
Երևանն ու Բաքուն հասել են խաղաղության պայմանագրի շուրջ լուրջ առաջընթացի. Բայրամով
Երևանն ու Բաքուն լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Այդուհանդերձ, նա նշել է, որ «պայմանագրի կնքման գլխավոր խոչընդոտը Հայաստանի Սահմանադրության դրույթներն են»։
«Նա (Բայրամով՝ խմբ.) հայտնել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, որոնք նախաձեռնվել են ադրբեջանական կողմից, ձեռք է բերվել լուրջ առաջընթաց, աշխատանքներ են տարվում փաստաթղթի նախագծի համաձայնեցման ուղղությամբ, սակայն Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները հիմնական խոչընդոտն են»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ Երևանին և Բաքվին մնացել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկ-երկու ձևակերպում: Նրա խոսքով՝ առաջիկայում կողմերը կարող են հասնել վերջնական համաձայնության, որից հետո փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման:
Միրզոյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ Երևանն ու Մոսկվան արտաքին քաղաքական հարցերի շուրջ ունեն որոշակի տարաձայնություններ, սակայն կապված են տնտեսական ամուր կապերով: Նրա խոսքով՝ դա վերաբերում է մեկ-երկու հարթակներին, օրինակ՝ ՀԱՊԿ-ին։ Միրզոյանը հավելել էր, որ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության մասով երկրների մոտ ամեն ինչ կարգավորված է։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել