«Երևան-Բաքու խաղաղության համաձայնագիրն անհրաժեշտ է կնքել մինչեւ COP 29-ը». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Օլիվիե Դեկոտինյի․ «Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ հայերի վերադարձը Արցախ»
Պարոն դեսպան, տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպում են միայն ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ բրյուսելյան բանակցային ձևաչափը ձախողվել է։ Ինչո՞ւ։
Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ քննարկում է տեղի ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որը կազմակերպվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի նախաձեռնությամբ: Դա չի նշանակում, որ ԵՄ միջնորդությունը դադարել է: ԵՄ-ն դեռևս իր ծառայություններն է առաջարկում երկու կողմերին: Իմ տեղեկությամբ՝ Հայաստանը չի մերժել ԵՄ առաջարկը: Եվ, իհարկե, եթե հայացք նետենք բանակցություններին և դրանց արդյունքներին, ամենակարևոր և արդյունավետ քայլերն իրականացվել են ԵՄ միջնորդության շնորհիվ, հատկապես, երբ կողմերը հանդիպեցին Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին՝ ԵՄ-ի և նախագահ Մակրոնի հետ միասին, որտեղ կողմերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որն առանցքային է արդար և կայուն խաղաղության հաստատման համար:
Ադրբեջանը շարունակաբար նոր նախապայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և թշնամանք է դրսևորում արևմտյան միջնորդների նկատմամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։
Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտությունը հրատապ է: Անընդհատ հայտարարվել է, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի կողմից, որ համաձայնագրի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Հայաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել ստորագրել այն, ինչը արդեն համաձայնեցված է՝ որպես համաձայնագրի հիմք, հետագայում քննարկումներ կարող են տեղի ունենալ չլուծված հարցերի շուրջ: Ադրբեջանն ունի հատուկ պատասխանատվություն, հատկապես, որ իբրեւ COP 29-ի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը-խմբ.) կազմակերպիչ իր վրա է սեւեռում միջազգային ուշադրությունը, ինչը նրանց համար հատուկ միջազգային պարտավորություններ է առաջացնում։ Այս փուլում նրանց հիմնական պատասխանատվությունն է՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։
Ի՞նչ տեղի կունենա, եթե նրանք հետաձգեն դա և հրաժարվեն համաձայնագիրը ստորագրել մինչեւ COP 29-ը։
Այդ հարցը պետք է ուղղել Ադրբեջանին: Մեր դիրքորոշումը հստակ է. խաղաղության համաձայնագրի պայմաններն առկա են, և այն պետք է կնքվի հնարավորինս շուտ: Դա նշանակում է՝ COP 29-ից առաջ։
Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե Հայաստանը կրակ է բացել իր դիրքերի ուղղությամբ, չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է, որ սահմանային լարվածության մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում։ ԵՄ-ն նախատեսու՞մ է ընդլայնել այս առաքելությունը։
Ես շատ զարմացած եմ Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի կողմից Եվրոպական առաքելության նկատմամբ քննադատությունից: Բավականին ուշագրավ է, որ մենք նույն բառերն ենք լսում ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Ադրբեջանից, կարելի է ենթադրել, թե դա ռուսերենից է թարգմանված ադրբեջաներեն, կամ ադրբեջաներենից՝ ռուսերեն: Բայց եթե դիտարկենք փաստերը, Եվրոպական առաքելությունը նպաստել է շփման գծում ռազմական միջադեպերի քանակի նվազմանը: Ես խոսում եմ իրական միջադեպերի մասին, ոչ թե կեղծ լուրերի: Շփման գծի մոտ գտնվող հայկական գյուղերի բնակիչները, որոնք ենթարկվում են կրակոցների վտանգին և անգամ հակամարտության վերսկսման վտանգին, ողջունում են առաքելության ներկայությունը: Ես միացել եմ ԵՄ առաքելության պարեկներին և հանդիպել տեղացիներին: Նրանց համար Եվրոպական առաքելությունը ապահովության նշան է և վկայում է, որ աշխարհը նրանց չի մոռացել: Ահա թե ինչու Ֆրանսիան, իր ԵՄ գործընկերների հետ միասին, պնդեց առաքելության ընդլայնման վրա, ինչն արդեն տեղի է ունենում։ Առաքելության անձնակազմը գրեթե կրկնապատկվում է, և դրա հնարավորությունները մեծացվում են: Դա եղել է տարածաշրջանում կայունության ապահովման ամենակարևոր ներդրումներից մեկը:
Քանի՞ հոգի է ընդգրկվելու առաքելության մեջ ընդհանուր առմամբ։
Ծրագրվում է մոտավորապես կրկնապատկել առաքելության ներկայությունը, ինչը նշանակում է մի քանի հարյուր մարդ: Նրանք չափազանց արդյունավետ են: Եթե հայացք գցենք վերջին տարիներին, google-ով «զինված» մի քանի տասնյակ եվրոպացի դիտորդներ՝ նրանք քաղաքացիական անձինք են, զինված չեն, այս տարածաշրջանի կայունության համար ավելին են արել, քան Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբը:
Դա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն չի հեռացնելու իր առաքելությունը սահմանից Բաքվի և Մոսկվայի պահանջով։
Առաքելության մանդատը որոշվում է Բրյուսելում:
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ձեր ելույթում նշեցիք, որ Ֆրանսիան չի զիջի Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, որը ճանաչել է Արդարադատության միջազգային դատարանը: Արդյո՞ք Երևանի և Փարիզի օրակարգերը համընկնում են այս հարցում: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը:
Ավելի քան 100,000 փախստական է բռնագաղթել Հայաստան. Լեռնային Ղարաբաղի հայկական գրեթե ամբողջ բնակչությունը ստիպված էր փախչել: Ես ասում եմ՝ «ստիպված», քանի որ դա կամավոր որոշում չէր: Իննամսյա շրջափակումից և դաժան ռազմական հարձակումից հետո դա չէր կարող կամավոր որոշում լինել: Հատկապես կարևոր է, որ հոկտեմբերի 5-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ընդունած բանաձեւում ընդգծվեց, որ այդ մարդիկ ստիպված էին հեռանալ: Առաջին բանը, որ մենք արեցինք, և մենք առաջին արձագանքող պետությունն էինք, այն էր, որ օգնեցինք այդ մարդկանց և Հայաստանին՝ նրանց ընդունելու:
2023-ին Ֆրանսիան առաջին դոնորն էր հումանիտար աջակցության տեսանկյունից` Լեռնային Ղարաբաղի փախստականներին և նրանց ընդունող հայկական համայնքներին: Սա խոցելի բնակչություն է, և նրանք դեռևս աջակցության կարիք ունեն: Դա չի նշանակում, որ մենք կզիջենք նրանց վերադարձի իրավունքը: Որովհետև նրանց վերադարձի իրավունքը կարծիք չէ: Դա պարտավորություն է. Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը պարտադիր է ՄԱԿ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Իհարկե, մենք գիտենք, և փախստականներն իրենք էլ գիտեն, որ այժմ վերադարձի պայմաններ չկան: Կա՞ տարբերություն Հայաստանի կառավարության հետ: Կարծում եմ՝ ոչ: Նախ` մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին՝ ընդունելու և ինտեգրելու այս փախստականներին: Երկրորդ` հենց Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ է իրականացվել Արդարադատության միջազգային դատարանի որոշման գործընթացը:
Փաստորեն, Դուք այս հարցն առկախում եք, մինչև դրա լուծումը հնարավոր դառնա:
Այո, մենք այն առկախում ենք և աշխատում ենք այն հնարավոր դարձնելու ուղղությամբ:
Պաշտոնական տվյալներով, արդեն շուրջ 9,000 արցախցի լքել է Հայաստանը: Ինչպե՞ս են միջազգային դոնորներն ապահովում, որ աջակցությունը արցախցիներին նպատակային լինի: Համագործակցություն կա՞ դոնորների, Հայաստանի կառավարության և արցախցիների միջև:
Սա հիմնական հարցն է: Արտակարգ փուլն ավարտվել է: Այն փուլը, երբ մարդիկ մեքենաներով և բեռնատարներով գալիս էին Գորիս, երբ մարդկանց հսկայական հոսք կար, որոնք տրավմայի էին ենթարկվել, որոնք չէին կարողացել բերել իրենց ունեցվածքը, այս փուլն ավարտված է: Այժմ պետք է տնտեսական և սոցիալական պայմաններ ու ծառայություններ ապահովել, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի փախստականներին բնակվել և ապրել Հայաստանում: Նրանցից ոմանք հեռացել են: Նրանցից շատերը մեկնել են Ռուսաստան: Դա տրամաբանական է, քանի որ այնտեղ ընտանիք ունեն: Լեռնային Ղարաբաղից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի երկար պատմություն կա: Սակայն ես համոզված չեմ, որ նրանք հեշտ սրտով են մեկնում Ռուսաստան՝ հաշվի առնելով, որ ռուսական ռազմական ստորաբաժանումները կատարելապես լքեցին նրանց անցյալ տարվա սեպտեմբերին: Ընթացիկ փուլում, Հայաստանի կառավարության և միջազգային դոնորների հետ քննարկումներում մենք փորձում ենք նպատակային ծրագրեր իրականացնել՝ աջակցելու փախստականների ապրուստին, կրթությանը և նրանց ինտեգրմանը հայաստանյան աշխատաշուկայում:
Ամենամեծ դժգոհությունները վերաբերում են բնակարանային ծրագրերին: Արդյոք դա քննարկվում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Այո, դա քննարկվում է անմիջականորեն Հայաստանի կառավարության հետ: Քննարկվում է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության միջոցով, որը բավականին ակտիվ է բնակարանային ոլորտում, և ֆրանսիական ՀԿ-ների հետ: Օրինակ, կան գյուղեր, որտեղ տներ են վերանորոգվել Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից և առաջարկվել Լեռնային Ղարաբաղի փախստականներին: Եվ իհարկե, Ֆրանսիան ունի ձայն միջազգային ֆինանսական հաստատություններում, ինչպես՝ Համաշխարհային բանկում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում և նույնիսկ Ասիական զարգացման բանկում: Մենք քաջալերում ենք, որ այդ հաստատությունները աջակցեն Հայաստանին և, մասնավորապես, բնակարանային ծրագրերին Հայաստանում:
Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ անդամ է: Ի՞նչ առաջընթաց կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցում՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Արցախում:
Հայկական ժառանգության ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում՝ լինեն կրոնական վայրեր, գերեզմաններ, քաղաքացիական շենքեր, սովորական տներ կամ նույնիսկ ամբողջական թաղամասեր, մեզ համար մեծ մտահոգություն է: Ֆրանսիայի մշակույթի նախարարն այդ հարցում շատ հստակ արտահայտվեց, երբ անցյալ տարի այցելեց Երևան: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամներն էլ հստակ արտահայտվել են այս հարցում 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրենց հայտարարության մեջ Հայաստանի վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է մուտք ունենա Լեռնային Ղարաբաղ:
Հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության շրջանակում պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր են ստորագրվել: Համագործակցության ընդլայնման ի՞նչ հնարավորություններ կան: Արդյո՞ք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին խոչընդոտ է ավելի խորը ռազմական համագործակցության համար:
Մենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որը Հայաստանի կառավարությունը բնութագրում է որպես «սառեցված անդամակցություն», չենք դիտարկում որպես խոչընդոտ Հայաստանին անհրաժեշտ ռազմական տեխնիկա տրամադրելու համար, որը կօգնի պաշտպանել իր ժողովրդին, տարածքը և ինքնիշխանությունը: Մենք դա ասացինք և արեցինք: Մենք հստակ ասացինք այդ մասին մեր գործընկերներին, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին: Այսպիսով, մեզ համար որևէ տաբու չկա: Մենք ուրախ ենք, որ այլ երկրներ, ինչպիսին է Հնդկաստանը, ևս ռազմական համագործակցություն են սկսել Հայաստանի հետ: Եվ հույս ունենք, որ ավելի շատ երկրներ կմիանան:
Ամբողջ պատվերն արդեն մատակարարվե՞լ է:
Ես չեմ մեկնաբանի մատակարարումների մասին հարցը: Բայց մեր համագործակցությունը միանգամյա չէ: Միայն մեկ պատվեր չի եղել: Կան նոր պատվերներ, ներառյալ անցյալ տարվանը՝ CAESAR համակարգի համար: Խոսքն այն մասին չէ, որ համաձայնագիր ստորագրենք, մատակարարենք և հետո մոռանանք Հայաստանի մասին: Խոսքը հայկական բանակի հետ կողք կողքի քայլելու մասին է՝ նրա արդիականացման գործընթացում: Ռազմական տեխնիկան դրա միայն մի մասն է: Ուսուցումը և ռազմական դոկտրինը նույնպես չափազանց կարևոր են: Մենք ուսուցանում ենք հայ զինվորներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, և խորհրդատվություն ենք տրամադրում ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Հայաստանը ԵՄ-ին միանալու հեռանկար ունի՞:
Նախ, դա Հայաստանի որոշումն է՝ թեկնածու լինել կամ ոչ, և դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Որպես մեկը, ով ապրում է Հայաստանում և հանդիպում է հայերի տարբեր շերտերի հետ, տեսնում եմ, որ հայերը ձգտում են դեպի Եվրոպա: Մշակութային առումով, իրավունքի գերակայության և հայկական ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից հայ հասարակության շրջանում մեծ ձգտում կա դեպի Եվրոպա: Իսկ Հայաստանն արդեն Եվրոպական քաղաքական համայնքի անդամ է: Սա նախագահ Մակրոնի նախաձեռնությունն է՝ հավաքել ոչ միայն ԵՄ անդամներին, այլև Եվրոպայի այն երկրներին, որոնք անդամ չեն, որպեսզի փորձեն լուծել ընդհանուր խնդիրները, որոնք առնչվում են ոչ միայն Եվրամիությանը, այլև ամբողջ եվրոպական մայրցամաքին: Պետք է նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ամենամեծ առաջընթացը հենց այդ շրջանակներում է արձանագրվել:
Բայց Հայաստանին սպասո՞ւմ են ԵՄ-ում:
Դա այդքան ռոմանտիկ չէ: Դա քաղաքական գործընթաց է և տեխնիկական երկխոսություն: ԵՄ-ն բաց է Հայաստանի համար, և դրա լավագույն օրինակը վերջերս կայացված որոշումն է՝ Ֆրանսիայի աջակցությամբ, առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ բանակցություններ սկսել Հայաստանի հետ:
Պարոն դեսպան, «Հետքը» ամեն օր բողոքներ է ստանում ՀՀ քաղաքացիներից շենգենյան վիզա ստանալու դժվարությունների մասին: Մարդիկ հաճախ ստիպված են լինում անցնել նվաստացուցիչ ճանապարհով՝ միջնորդ տուրիստական գործակալություններին վճարելով փաստաթղթերի ներկայացման հանդիպում ամրագրելու համար։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ԵՄ երկրների դեսպանատների, ի մասնավորի՝ Ձեր դեսպանատան կողմից այս հարցը լուծելու համար, մինչև վիզայի ազատականացումը իրականություն դառնա:
Վիզայի համար հանդիպումներն անվճար են, և միայն դեսպանատները կարող են նշանակել այդ հանդիպումները: Եթե որևէ կազմակերպություն ասում է, որ հանդիպում կկազմակերպի ձեզ համար, նրանք խաբում են ձեզ, և եթե գումար են պահանջում դրա համար, ապա ձեզ թալանում են: Այս մարդիկ հանցագործներ են, ստախոսներ ու գողեր: Ես խստորեն հորդորում եմ ձեր ընթերցողներին՝ բացահայտել նրանց, տվեք մեզ այդ ընկերությունների անունները, և մենք կհետաքննենք: Հայաստանում եվրոպական բազմաթիվ հյուպատոսություններ իսկապես ծանրաբեռնված են: Պատճառն այն է, որ ավելի մեծ թվով մարդիկ են ցանկանում այցելել Եվրոպա: Ճամփորդական ծրագրերը հետաձգվել էին Կովիդի ժամանակ, և հիմա մարդիկ փորձում են լրացնել բաց թողածը: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա հիմա ավելի շատ տարբերակներ ունեք Ֆրանսիա մեկնելու համար՝ ներառյալ ուղիղ չվերթեր դեպի Մարսել, Փարիզ և Լիոն, ինչպես նաև Air France-ի ավանդական չվերթը դեպի Փարիզ: Եվ մեր հարաբերությունները Հայաստանի հետ ամրապնդվում են: Դա նշանակում է, որ բազմաթիվ մարդիկ ճանապարհորդում են բիզնեսի, ռազմական, մշակութային նպատակներով, որպեսզի հանդիպեն Ֆրանսիայում քույր քաղաքների կամ տարածաշրջանների ներկայացուցիչներին: Այդ պատճառով մենք հզորացնում ենք մեր վիզայի բաժինը: Եվ հենց այդ պատճառով ենք այժմ սկսում պատվիրակել վիզայի դիմումի առաջին քայլերը՝ ոչ թե վիզայի որոշումը, այլ դիմումի առաջին քայլերը՝ մատնահետքերը և այցի փաստաթղթերի հանձնումը, համապատասխան կազմակերպությանը:
Այս տարի նախատեսվա՞ծ է նախագահ Մակրոնի այցը Հայաստան:
Նախագահը հրավեր է ստացել վարչապետի կողմից: Ինչպես գիտեք, վերջին ամիսները բավականին բարդ էին Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում: Այժմ ձևավորված է կառավարություն, որը ներառում է մի շարք քաղաքական գործիչների, ովքեր երկար տարիներ Հայաստանի ընկերներն են եղել, ներառյալ մեր վարչապետը, որը 1995 թվականին, երբ Եվրոպայի հարցերով կրտսեր նախարար էր, բացել է այս դեսպանատունը։ Մեր առաջնորդները մշտական կապի մեջ են: Հոկտեմբերի 3-ին վարչապետ Փաշինյանը եղել է Փարիզում։ Նա մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին եւ ճաշել է նախագահ Մակրոնի հետ: Գագաթնաժողովին քաղաքում գտնվող տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներից մեր նախագահը նախընտրեց ճաշել Հայաստանի վարչապետի հետ: Սա ցույց է տալիս Հայաստանի կարևորությունը մեզ համար։
Շատ շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն դեսպան։
Շատ շնորհակալ եմ։
Լուսանկարները՝ Անժելա Աղամյանի
Մեկնաբանել