
«Արհեստական բանականությունը անիմացիայի համար փորձադաշտ է». իսպանացի անիմատոր
Իսպանացի անիմատոր Խոակին Մարտինեսը կարծում է, որ արհեստական բանականությունը մոտ ապագայում անիմացիայի ոլորտում շրջադարձային փոփոխությունների է հանգեցնելու, ինչի մեկնարկը արդեն կարելի է տեսնել։ Մարտինեսը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին, որի ընթացքում այսօր կիսվել է անիմացիայի և ստեղծարար ոլորտների տեխնոլոգիական փոփոխությունների մասին պատկերացումներով ու փորձով։ Մարտինեսը նշում է, որ ԱԲ-ն այս պահին անիմացիայի համար փորձադաշտ է, խոշոր ընկերություններում այն դեռ լիարժեք չի ընդունվել, քանի որ խոշոր ներդրումներ է պահանջում։
«Շատերն իրենց աշխատանքում զգացել են դրա բացասական ազդեցությունը՝ կրճատումների տեսքով։ Անիմատորների մի հատված անորոշության մեջ է, մտածում են՝ ուր է գնում այս ամենը։ Բայց կարծում եմ, որ առաջիկա տարիներին մեծ դրական փոփոխություններ կլինեն»,- նշում է Խոակին Մարտինեսը։
Նրա խոսքով՝ անիմացիայում արհեստական բանականության ինտեգրումը արդեն թույլ է տալիս առանց հատուկ սարքավորումների իրականացնել այնպիսի առաջադրանքներ, որոնք նախկինում մեծ բյուջե էին պահանջում։ Սա նվազեցնում է աշխատանքային խմբերի չափերը՝ հնարավորություն տալով որակյալ անիմացիաներ ստեղծել մեկ-երկու մարդու ներգրավմամբ։
Մարտինեսն այստեղ էթիկական խնդիրներ է տեսնում. ԱԲ-ի ուսուցումը կատարվում է տվյալների հսկայական բազաների վրա, որոնք ներառում են հայտնի արվեստագետների և նկարիչների աշխատանքներ։
«Որպեսզի ԱԲ-ն սովորի, այն վարժեցվում է տվյալների մեծ բազայի վրա, դրա համար գիտի՝ ինչ է աթոռը կամ պատուհանը, բայց նաև գիտի, թե ով է Վան Գոգը ու ինչպես է ստեղծագործել։ Առանց թույլտվության այս տվյալներն օգտագործելը խնդրահարույց է»,- կարծում է անիմատորը։
Մարտինեսը ԱԲ-ն համարում է հզոր գործիք, սակայն շեշտում է, որ այն չպետք է փոխարինի մարդու ստեղծարարությանը։ Նրա խոսքով՝ AI-ը կարող է օգտագործվել որպես գաղափարների և նախագծերի զարգացման միջոց, սակայն վերջնական որոշումները պետք է ընդունվեն մարդկանց կողմից։
«Կարծում եմ՝ արհեստական բանականությունը հատկապես օգտակար է, երբ ճիշտ չի աշխատում։ Այսինքն՝ երբ այն «հալյուցինացիայի» մեջ է ընկնում կամ գնում է ուղղությամբ, որը չէիր նախատեսել։ Այդ ժամանակ է այն հետաքրքիր դառնում»,- ասում է Մարտինեսը։
Երևանում 16-րդ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին։ Փառատոնի հիմնադիրը քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին է։ Այս տարի ծրագիրը կազմված է 3 բաղադրիչից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։
Փառատոնն այս տարի առանձնանում է ոչ միայն ֆիլմերի մեծ ընտրանիով, այլև կրթական հատվածով, վարպետաց դասերով, որոնք միավորել են տեղական և միջազգային ոլորտի առաջատարներին։ «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում անիմացիոն ֆիլմեր Երևանում կցուցադրվեն մինչև հոկտեմբերի 27-ը։
Լուսանկարում՝ Խոակին Մարտինեսը
Մեկնաբանել