
Լույս է տեսել Ցեղասպանությունից փրկված ու ռումինական Ստրունգայում ապաստանած 200 հայ որբերի մասին պատմությունը
«Ստրունգայի հայկական որբանոցը․ բեկված ճակատագրերի վկայություններ» գրքի շապիկին 200 հայ որբերի լուսանկարն է։ Այն արվել է 1923 թ․ ապրիլի 12-ին։ 200 հայ որբ երեխաներ ժամանել էին Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ, որտեղից պետք է ուղեւորվեին Ստրունգա գյուղ։ Նրանից շատերը մալարիայով, մաշկային եւ այլ հիվանդություններով էին վարակված։ Ստրունգայում որբանոց էր հիմնվել՝ այդ երեխաներին ոչ միայն ապաստան, այլեւ կրթության տալու համար։
Որբանոցի ու դրա սաների մասին պատմող գրքի հեղինակը Արսեն Արզումանյանն է: Աշխատանքը լույս է տեսել Բուխարեստում ռումիներեն եւ հայերեն ու նվիրված է որբանոցի հիմնադրման 100-ամյակին։
Արսեն Արզումանյանը քաղաքական գիտությունների դոկտոր է։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, դոկտորական ատենախոսություն պաշտպանել Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ Ատենախոսության թեման եղել է «Ռումինիայի հայ համայնքը․ ազգային փոքրամասնության ժառանգության պահպանումը»։ Այդ նպատակով Արսենն ուսումնասիրել է ռումինահայ համայնքի հայտնի ու անհայտ էջերը։
Թե՛ դոկտորական աշխատանքի ժամանակ, թե՛ դրանից հետո հետազոտողը շարունակել է ուսումնասիրել հայ համայնքի պատմությունը։ Ընդ որում՝ հայկական սփյուռքի ամենահին համայնքների մեկը ձեւավորվել է 10-14-րդ դարերում Ռումինիայի պատմական շրջաններում՝ Մոլդովայում, Վալախիայում եւ Տրանսիլվանիայում, հետագայում՝ նաեւ Դոբրոջայում։
19-րդ դարի երկրորդ կեսին Ռումինիայի հայ բնակչության թիվը հետզհետե նվազում էր, սակայն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած համիդյան ջարդերի եւ Հայոց ցեղասպանության հետեւանքով հայերի թիվը մի քանի անգամ ավելանում է։ Տասնյակ հազարավոր հայեր ապաստան են գտնում ռումինական մեծ ու փոքր քաղաքներում։
«Հայոց ցեղասպանության հետեւանքով Պոլսո հայոց պատրիարքարանը լուրջ մարտահրավերի առջեւ էր կանգնել․ պետք էր լուծում գտնել ծնողական խնամքից զրկված շուրջ 120 հազար հայ երեխաների համար։ Նրանց տարրական կենցաղային պայմաններով ապահովելու, հարազատներին գտնելու եւ իրենց ստանձնած բարդ խնդիրը փոքր-ինչ թեթեւացնելու նպատակով Պոլսի համայնքային եւ հոգեւոր առաջնորդներն այցելում են հայկական գաղթօջախներ, դիմում նրանց օգնությանը։ Այդ գաղթօջախներից մեկը Ռումինիայի հայ համայնքն էր»,- նշվում է «Ստրունգայի հայկական որբանոցը․ բեկված ճակատագրերի վկայություններ» գրքում։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս գիրքը միայն որբանոցի պատմության մասին է, իսկ վերջինս գործել է բավական կարճ՝ ընդամենը 3 տարի: Բայց իրականում գիրքը 100 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունների ու վկայությունների պատում է։
Հեղինակին հաջողվել է 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը հավաքելով՝ ձեւավորվել մեծ խճանկար։ Սակայն այդ ամենը ոչ թե չոր ու տեխնիկական համադրում է, այլ օրգանական, միմյանց սահուն հյուսվող պատմությունների ամբողջություն։ Գրքի արժեքը նաեւ այն է, որ ընթերցողն այն թերթելիս անխուսափելիորեն զուգահեռներ է անցկացնում մեր օրերի ու 100 տարի առաջ տեղի ունեցածի միջեւ։
Գիրքը գրելու համար Արսեն Արզումանյանն ուսումնասիրել է ռումինական մամուլում լույս տեսած հարյուրավոր հոդվածներ՝ հայերեն եւ ռումիներեն։
Արսենը պատմում է, որ դոկտորականը պաշտպանելուց հետո սկսեց է՛լ ավելի խորասուզվել թեմայի մեջ ու գտավ ահռելի քանակի նյութ, որը մինչ այդ չէր հրատարակվել։ Սկսել էր կենտրոնանալ Ռումինիայի այն մարզերի վրա, որտեղ հայկական հետքը մեծ էր։ Դրանցից մեկը Յաշի մարզն է, որտեղ էլ գտնվում է Ստրունգա գյուղը։
«Հետո սկսեցի շրջել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք ու հայտնաբերել հայկական հետքերը։ Անգամ եղել եմ ռումինական այնպիսի գյուղերում, որտեղ շատ ռումինացիներ չեն եղել։ Վկայություններ էի հավաքում։ Հասկացա, որ մեկ աշխատության մեջ հնարավոր չէ Ռումինիայի ամբողջ հայ համայնքը ներկայացնել։ Խոսքը տասնյակ հազարավոր էջերի մասին է։ Կենտորոնացա հենց Յաշի մարզի վրա։ Այն գտնվում է Ռումինիայի հյուսիսարեւելյան հատվածում։ Հայկական գաղթօջախները մոտ հազարամյա պատմություն ունեն, համայնքները ձեւավորվել են 700-800 տարի առաջ»,- պատմում է գրքի հեղինակը։
Նա առանձնացնում է Յաշ մարզկենտրոնի հայկական եղեկեցու թվագրման մասին հոդվածը։ Ասում է՝ ռումինական պատմագրական շրջանակներում բանավեճեր կային եկեղեցու թվագրման շուրջ, քանի որ հիմնական արձանագրության վրա կառուցման թվականը՝ 1395 թ․, ակնհայտորեն ավելացվել էր հետագայում։ Բանավեճն այս տարեթվի ճիշտ ու սխալ լինելու մասին էր։
«Ինձ հաջողվեց հենց հայկական աղբյուրների շնորհիվ ապացուցել, որ այդ թվականն իրականում ճիշտ է։ Եվ պատկերացրեք, որ այն լայնորեն ընդունվեց ռումինացի պատմաբանների կողմից։ Հոդվածը ռումինական հայտնի գիտական ամսագրում է հրապարակվել։ Այդ թիվը հիմա նաեւ իրենց կողմից է օգտագործվում։ Ինչո՞վ է սա կարեւոր. հայկական եկեղեցին ամենահին վկայությունն է Յաշ քաղաքի մասին»,- նշում է քաղաքական գիտությունների դոկտորը։
Յաշի մարզի վերաբերյալ աշխատությունում Ստրունգա գյուղն ընդամենը մի գլուխ պետք է զբաղեցներ, բայց հայկական աղբյուրների նյութը մեծաքանակ էր, եւ հետագայում այն դառնալու էր առանձին պատմություն։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Ռումինիայում լույս տեսնող հայկական պարբերականներում հայկական որբանոցի մասին շատ հոդվածներ են գրվել։
«Ռումինիայում եղել են երեք տասնյակ հայկական պարբերականներ, որոնց առնվազն կեսը անգամ հայտնի չէ Հայաստանում։ Պատկերացրեք իմ ուրախությունը, երբ թերթերը կարողացա գտնել հենց Ռումինիայում։ Հասկացա, որ խոսքը հսկայական նյութի մասին է, ու անհրաժեշտ է առանձին աշխատություն հրատարակել Ստրունգայի որբանոցի վերաբերյալ»,- նկատում է հեղինակը։
Հայ հանրությանը հայտնի քիչ թերթերից մեկը ռումիներեն լույս տեսնող «Արարատ» պարբերականն էր, որի հիմնադրումն էլ կապված է որբանոցի հետ։ Քանի որ Ռումինիայում հայերենը հասկանալու խնդիր կար, իսկ համայնքային իրադարձությունները պետք է լուսաբանվեին, պարբերականը ռումիներեն էր հրատարակվում։ Հայկական որբանոցի մասին բազմաթիվ նյութեր են հրապարակվել «Նոր Արշալույս» թերթում, որը շաբաթական երկու անգամ էր լույս տեսնում, նաեւ՝ «Երկիր» շաբաթաթերթում։
Արսենն ուսումնասիրել է 1922-1923 թթ. մինչեւ 1940-ական թթ. մամուլը՝ հույս ունենալով, որ արժեքավոր նյութեր կգտնի։ «Սա պատմություն չէ միայն որբանոցի մասին, տեղի ունեցող իրադարձությունները, կարծես, ազգի ինքնաճանաչողության աղբյուր էին ինձ համար։ Վստահ եմ՝ դա կզգա նաեւ ընթերցողը»,- նշում է Արսեն Արզումանյանը։
«Ռումինիայի Ստրունգա գյուղը՝ երիզված սաղարթախիտ անտառներով եւ մաքրամաքուր աղբյուրներով, ռումինահայ համայնքում խոր հուզական ապրումներ է արթնացնում»,- այսպես է պատմությունն սկսում հեղինակը՝ ընթերցողին միանգամից տեղափոխելով ռումինական այն փոքր գյուղը, որտեղ ապաստան են տվել 200 հայ երեխաների։ «Ջարդերի ժամանակ նրանք կա՛մ կորցրել էին իրենց ծնողներին, կա՛մ խզվել էր նրանց կապը ծնողների հետ։ Որոշ դեպքերում էլ, անելանելի դրության մեջ գտնվելով, հենց ծնողները կամ հարազատներին էին երեխաներին հանձնել որբանոցի խնամքին»,- ասվում է գրքում։
«Ռումինիայի հայ համայնքի համար էլ աննախադեպ մի իրադարձություն էր,- պատմում է հեղինակը,- խոսքը ոչ թե 200 որբերին տարրական կենցաղային պայմաններով ապահովելու մասին էր, այլ նրանց՝ որպես սեփական զավակներին, վերաբերվելու։ Որբանոցում գործում էր դպրոց, գորգագործության, կոշկակարության, դերձակության արհեստանոցներ կային, այսինքն՝ նպատակն էր հասարակությանը տալ կրթված երիտասարդներ, որոնք առնվազն կարող էին հոգալ իրենց տարրական կարիքները, իսկ սա շատ կարեւոր էր, անգամ երբ որդեգրում էին։ Նպատակը հենց սկզբից երեխաների որդեգրումն էր, եւ ստորագրությամբ պարտավորվում էին վերաբերվել որպես սեփական զավակների»։
Գրքում առանձին գլխով ներկայացվում է որբանոցի լուծարման պատմությունը, թե ինչ ջանքեր են գործադրվել 200 երեխաների հարազատներին գտնելու կամ խնամատար ընտանիքներ հանձնելու մասին։ Վերջում էլ հրապարակվել է որբերի ալբոմը, որը ներկայացնում է երեխաների անուն-ազգանունը, տարիքն ու ծննդավայրը։
2023 թ․ որբանոցի հիմնադրման հարյուրամյակի առիթով վարդագույն տուֆից հուշակոթող է տեղադրվել Ստրունգայի կենտրոնական մայրուղու հարեւանությամբ՝ համայնքի տեղական խորհրդի ու գրադարանի շենքի դիմաց։ Քանդակագործը Բոգդան Հովհաննիսյանն է։ Գրքում քանդակագործը պատմել է, թե ինչպես է անակնկալի եկել հուշակոթողի վրա աշխատելիս․ մեծ վարդագույն քարակտորի որոշ հատվածների ներսում սեւ տուֆ է եղել։ «Ինձ համար առավել քան խորհրդանշական էր, որ հենց հայկական որբանոցին նվիրված աշխատանքի ընթացքում պետք է բնության այդ հրաշքը կատարվեր։ Վարդագույն տուֆի միջից դուրս եկած սեւ տուֆը կարծես խորհրդանշում էր, ի դեմս որբանոցի, այն վերքը, որն ունեցավ հայ ժողովուրդը»,- ասել է քանդակագործը։
Լուսանկարները՝ Արսեն Արզումանյանի ֆեյսբուքյան էջից
ՀԳ. Գիրքը կարող եք ձեռք բերել երեւանյան գրախանութներից։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել