
Ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հովհաննես Ավետիսյանը և ևս 8 անձ
9 անձ է ձերբակալել ապօրինի զենք պահելու կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ձերբակալվածների թվում է նաև պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Վերջինիս պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա հայտնում է, որ մոտակա ժամերին նախատեսվում են քննչական որոշ գործողություններ, որոնց մասնակցելուց հետո լրացուցիչ տեղեկություններ կասի։
Ձերբակալվածներից Հայկ Նիկողոսյանի ու Աղվան Արշակյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրանց ձերբակալումը տեղի է ունեցել երեկ գիշեր, մնացածինը՝ այսօր։ Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ «ոստիկանները, «օպերատիվ տվյալներ» կեղծելով, իբր ապօրինի զենք պահելու կասկածով գիշերը բերման են ենթարկել 4ակտիվիստի, որոնցից երկուսը՝ Հայկ Նիկողոսյանն ու Աղվան Արշակյանը, ձերբակալվել են։
«Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ (սկզբից փնտրվում էր զենք)՝ Քննչականը որոշել է ձերբակալված պահել Հայկ Նիկողոսյանին ու Աղվան Արշակյանին։
Ըստ փաստաբանի՝ մինչ այս պահը պատասխանատվության մեծ բաժինը Ոստիկանությանն էր` օպերատիվ տվյալների կեղծման համար, այժմ քաղաքական հետապնդումը շարունակվում է նաև Քննչական կոմիտեի ջանքերով։ Հովհաննես Խուդոյանը նշել է, որ ձերբակալումների դեմ բողոք են ներկայացրել, վաղը ներկայացվելու է հաղորդում պաշտոնատար անձանց գործողությունների դեմ։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նաև ավտոմեքենայից հայտնաբերված թռուցիկը։
Հովհաննես Խուդոյանը հայտնեց նաև մյուս ձերբակալվածների անունները՝ Վիգեն Ազատյան, Արա Մկրտչյան, Նիկոլայ Քոչարյան, Մուշեղ Նավասարդյան, Միքայել Օհանյան, Արտեմ Խառատյան։
Ուղղում. Հրապարակման մեջ անճշտություն էր տեղ գտել։ Գրել էինք, որ թռուցիկը հայտնաբերվել է Հովհաննես Ավետիսյանի մեքենայում, սակայն այն հայտնաբերվել է Հայկ Նիկողոսյանի մեքենայում։
Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Ավետիսյանը
Մեկնաբանել