեկավարները փորձում են ամեն կերպ քողարկել իրենց գործունեության բնույթը, վայրը։ Գրասենյակների վրա ցուցանակ կամ իրենց մասին պատմող որեւէ բան չկա։ Հայտարարությունների հարթակում ներկայանում են որպես զանգերի կենտրոն։ Երբ զանգահարում են մարդկանց, չեն նշում ընկերության անվանումը։ Ասում են. «Բարև Ձեզ, Ձեզ զանգահարում ենք բնական բուսական պրեպարատներ ներկայացնող ընկերությունից»։

Պրակտիկայի ավարտից հետո, երբ զանգահարեցինք Գեղամ Աղաջանյանին եւ ասացինք, որ հոդված ենք պատրաստվում հրապարակել ու ուզում ենք լսել իր մեկնաբանությունը, նա նախ զարմացավ, ապա նշեց, որ իրենց գործունեությունը թափանցիկ է։ Աշխատում են առանց խախտումների, հաճախորդները գոհ են, բոլոր աշխատակիցները գրանցված են, իրենց ապրանքները ներմուծելու խնդիր էլ չունեն, բոլորի աշխատավարձերը պատշաճ վճարում են։ 

«Երկիր մոլորակի վրա գոյություն չունի գեթ մեկ պրեպարատ, որ 10 հոգուց 10 հոգին գոհ են։ Ասենք, 10 հոգուց 7-ը շնորհակալական զանգերով զանգում, ասում են՝ երկրորդ անգամ եմ պատվիրում, երրորդ անգամ, ասում են՝ շատ֊շատ լավ պրեպարատ ա, բնական ա, բուսական ա, օրիգինալ ա, մի հոգու էլ կարա, ասենք, ինչ֊ինչ պատճառներով դուր չգա, ինքը վնաս չի կարա տա, քանի որ բնական ա, կարա, ասենք, էդքան շատ չօգնի»,-ասաց Գեղամ Աղաջանյանը։ 

Զրույցը արագ ավարտելու համար նա հայտնեց, որ ժողով ունի, խնդրեց զանգահարել մեկ ժամ հետո։ Մեկ ժամ անց Գեղամ Աղաջանյանն ասաց, որ ընկերության ղեկավարը երկրում չէ, երբ վերադառնա, կկապվի մեզ հետ։ 

Ժամեր անց մեզ զանգահարեց «Մեղվի տարածություն» ՍՊԸ ղեկավար Պողոս Վարդանյանը եւ ասաց, որ «Green Eco Group»-ի հիմնադիրն այս ՍՊԸ-ն է։

Չնայած նրան, որ Պողոսը պնդում էր, թե ինքն է հիմնել ընկերությունը, ոչինչ չգիտեր  ընկերության գործունեության, հիմնադրման տարեթվի, աշխատակիցների քանակի, վաճառվող ապրանքների մասին։ Ակնհայտ էր, որ ընկերությունն ուղղակի գրանցել են իր անունով։ Պողոս Վարդանյանի անունը «Գեթկոնտակտ» համարների որոնման համակարգում գրանցված էր որպես Պողոս առաքիչ։ 35֊ամյա Պողոս Վարդանյանը Արարատի մարզի Վեդի քաղաքից է։ Երբ հարցրինք, թե ինչո՞ւ է առաքիչ աշխատում, եթե ընկերություն է ղեկավարում, ասաց, որ երբ հիմնել է ընկերությունը, նաև առաքումներով է զբաղվել։

Պողոս Վարդանյանը չգիտեր նաև ընկերության աշխատակիցների անունները։ Ասաց, որ իր հիշելով՝ ընկերությունը ստեղծել է 2018-ին, այնինչ «Մեղվի տարածություն» ՍՊԸ-ն հիմնվել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին։

Ռուսական «Здоров» ապրանքանիշի բուժամիջոցները արտադրվում են ՌԴ Տվերի մարզում և վաճառվում նույն մարզի Տվեր, Բեժեցկ, Վիշնի Վոլոչյոկ, Զուբցով, Ռեդկինո Ռժեվ, Ստարիցա, Տարժոկ քաղաքների 32 դեղատներում որպես կոսմետիկ միջոցներ։ Դրանք դեղամիջոցներ կամ բուժիչ միջոցներ չեն համարվում։ 

Այնինչ Պողոս Վարդանյանը նշում էր, թե բուժամիջոցներն արտադրվում են Մոսկվայում։

Նա նաև իր խոսքում նշեց, թե իրավական գործընթաց կսկսի մեր դեմ, եթե իրենց համբավը արատավորող հրապարակում անենք։

Ըստ «Green Eco Group»-ի, վաճառվող բուժամիջոցները դեղորայք չեն համարվում։ Հենց այդ պատճառով էլ դրանց ներկրումը անհամեմատ հեշտ է, առանց լիցենզիայի։

Նախկին աշխատակիցները և հաճախորդները դժգոհ են

Անանուն մնալու պայմանով մեզ դիմել են ընկերությունում աշխատած մարդիկ և պատմել, թե ինչպես են այստեղ վարվել իրենց հետ։

Մերին (անունը փոխված է) 1.5 ամիս աշխատել է որպես գլխավոր մենեջեր։ Այդ ժամանակ ընկերությունը կոչվում էր «Natural health»։ Մերիին սկզբում ասել են, թե պետք է 5 օր պրակտիկա անցնի, ապա սկսի աշխատել։ 

«Ամիս ու կես ամբողջական գրաֆիկով աշխատելուց հետո, այսինքն՝ 6-օրյա աշխատանք, 9:30-ից մինչև ժամը 20.00, երբեմն ավելի։ Ու ես անընդհատ հարցնում էի՝ իմ աշխատանքն արդեն գրանցվա՞ծ ա, արդեն ես վարձատրվելո՞վ եմ գալիս, որովհետև ես լիքը առաջարկներ եմ ստանում, չմերժեմ, եթե դուք էս օրերի համար չեք վարձատրելու, ասում էին՝ հա, հա հա, օքեյ, դու գործի ես, արդեն գործի ես, բայց ամիս ու կես աշխատելուց հետո իրենք ուղղակի ինձ տվեցին 50 000 դրամ։ Ասում եմ՝ բա ինչի՞ էդքան, ասում ա՝ մնացած օրերը պրակտիկա էր, չվճարվող, դու դեռ պատրաստ չէիր գործին»,-պատմում է Մերին։

Ըստ Մերիի՝ մենեջեր Գեղամ Աղաջանյանը նաև ասել էր, որ ժամկետանց բուժամիջոցների ժամկետները փոխի և ուղարկի առաքման, Մերին հրաժարվել է անել։

«Եղել ա խոսակցություն, որ էդ պրեպարատների ժամկետն անցել է, էդ ժամկետները պետք ա փոխվի ու նորից վաճառվի, և Գեղամն անձամբ զբաղվել ա դրանով։ Ժամկետները փոխել ա ու ուղարկել ա պատվիրատուին։ Երբ մի անգամ Գեղամն ինձ ասաց՝ սռոկները փոխի, պատվերն ուղարկի, ասեցի՝ ես դա չեմ անի, կգաք, ինքներդ էլ կանեք։ Ես դրանով չեմ զբաղվելու»,-ասում է Մերին։

Քանի որ Գեղամ Աղաջանյանը ամեն օր զանգեր անող աղջիկներին տրամադրում էր հարյուրավոր հեռախոսահամարներ, մենք վերցրինք դրանցից մի քանիսն ու զանգահարեցինք՝ իմանալու՝ արդյոք հաճախորդները, որոնք օգտագործել են առաջարկվող բուժամիջոցները, գոհ են մնացել։ Զանգահարել ենք 10  հաճախորդի, նրանցից ոչ մեկը գոհ չէր։ Տեսանյութում կարող եք լսել նրանց մեկնաբանությունները։ Մի տարեց կին ասաց, որ 6 ամիս օգտագործել է հոդացավերի համար նախատեսված քսուկը, որը ոչ մի օգուտ չի տվել։ Ավելին՝ ցավերն ավելի են սաստկացել։

Մի տղամարդ էլ ասաց, որ մի անգամ օգտագործելուց հետո դադարացրել է, քանի որ հասկացել է, որ անօգուտ է։

Մի կին էլ պատմում էր, որ գնել է առաջարկվող բուժամիջոցներից մեկից 7 սրվակ, բայց իրեն չեն օգնել։ 

Չնայած բողոքներին ու դժգոհություններին, ընկերությունը շարունակում է տարբեր կայքերում գովազդներ տեղադրելով վաճառք ապահովել։

Հարց է առաջանում՝ եթե ընկերությունն աշխատում է առանց խախտումների, ինչո՞ւ է փոխում իր անվանումը, աշխատում ծածուկ և խուսափում գործունեության մասին մանրամասներ պատմել անգամ սեփական աշխատակիցներին։

Գլխավոր լուսանկարը՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter