
Սոցցանցերում կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ գովազդ է տարվում. ԱՀԿ-ն հետազոտություն է իրականացրել
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգին վերաբերող մտահոգիչ միտում է նկատվել։ Սա պարզել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս իրականացրած հետազոտության արդյունքում։
Հայաստանում հղի կանանց եւ մայրերի շրջանում կծքի կաթի փոխարինիչների եւ նորածինների ու վաղ տարիքի երեխաների համար սննդի թվային մարքեթինգի հետազոտությունը նախաձեռնել են ԱՀԿ-ն ու ՀՀ առողջապահության նախարարությունը, իրականացրել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն։ Նպատակն է եղել հասկանալ, թե ինչպես են սոցմեդիան եւ թվային հարթակներն օգտագործվում՝ կաթի փոխարինիչները խթանելու համար։
Միեւնույն ժամանակ նշվում է, որ հետազոտությունը նպատակ չունի վերացնել կրծքի կաթի փոխարինիչները՝ որպես կանանց եւ ընտանիքներին հասանելի արտադրանք, այլ ուղղված է մարքեթինգի կիրառման եւ սահմանված ուղեցույցների ու կանոնակարգերի միջեւ համապատասխանության ապահովմանը։
«Հետքն» ԱՀԿ հայաստանյան գրասենյակից հետաքրքրվել էր, թե ինչով է պայմանավորված հետազոտության թեմայի ընտրությունը։
«ԱՀԿ-ն մշակել է Կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգի միջազգային կանոնակարգ, որի նպատակն է դադարեցնել կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ եւ ոչ պատշաճ մարքեթինգը: 1981 թ․ Առողջապահության համաշխարհային ասամբլեայի (ԱՀԿ) 34-րդ նստաշրջանի ընթացքում այդ Կանոնակարգն ընդունվեց որպես նվազագույն պահանջ՝ պաշտպանելու եւ խթանելու նորածինների եւ փոքր երեխաների պատշաճ կերակրումը»,- հայտնել են գրասենյակից՝ հավելելով, որ այս հետազոտությունն ԱՀԿ անդամ պետությունների հետ համագործակցելու ավելի ընդգրկուն նախաձեռնության մի մասն է։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է 68 հղիների եւ մայրերի մասնակցությամբ։ Մշտադիտարկումը տեւել է 22 օր։ Մասնակիցները սոցցանցերի միջոցով այդ ժամանակահատվածում ստացել են 300 գովազդ, որոնցից 238-ն ուղղակիորեն առնչվել են կրծքի կաթի փոխարինիչներին եւ հավելյալ սննդին։ Դրանցից 65-ն այն խանութների կայքերի մասին էին, որոնք ցուցադրել կամ գովազդել են մանկական սնունդ եւ հարակից ապրանքներ։
Ըստ հաղորդագրության՝ գովազդների ճնշող ծավալն ու ազգային կանոնակարգին չհետեւելը մտահոգություն է առաջացնում Հայաստանում նորածինների սննդի մարքեթինգի պրակտիկայի վերաբերյալ. դրանք հակասում են նաեւ ԱՀԿ-ի եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ նորածինների ու վաղ տարիքի երեխաների սնուցման ռազմավարություններին։ Ընդ որում՝ ԱՀԿ-ն վստահություն է հայտնել, որ գովազդի նման ծավալն ու բովանդակությունը բացասաբար է անդրադառնալու երեխաներին ճիշտ կերակրելու՝ մայրերի կողմից տեղեկացված որոշումներ կայացնելու վրա։
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտայի խոսքով՝ երեխայի կյանքի առաջին երկու տարիներին պատշաճ սնուցումն առանցքային է՝ հիվանդությունների ռիսկի նվազեցման եւ երեխայի զարգացումը խթանելու համար:
«Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները կներկայացնեն թվային միջավայրում խախտումները, դրանց առանձնահատկությունները` օգնելով մեզ ավելի նպատակաուղղված եւ թիրախային դարձնել մեր քաղաքականությունը՝ հարկ եղած դեպքում վերանայելով նաեւ ոլորտային օրենսդրությունը», - իր հերթին նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։
«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ ԱՀԿ հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ հետազոտությունն իրականացվել է Facebook, YouTube, Instagram եւ TikTok սոցցանցերում:
Ըստ գրասենյակի՝ հետազոտության տվյալների հիման վրա կարելի է ուրվագծել հետեւյալ քայլերը՝ որպես աշխատանքի հետագա ուղղություններ.
• Խրախուսել քննարկումներ․ խրախուսել բազմակողմ քննարկումներ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների եւ թվային մարքեթինգի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խթանելու համար:
• Ամրապնդել իրավական կարգավորումները. ամրապնդել «Կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը եւ կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգին վերաբերող իրավական կարգավորումները:
• Խրախուսել տեղեկացված որոշումների կայացումը. բարձրացնել իրազեկվածության մակարդակը եւ ներդրումներ կատարել՝ ուղղված բոլոր հանգամանքներում բարենպաստ միջավայրի ստեղծմանը մայրերի, ընտանիքների եւ այլ խնամակալների կողմից նորածինների եւ վաղ հասակի երեխաների սնուցման օպտիմալ տարբերակի մասին տեղեկացված ընտրություն կատարելու համար։
Մեկնաբանել